2020.12.03,

Նյուսրում

Արցախում ժամանակի ռիթմը կորցրած լրագրողների պատմությունները

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության լրագրող Մուշեղ Իսախանյանն Արցախում երկու շաբաթ լուսաբանել է պատերազմական գործողությունները: Սա թեև իր առաջին փորձն է եղել, սակայն նախկինում մասնակցել է դասընթացների և տեսականորեն պատրաստ է եղել աշխատել պատերազմական գոտում։

Այս պատերազմում ձեռք եմ բերել մի կարևոր հմտություն՝ արագ կողմնորոշվել և արագ գործել։ Եղել եմ մի քանի թեժ կետերում՝ Հադրութում, Կարմիր շուկայում, Շուշիում այն պահերին, երբ այդ տարածքներում ակտիվ ռազմական գործողություններ էին։ 

Սկզբում, իհարկե, առաջինն ականջս սկսեց սովորել տարօրինակ ձայներին, հետո հասկացա, որ շուրջս անվտանգ տեղ չկա, իսկ վերջում՝ միակ բանը, որ կարող եմ անել լրատվությամբ մարդկանց օգտակար լինելն է։

Առաջին օրերին լարվածություն կար, իրավիճակը նոր էր, պատասխանատվությունը մեծ էր, պետք էր անվտանգ աշխատել, հնարավորինս շատ բան տեսնել ու հաղորդել լսարանին, ուշադիր լինել թիմի յուրաքանչյուր անդամի համար։

Անվտանգ աշխատելու համար մենք ունեինք ռազմավարություն, նույն մեքենայում, որտեղ կարող էր 3-5 մարդ լինել նկարահանումների ժամանակ, դուրս էինք գալիս հերթով և շարժվում տարբեր ուղղություններով։ Իրար մոտ հեռավորության վրա էինք, սակայն բոլորովին տարբեր հատվածներում, որպեսզի կարողանանք շփվել և չկորցնել իրար։ 

Չնայած երբեմն բարդ էր պահպանել անգամ անվտանգության նվազագույն պահանջները, որովհետև շատ կարևոր զգացողություն կար միշտ՝ ժամանակը քիչ էր, աշխատանքն արագ կազմակերպել էր անհրաժեշտ։

Անկեղծ լինեմ, Արցախում աշխատելիս ես կորցրել էի ժամանակի ռիթմը, ընկել էի մի նոր իրականություն, որտեղ վտանգներ կային, տագնապ, միաժամանակ չսպառվող ադրենալին՝ մի նոր ու հետաքրքիր իրավիճակի, մարդու, համայնքում տեղի ունեցողի մասին պատմելու գայթակղություն։

Մեր թիմի օրինակով ասեմ, կարծում եմ, արել ենք հնարավոր առավելագույնը, որ մեր լսարանը պատկերացնի Արցախում ընթացող պատերազմի մասշտաբները, ավերածությունները, առաջնագծի տղաների պատրաստվածությունը։

Արցախում եղած ժամանակ չի եղել ակնհայտ վատ մի իրավիճակ, որը մենք միտումնավոր չենք լուսաբանել։ Ես հավատարիմ եմ մնացել իմ մասնագիտական սկզբունքին՝ հաղորդել լսարանին այն, ինչ տեսնում եմ առանց որևէ բան չափազանցնելու։ 

Ռազմական լրագրությունը կանոններ ունի, այդ կանոններին հավատարիմ մնալը չի նշանակում իրականությունն այլ կերպ ներկայացնել կամ փաստերը նենգափոխել։

Առաջնագծում հանդիպել եմ զինվորների և ցույց տվել նրանց՝ պատերազմը հաղթելու կամքը, տրամադրվածությունը։ Այն ինչ տեսել եմ Արցախում՝ ինձ վստահություն էր տալիս, որ անպայման հաղթելու ենք, չեմ տեսել ընկճվածություն, փախուստ, ընդհակառակը բոլորն իրենց գործով միասնական էին և պատրաստ հաղթանակի։

Ծանր փորձություն էր հասկանալու, թե ինչքան կարևոր էր նաև լրագրողների պատրաստվածությունը։ Չեմ կարծում, թե շատ են եղել թերացումները, բայց հետահայաց հասկանում եմ, որ պետք էր ավելի պատրաստված լինել: Պատերազմից հետո անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին, դասընթացներ, հանդիպումներ կազմակերպել, օրինակներով խոսել խնդիրների մասին։

Ամի Չիչակյան

Ամի Չիչակյանը Առավոտում գրել է նաև արցախյան պատերազմին մասնակցող կամավորների մասին։ Մոտ երկու շաբաթ ապրել է նրանց հետ, զգացել և փոխանցել այն տրամադրություններն ու էներգիան, որն իշխել է առաջնագիծ գնացած մարդկանց մոտ:

Երբ դեռ նոր էր Ստեփանակերտ գնացել, մտածում էր 2016թ-ի ապրիլյան պատերազմի նման մի իրադարձություն կլուսաբաներ, բայց հենց առաջին րոպեներին հասկացել է, որ անպատրաստ է նման լայնածավալ գործողությունների լուսաբանման համար։ Տեղում սկսել է ծանրութեթև անել իրավիճակը և ամենակարևորը հասկանալ ինչ պատմել մարդկանց։

Այս պատերազմի ժամանակ հասկացա, թե ինչքան կարևոր են եղել այն բոլոր դասընթացներն ու պարապմունքները, որի ժամանակ մեզ սովորեցնում էին պատերազմի ժամանակ աշխատելու նրբությունները։ Երբևէ չեմ մտածել, որ կարող եմ ներկա լինել մի պատերազմի, որում անվտանգ վայր գոյություն չունի, թիրախ են լրագրողները և աշխատելու պայմաններն էլ խիստ սահմանափակ են։

Սա լավ փորձություն էր լրագրողներիս համար՝ ինքնուրույն կողմնորոշվելու, հասկանալու մեր լսարանի ակնկալիքները մեր աշխատանքից։ Իմ օպերատորի հետ միասին պլանավորում էինք ոչ միայն թե ինչ նկարենք և ինչպես, այլ ինչպես առհասարակ տեղաշարժվենք Ստեփանակերտի փողոցներում։

Մի անգամ հերթական հռթիռակոծությունից հետո մենք և արտասահմանյան լրագրողները ուզում էինք մոտենալ դեպքի վայրին, տեսնել ինչ ավերածություններ կան: Փողոցներում շարժվում էինք ուղիղ կրակների տակ, մտնելով հերթական ապաստարանն ու սպասելով, որ իրավիճակը կխաղաղվի: Այսպես էլ չկարողացանք հասնել այդ տարածք։

Բոլոր ապաստարանների տեղերն արդեն գիտեինք և, եթե որոշում էինք դուրս գալ նկարահանումների, հաշվի էինք առնում հետդարձի ճանապարհը, հնարավոր ռիսկերը։ 

Մենք առաջնագիծ չենք գնացել, բայց ունեցել ենք բազմաթիվ հետաքրքիր պատմություններ ներկայացնելու հնարավորություն, որից հրաժարվել ենք անվտանգության նկատառումներից ելնելով։ Երբ հասկանում ես, որ հրապարակածդ  նյութը կարող է ազդել որևէ մարդու ճակատագրի կամ պատերազմի մեջ գտնվող երկրիդ անվտանգությանը, շարժվում ես չվնասելու սկզբունքով։

Շատ լրագրողներ մի քանի օր Արցախում աշխատելուց հետո հետ էին վերադառնում կամ Երևան կամ Գորիս, որովհետև նախ անվտանգության, ինտերնետ հասանելիության, ինչպես նաև նոր ասելիք չունենալու խնդիր կար։

Այդ խնդիրներին բախվել եմ նաև ինքս։ Որպեսզի նոր ու հետաքրքիր ասելիք ունենամ՝ միացել եմ կամավորների խմբին։ Նրանցից յուրաքանչյուրի պատմությունն ինձ համար մի բացահայտում էր, բուժքույր կինը հեռվից նայում էր իր տանը, բայց վճռականորեն մնում էր մինչև վերջին պահը, որ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերի։ Կինն անկեղծանում էր, որ սեփական տունն իրեն երբեք այդքան հեռու չի թվացել։ 

Բայց իմ համար առավել ծանր էր մարդկանց տարհանումը։ Ինչքան էլ զուսպ ցանկանաս գտնվել՝ դժվար է էմոցիաները թաքցնել, երբ աչքիդ առաջ մարդիկ են, ովքեր անգամ փոքր մեքենաներով ջանում են հնարավոր ամեն ինչ դուրս բերել իրենց տնից։ 

Քանի որ նրանք նոր և ավելի լավ ապագա ունենալու հույս չունեին, որպես լրագրող ասելիքդ բարդանում էր։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *