2021.03.17,

Նյուսրում

Վիրավորանքի ու զրպարտության համար օրինագծով սահմանված բռնագանձումները կնվազեն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ին քննարկեց այն օրինագիծը, որը սահմանում էր վիրավորանքի ու զրպարտության համար փոխահատուցման բարձր գումար։

Այս օրինագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը առաջարկում էր փոփոխություններ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ վիրավորանքի համար սահմանելով մինչև 5 միլիոն դրամի փոխհատուցում (գործող 1 միլիոնի փոխարեն), զրպարտության համար` մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում (գործող 2 միլիոնի փոխարեն):   

Օրինագիծն արդեն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն եղան առարկություններ թե՛ կառավարության, թե՛ քաղաքացիական հասարակության կողմից։ Եվ, ի վերջո, ԱԺ լիագումար նիստի հաջորդ քննարկմանը օրինագիծը կներկայանա ավելի ցածր գումարային տարբերակով՝ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ, զրպարտության համար՝ մինչև 6 մլն դրամ։

Ընդհանրապես, տնտեսական գործիքով վիրավորանքի ու զրպարտության բարոյական վնասը չափելը բարդ է, եթե չկա անկախ և ճկուն դատական համակարգ, և դատարաններին առաջարկվում է փոխահատուցման (այլ կերպ ասած՝ բռնագանձումների) բարձր շեմ։

Ալեն Սիմոնյանը պնդեց, որ սա տուգանք չէ, այլ՝ փոխհատուցում։ Իսկ դատարանին հնարավորություն է տրվում գործել «ավելի մեծ ամպլիդուտով»։ 

«Ճիշտն ասած, ես ավելի խիստ էի տրամադրված, բայց ընդառաջեցի գործընկերներին ու եկա այն եզրակացության, որ ընտրվել է բավարար չափ, որ դատարանը կարողանա որոշում կայացնել»,- ասաց նա։

Փոխհատուցման չափը կարող է ոչ միայն զսպող մեխանիզմ լինել՝ պատնեշելով վիրավորելու ու զրպարտելու ցանկությունը (հիմնականում լրատվամիջոցների), այլև դիտվել որպես միջամտություն խոսքի ազատությանը։ Եվ այդպիսով դրդել հասարակությանը խուսափել քննարկել կամ քննադատել սուր ու ցավոտ հարցերը։ 

Այդ մասին լսումների ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ Կառավարությունը գումարային բարձր շեմին կողմ չէ, բայց Ալեն Սիմոնյանի առաջարկած փոփոխություններն ընդունվեցին։

Ընդ որում՝ Ալեն Սիմոնյանը գումարի բարձ լինելը պայհմանավորեց «ինֆյացիայով», բայց չմոռացավ կրկնել, որ «թավշյա վերաբերմունքը այլևս անընդունելի է»։

«Ճիշտ չէ խոսքի ազատությունը շփոթել լկտիության և վարձու զրպարտության հետ… Այն ԶԼՄ-ն, որը զբաղվում է լկտիությամբ կամ զրպարտությամբ, հանցագործ է», – օրինագծի հեղինակի այս խոսքերը լավ են հնչում, թեև չեն օգնում պատկերացնել, թե ինչպես են գործնականում դատարանները հաշվարկելու վիրավորանքին ու զրպարտությանը համարժեք գումարը և ինչպես է բացառվելու լկտիությունը թե՛ քաղաքական, թե՛ դատական օղակներում։ 

Եվ, ի վերջո, ինչպես է աշխատելու ժամանակի գործոնը, երբ օրինակ, մի օր համարվող զրպարտությունը մյուս օրը կարող է դառնալ փաստ ու փաստաթուղթ։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ պատրաստում է նաև ֆեյքերի մասին օրենք․ «Այն նախագիծը, որը ես բերելու եմ, վերաբերվում է կազմակերպված ֆաբրիկաներին և վերաբերվում է նաև բոլոր քաղաքացիներին»։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *