2020.12.22,

Նյուսրում

«Թվապատում 2020»-ը խրախուսեց որակյալ լրագրողական աշխատանքները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Թվապատում» լրագրողական մրցույթը ամփոփեց 2020 թվականը՝ մրցանակներ հանձնելով ազդեցիկ մեդիա նյութերի հեղինակներին։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իր հիմնած մրցանակների շարքը կազմել էր մինչ հայ-ադրբեջանական պատերազմը, այն սպասումով, որ լրագրողական որակյալ աշխատանքները կարող են խթանել Հայաստանում փոփոխությունների շղթան։

Պատերազմը դեռ չէր հասցրել փոխել շատերի կյանքը և որևէ կերպով չէր ներառվել մրցութային նյութերի մեջ։

Եվ հիմա, հետպատերազմյան այս ծանր վիճակում գտնվող Հայաստանի համար առավել կարևորվել են հենց լրագրողների ուժն ու մասնագիտական կարողությունները՝ լրացնելու համար թե՛ կենսական ինֆորմացիայի բացերը, թե՛ մարդկային պատմություններն ու խնդիրները լուսանցքից հանելու ու ներկայացնելու պահանջը։

Պետություն-մեդիա-քաղաքացի կապը տեսնելու ու դրա անխափան աշխատանքը ապահովելու համար էլ ստեղծվել է «Թվապատումը»։

«Թվապատում. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթի «Գործող անձ/ Homo Agendi» մրցանակը շնորհվում է միաժամանակ լրագրողական նյութի հեղինակին և հերոսին:

ՄՆԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն ասաց, որ հաջողված լրագրողական նյութի հերոսը միշտ լրագրողի համահեղինակն է․ նրանք միասին են կառուցում վերջնական մեդիա արտադրանքը։

Այս տարի գլխավոր մրցանակը ստացան Հանրային հեռուստատեսության «Մեր ժամանակների հերոսը.Լուսինե Բարաթյան» ռեպորտաժի հեղինակ Խանե Պողոսյանը և Լուսինե Բունիաթյանը, որը Դաունի համախտանիշ ունեցող իր որդի Ռաֆայելի հետ բացել է կիսապատրաստուկների արտադրություն՝ ի հեճուկս ճակատագրի, հասարակական անտարբերության և ընտանեկան ու ֆինանսական դժվարությունների։

Խանե Պողոսյանի խոսքով՝ իր համար կարևոր էր ցույց տալ ուժեղ մարդուն ու այն արտադրանքը, որը սիրով ու համբերությամբ պատրաստում է Լուսինեն՝ «Լուսիա ֆուդի» հիմնադիրը։

Իսկ Լուսինեն ավելացրեց․ «Իրականում, ինձ հերոս դարձրեց Խանեն, ես պարզապես հետևում էի իմ մայրական բնազդին, որն ինձ օգնել է ամենադժվար պահերին»։

Մրցանակը հանձնեց անցյալ տարվա մրցանակակիր-հերոս Քաղաքացիական ավիացիայի տնօրեն Տաթևիկ Ռևազյանը, որն ասաց․ «Հիմա, երբ ավելացել են մարտահրավերները, և շատ երիտասարդներ անցնում են դժվարությունների միջով, մեզ կօգնեն օրինակները, թե ինչպես է աշխատող մարդը փոխում միջավայրը»։

«Ռեինֆորմացիա» անվանակարգի մրցանակակիրը Գևորգ Ավչյանն է, որի «Հայաստանի էներգետիկ «այլընտրանքը» նյութը՝ հրապարակված «YerevanToday»-ում, Հայաստանի էներգետիկ աղբյուրների ներկայի և հեռանկարների վերլուծություն է:

Այս մուլտիմեդիա լոնգրիդը վերականգնվող, ոչ հանածո էներգետիկայի ապագայի մասին է (արևի, քամու, կենսազանգվածի, հիդրոթերմալ և երկրաջերմային էներգիայի): Չիրացված ներուժի, Էլեկտրաէներգիայի սպառման, սակագների տվյալների մի ամբողջ ուղեցույց-քարտեզ:

«Երբ գրում ես բարդ թեմաների մասին, միշտ առաջանում է հարց, թե ինչպե՞ս անել, որ նյութը կարդացվի, որ մարդիկ իրենց զգան իրականացվող ռեֆորմների շահառուն։ Որ լուրերը ոչ թե անցնեն իրենց կողքով, այլ ազդեն՝ ցույց տալով, թե այս կամ այն որոշումն ինչպես է անդրադառնալու նրանց կյանքի վրա»,- ասաց Գևորգը։

«Դիտակ» անվանակարգում հաղթողը Մարգարիտա Ղազարյանն է, որը infocom.am-ի համար պատրաստել է հետազոտություն՝ Լիճքի պղնձի հանքավայրի ներկա վիճակի մասին, որը բավականին անհայտ ապագա ու մութ անցյալ ունի՝ «860 հատված ծառ և ոչ մի ջրթույլտվություն. Լիճքի հանքավայրի բաժնետերերի, շահագործման և դադարեցման առեղծվածը»։

Հետաքննական լրագրության ժանրում նման նյութերը կարևոր վավերագրություն են․ դրանք օգնում են հասկանալ իրավիճակի ողջ պատկերը։ Այս դեպքում՝ հանքի սեփականատերերից սկսած, Մեղրիի համայնքի բնակիչների արձագանքներով ու բնապահպանական խնդիրներով վերջացրած:

EVNReport-ի լրագրող Աստղիկ Կարապետյանը ստացավ «Ստատուս» մրցանակը: «Երեխաները սեռական ոտնձգությունների թիրախում. մտահոգություններ և անվտանգ միջավայրի փնտրտուք» նյութը երեխաների պաշտպանված ու անպաշտպան լինելու օրինակների, սեռական ոտնձգությունների, հանցավոր վարքի, օրենքի անկատարության ու կրթական բացթողումների մասին է:

Այս ցավոտ ու տաբուացված թեմայի մասին Աստղիկն ասաց․ «Լավ է, որ կան օրենքներ, բայց դրանք պետք է գործեն»։

«Արտակարգ գրություն» մրցանակը շնորհվեց Նանա Քնար Մարտիրոսյանին՝ «Սպուտնիկ Արմենիա»-ում հրապարակված «Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում» նյութի համար: Հեղինակը այցելել է Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդասենյակներ և անձնական տպավորություններով գրել էսսե: Հերոսները բժիշկներ են, զգացմունքներն ու ապրումները՝ լրագրողինը:

«Համավարակի օրերին թվում էր, որ դժվար է աշխատելը, հետո սկսվեց պատերազմը․․․ Կուզեի, իհարկե, որ վարակի դեմ պայքարը լիներ միակ դժվարությունը»,- ասաց Նանա Քնարը։

«Ստուգված է» մրցանակը շնորհվեց Հետք-ի լրագրող Սեդա Հերգնյանին՝ «Հայաստանից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել Ռուսաստան. պատմություն՝ կասկածելի ցուցանիշներով» նյութի համար:

Այս հետաքննությունը Սեդան պատրաստել է ռուսաստանցի գործընկերոջ հետ, և ոսկերչական իրերի մեծ ծավալի հոսքի հետքերը հետաքննվել են նաև ռուսաստանյան աղբյուրներով: 87 մլն դոլարի մաքսային գին ունեցող ոսկյա իրերի արտահանման մասին այս կարևոր աշխատանքին չեն արձագանքել Հայաստանի քննչական մարմինները։

«Սա այն նյութն է, որը թեև հիմնված է բաց տվյալների վրա, բայց երկար աշխատանք է պահանջել, քանի որ պետք էր վերծանել ու համադրել մաքսային տվյալները։ Թվում էր, որ հետաքննությունը արձագանք կստանա պետական կառույցներից, քանի որ ոսկյա իրերը արտահանվել են «մետաղյա ջարդոն» անվան տակ, և ակնհայտ է, որ դա միտումնավոր քողարկվել է։ Բայց ցավոք, արձագանք չեղավ․․․»,- ասաց Սեդան։

«Մարդասիրական» մրցանակը ստացան Հետք-ի լրագրողներ Մարինե Մարտիրոսյանը և Վահե Սարուխանյանը «Մերի. «Կարենն ինձ թևեր տվեց» հոդվածի համար։ Սա դիմակայող երիտասարդ կնոջ մասին պատմություն է, որը հուշում է, թե ինչպես է պատերազմն իր հետքերը թողել (թողնելու) պատանի սերունդների կյանքի որակի վրա: 1993-ին՝ մանուկ հասակում, Մերին կասետային ռումբի պայթյունից կորցրել էր երկու ձեռքերն ու ոտքի մի մասը, և հիմա նրա կյանքում լույս է հայտնվել՝ նորածին զավակ:

Մարինեն, որը Մերիին ճանաչում է մանկուց, պատմեց, թե ինչպես է ողբերգությունը միանգամից մտնում կյանք և որքան բարդ ներքին աշխատանք է այն հաղթահարելը՝ քայլ առ քայլ, սանտիմետր առ սանտիմետր։

Ավանդաբար «Թվապատումը» նաև հանձնում է մրցանակներ՝ ուսանողներին: Այդ անվանակարգը կոչվում է «Ես եմ մեդիան» և շնորհվում է երիտասարդներին, որոնք կարող են և լրագրող չդառնալ, բայց ցանկություն ունեն գրելու և խոսելու մեդիայի մասին:

Այս տարի հաղթող են ճանաչվել Քրիստիան Գինոսյանը «Կորոնա-FAIL. կարանտինային օրագիր/Ձայնամեկուսացում» փոդքասթով, Անգելինա Աֆյանը «Ինֆորմացիան ֆիլտրելու մասին» էսսեով և Լիլիթ Մկրտչյանը «Էկրանին գամված. ինքնամեկուսացման իմ օրագիրը» տեքստով:

«Թվապատման» «Հատուկ մրցանակ» ստացան Լիլիթ Պողոսյանը՝ ampop.am կայքում հրապարակված «Չհարկվող գույք չի մնալու. ՀՀ-ում գույքահարկ վճարողներն ու վճարի չափերը՝ 2021թ.-ից» բացատրական-իրազեկող հոդվածի, Անի Ռափյանը՝ chai-khana.org կայքում հրապարակված «Ապրել առանց մահվան վախի» նյութի համար:

Խրախուսական մրցանակների արժանացան  Անուշ Միրզոյանը «Հոգու կարիքներ» վավերագրական անդրադարձի համար, որը պատրաստվել է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց բուժկենտրոնից (zangezur.tv), Նարեկ Մարտիրոսյանը «Հայաստանի սպանդանոցների տեղաբաշխվածությունը ըստ մարզերի» մուլտիմեդիա նյութի համար («Առավոտ»), Տաթև Խաչատրյանը «Հայկական COVID-19 թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին» հետաքննության համար (Հետք):

Հատուկ հիշատակման մրցանակների արժանացան Սամսոն Մարտիրոսյանը փոդքասթ թողարկումների՝ «Կարծրատիպերից անդին. հայսատանցի եզդիները» (Հետք) և Նազիկ Արմենակյանը «Վերակենդանացում» ֆոտոպատմության համար (4 պլյուս)։

Այս երկու աշխատանքները ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի դրամաշնորհների միջոցով և նպատակ ունեն զարգացնելու ու խրախուսելու լրագրողական նոր ժանրերը, այս դեպքում՝ պատմություններ կառուցելու աուդիո և ֆոտո լեզուն։

2020-ի ավարտին «Թվապատման» մասնակիցները, ժյուրիի անդամներն ու լրագրողները հույս ունեն, որ վստահելի ու անաչառ լրատվամիջոցները կարող են օգնել մաքրելու մեդիա դաշտը ատելությունից ու ստից։ Տեսանելի դարձնելով, խթանելով ու գումարային աջակցություն հանձնելով որակյալ լրագրողական աշխատանքների հեղինակներին։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *