Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացրել է իր տարեկան հաշվետվությունը։ Ինչպես ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը դա ավելի շատ հանրային քննարկման փաստաթուղթ է, որը կօգնի տեսնել մեդիա դաշտի խնդիրները։
Մամուլի ազատության վիճակն ուսումնասիրելով՝ ՀՌՀ-ն եզրակացրել է, որ իշխանությունները հիմնականում հավատարիմ են մնացել իրենց ստանձնած պարտականություններին ու հռչակած ժողովրդավարական սկզբունքին, այն է՝ մամուլի իրական ազատության ապահովումը, լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու պարտավորությունը։
Նաև ազատորեն շարունակվել է հեռարձակող ընկերությունների առք ու վաճառքը, ինչը ըստ Տիգրան Հակոբյանի՝ նախկինում հնարավոր չէր, քանի որ ոլորտը գտնվում էր իշխանությունների շատ կոշտ վերահսկողության տակ։
Բայց դրական ընդնահուր կարծիքը ՀՌՀ չի համարում բավարար պնդելու, որ անկախ, ազատ, բազմազան ու բազմակարշիք մեդիա դաշտն այլևս անշրջելի ձեռքբերում է
2020-ին ՀՌՀ-ը չի ստացել էական նշանակություն ունեցող բողոքներ, որոնք վկայում էին հեռարձակող մեդիայի խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտնելու, կարծիքներ արտահայտելու իրավունքի սահմանափակման կամ լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտման մասին։
Բողոքները հիմնականում եղել են եթերում դիմակ կրելու պարտադրանքի մասին, երբ լրագրողներն ու հաղորդավարները տաղավարներում դիմակ կրելը համարել էին անհիմն պահանջ։
Անցյալ տարի հատկապես մեդիային վերաբերող Պարետի որոշումները հաճախ ձևակերպված էին ոչ հստակ ու կամ անտրամաբանական էին։ Դրանք հաշվի չէին առնում լրագրողական աշխատանքի յուրահատկությունններն ու մի քանի անգամ խմբագրվել են լրագրողական կազմակերպությունների ճնշման արդյունքում։
Ըստ ՀՌՀ-ի՝ դա ստեղծում էր կոնֆլիկտային իրավիճակ, քանի որ պետության պահանջների կատարմանը հետևում էր ոստիկանությունը՝ պատիժներ սահմանելով տեսալսողական մեդիայի նկատմամբ առանց ոլորտի խնդիրները հասկանալու։
Անցյալ տարի հանրային մուլտիպլեքսում հեռարձակող հեռուստաընկերություններն իրենց եթերաժամանակի 60,304 րոպեն (ռադիոընկերությունները՝ 86,100 րոպե) անվճար տրամադրել են ցուցադրելու համար կառավարության ստեղծած սոցիալական հոլովակները՝ համավարակին դիմակայելու մասին։ Այսինքն, մեդիան պատրաստակամ էր համագործակցելու պետության հետ։ Եվ դա մեծ դեր խաղաց համավարակի դեմ պայքարի հանրային իրազեկման գործում։
Հավամավարակով ու պատերազմով պայմանավորված արտակարգ իրավիճակները հարվածել են ժողովրդավարությանը։
Բողոքների ու դժգոհությունների մեկ այլ առիթ էր պաշտոնական անձանց և պատգավորների խտրական և անհարգալից, երբեմն նաև՝ արհամարհական, սպառնալիքներով համեմված վերաբերմունքը լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ։
Ու թեև դա անթույլատրելի պահվածք է, բայց ՀՌՀ-ն եզրակացնում է, որ նման դրսևորումները չեն կրել համակարգված բնույթ։
«Լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը ավելի շատ վտանգել են համավարակն ու ղարաբաղյան պատերազմը, որովհետև լրատվամիջոցների եկամուտների կտրուկ նվազումը շատերին կախվածության մեջ է դրել տարբեր քաղաքական ուժերից ու ֆինանսական խմբավորումներից։ Ցավոք, այդ վտանգները չեն հաշվառվում ու չեն ներկայացվում»,- ասաց Տիգրան Հակոբյանը ԱԺ-ում։
Հեռարձակողների անկախությունը հաճախ պայմանավորում ենք իշխանությունների կամ պետության միջամտությամբ։ Եվ եթե պետությունը չի միջամտում, ուրեմն ամեն ինչ լավ է։ ՀՌՀ ներկայացնում է այն գործոնները, որոնք ունեցել են ու ունեն բացասական ազդեցություն Հայաստանի մեդիա դաշտի իրական ազատության ու անկախության վրա։ Դրանք են.
- սահմանափակ ռեսուրների (հանրային թվային մուլտիպլեքս, FM ռադիոհաճախականություններ) օգտագործման պետական հայեցակարգի բացակայություն,
- տեսալսողական ծառայություններ մատուցող ընկերությունների մրցակցային անհավասար պայմաններ,
- վերջին տարիներին գովազդի ծավալի կտրուկ անկում,
- տեսալսողական մեդիայի իրական սեփականատերերի բացահայտման հստակ մեխանիզմների բացակայություն,
- Տեղեկատվական նոր տեխնոլոգիաների պայթյունային զարգացում և այլ։
Զեկույցում ասվում է, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակող մի քանի տեսալսողական ծրագրերի բովանդակությունը լցվել է ատելության խոսքով, մանիպուլյատիվ հնարքներով, ապատեղակատվությամբ, վիրավորանքներով։
Հեռարձակողների անաչառությունը, անկախությունը էլ ավելի է սահմանափակվել որոշ հիմնադիրների, փայատերերի, տարատեսակ քաղաքական ուժերի ու անհատների ազդեցությամբ ու միջամտությամբ խմբագրական քաղաքականությանը։
«Հեռարձակողների տեսալսողական հաղորդումների քաղաքականությունը շարունակում է համընկնել նրանց սեփականատերերի հետաքրքրությունների հետ… Մի շարք վերգետնյա հեռարձակողներ շարունակեցին անտեսել հանրային շահը, քաղաքացիների իրավունքը՝ ստանալ անկողմնակալ և բազմազան տեղեկատվություն»,- եզրակացնում է ՀՌՀ-ը։
Անցյալ տարի Հանձնաժողովի ներկայացված տեղեկությունների ու մշտադիտարկման արդյունքների հիման վրա հարուցվել է 17 վարչական վարույթ՝ մեդիա ոլորտի պահանջները խախտելու հիմքով։ Արդյունքում՝ 3 ընկերություն ու 4 ցանցային օպերատոր տուգանվել են։ Կիրառվել է գրավոր նախազուշացում՝ խախտումները վերացնելու պահանջով, իսկ 2 ընկերության հեռարձակման լիցենզիաները ժամանակավորապես (30 օրով) կասեցվել են։ Հետաքրքիր է, որ 6 վարչական վարույթները դատարանը կարճել է։
2019-ի համեմատ 2020-ին աճել են ոչ թե ՀՌՀ նախաձեռնությամբ, այլ դիմումների համաձայն մեկնարկած վարույթները։
2020-ին մեկ ընկերություն նախազգուշացում է ստացել՝ հեղինակային և հարակից իրավունքները խախտելու համար, իսկ մեկ ցանցային օպերատոր տուգանվել է։ Մեկ տեսալսողական և մեկ լսողական ծառայություն մատուցող ընկերությունները տուգանվել են բռնի գործողություններ խրախուսող, գռեհկբանության ու հայհոյախոսություն պարունակող բովանդակության համար։
Արձանագրվել են նաև գովազդը կարգավորող դրույթների խախտումներ՝ վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի վերաբերյալ։ Մեկ ընկերություն տուգանվել է, իսկ մեկ ընկերություն նախազգուշացվել։
3 ցանցային օպերատորների նկատմամբ կիրառվել է տուգանք՝ ոչ սեփական ծրագրերն առանց թույլտվության վերահեռարձակման համար։
Տիգրան Հակոբյանը վստահ է, որ մեդիա ոլորտին անհրաժեշտ են բովանդակությունը կարգավորող մեխանիզմներ, որ հնարավոր լինի նվազեցնել ատելության խոսքը, մանիպուլյատիվ հնարքները, ապատեղեկատվությունը.
«Բովանդակության սահմանափակման որևէ ռեալ նորմ մենք չունենք, իսկ լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմները, որոնք հիմնված են էթիկական վարքակոնների վրա, ցավոք, այսօր չեն աշխատում»։
Մեդիայի մասին օրենքը պարտադրում է, որ հաղորդումների առնվազն 20%-ը լինի հանրօգուտ։ Այսինքն, ունենան մանկական, կրթական, մշակությաին և սպորտային ուղղվածոություն։ Եվ ըստ ՀՌՀ-ի վերջին մի քանի ամսիներին բոլոր հեռարձակող ընկերությունները կատարում են այդ պահանջը, թեև ոչ հավասար հարաբերակցությամբ։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: