Հանրային հեռուստաընկերությունը կունենա նոր ալիք, որը կհեռարձակի բացառապես լրատվություն՝ շուրջօրյա ռեժիմով։
Հունիսի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփեց հանրային մուլտիպլեքսում մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթի վերջին փուլը։ Ըստ այդ մրցույթի՝ թափուր մեկ տեղ էր մնացել մայրաքաղաքային հեռարձակողների մրցույթում։
ՀՌՀ-ում տեղի ունեցավ վարկանիշային քվերակություն, որի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացավ 646 միավոր, Հ2-ը՝ 635 միավոր, իսկ «Փաստինֆո»-ն՝ 595 միավոր։
Իսկ մինչ այդ, ապրիլի 15-ին, կառավարությունը որոշել էր պահուստային ֆոնդից Հանրային հեռարձակողի խորհրդին տրամադրել 427.4 մլն դրամ՝ Հանրային հեռուստաընկերության ներկայիս լրատվական ծառայության հիմքի վրա նոր լրատվական հեռուստաալիք ստեղծելու համար:
Այսինքն, գումար տրամադրելու որոշումն եղել էր ավելի վաղ, քան ալիքը հեռարձակման արտոնագիր էր ստացել։
Նպատակը ձևակերպված է որպես օպերատիվ ու անաչառ լրատվության մատուցում։ Ավելի մանրամասն նոր ալիքի մասին դեռ անցյալ տարի նոյեմբերին խոսել էր Հանրայինի գործադիր տնօրենը՝ վստահեցնելով, որ նորաստեղծ ալիքում պրոպագանդա չի լինի։
Լրատվական նոր ալիքն իր աշխատանքները կսկսի հունիսի 9-ից, արտահերթ խորհրդարանական ընտրություններին պաշտոնական քարոզարշավի ընթացքում։
«Առաջինի լրատվական ալիքը քաղաքական ու հասարակական բոլոր գործիչներին պատրաստ է հարթակ տրամադրել՝ ապահովելով առավելագույն բազմակարծություն»,- հայտարարել է Հանրայինի գործադիր տնօրենը։
Լրատվական հանրային ալիքի տարբերանշանը կարմիր ֆոնի վրա սպիտակ 1-ն է։
Այս մրցույթում պարտված «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը (Հ2-ը) դատարանում շարունակում է վիճարկել նախորդ՝ 2021-ի հունվարի 15-ին ամփոփված լիցենզավորման հանրապետական սփռման սլոթի մրցույթի արդյունքները։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: