2020.11.03,

Նյուսրում

Ամեն պահ վտանգելով կյանքը․ ինչ են պատմում Արցախում աշխատած լրագրողները

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Պատերազմի օրերին Արցախում աշխատող լրագրողներն ասում են, որ դժվար է պատմել այն պատերազմի մասին, որտեղ կողմ ես: Գրեթե անհնարին է լուսաբանել իրականությունն առանց էմոցիաների՝ վախի, անզորության, հուզմունքի:

Եվ միշտ հիշելով, որ այն տեղեկությունը, որին տիրապետում ես և ուզում ես հայտնել լսարանին, կարող է այնքան արագ փոփոխվել, որ դիտարկվի որպես ապատեղեկատվություն։ 

Իսկ անընդհատ ռմբակոծության տակ գտնվող Արցախում պարզապես չկա անվտանգ կետ, որտեղ պաշտպանված ես, իսկ աշխատանքի անվտանգությունը՝ երաշխավորված:

Հայկ Նավասարդյան, Հանրային հեռուստաընկերություն

Հանրային հեռուստաընկերության աշխատանքային թիմն Արցախում սկսեց աշխատել հենց պատերազմական գործողությունների սկզբից: Մի քանի լրագրողներն ու տեխնիկական թիմը ապահովում էին միաժամանակ նկարահանումներ դեպքի վայրում, հարցազրույցներ, մարդկային պատմություններ։

Հայկն արդեն Երևանում է: Պատմում է, որ Արցախում աշխատելիս դժվար էր զսպել հույզերը. մի կողմում քեզ լսում է հայը, ում պատմում ես հայրենակիցներիդ ցավի ու տառապանքի մասին, իսկ մյուս կողմում օտարերկրացին է, ում պետք է ներկայացնես հնարավորինս հավասարակշռված տեղեկատվություն: 

Պատերազմ լուսաբանելը ինքնին բավականին բարդ, ծանր ու խիստ պատասխանատու աշխատանք է՝ նյարդերի գերլարում, ամեն վայրկյան զգոնություն, ուշադրություն, անվտանգության կանոններ, սակայն կոնկրետ այս՝ «Արցախյան հայրենական պատերազմը» լուսաբանելը՝ առավել բարդ է: 

Սա աննախադեպ պատերազմ է, 90-ականների Արցախյան պատերազմը չէ, սա 2016-ի ապրիլյանը չէ, տավուշյան հուլիսյան մարտերը չեն, սա հինգերորդ սերնդի պատերազմ է՝ իր կանոններով, գերժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկական նորագույն հնարավորություններով, վերջին սերնդի անօդաչու թռչող սարքերով, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի, ցանկացած տեղ ոչ միայն մարտական գործողություններում ներգրավված ստորաբաժանումներին, խաղաղ բնակչությանն, այլև այդ ամենը վավերագրող լրագրողներին, օպերատորներին իրական վտանգ է սպառնում: 

Կարծում եմ՝ չենք կարող գտնել Արցախում այս օրերին ապրող և աշխատող որևէ մարդու՝ կլինի հացթուխ, վարորդ, թե լրագրող, որն իր ներսում չունի կամ չի ունեցել այդ վախի զգացողությունը: Այլ բան է, թե ինչքանով ու ինչպես ես կարողանում հաղթահարել այդ ամենը, կամ կարողանում ես արդյո՞ք: 

Իմ օրինակով կարող եմ ասել, որ «վախին հաղթելու գործողությունը» ես սկսեցի պատերազմի հենց առաջին րոպեին, երբ հրթիռակոծվեց Ստեփանակերտը, երբ արդեն դեպի Արցախ ճանապարհին հայտնվեցինք հրթիռակոծության և անօդաչու թռչող սարքերի թիրախում: 

Հենց այդ ժամանակ ինքս ինձ լուռ հարցրի՝ դու գիտես չէ՞ ուր ես գնում ու գիտես նաև, որ մարդիկ քեզանից տեղեկություններ են սպասում: Պատասխանեցի՝ այո և սկսեցի պատերազմը սեփական աչքերով տեսնելու, վավերագրելու, պատմելու ու լուսաբանելու գործը: 

Թշնամին անկանխատեսելիորեն կարող է հարվածել ցանկացած վայրին՝ ոչ միայն մարտական դիրքերին, այլև խաղաղ բնակավայրերին, դպրոցներին, մանկապարտեզներին, հիվանդանոցներին: Ի՞նչ անել, երբ ամենուր վտանգը օդից կախված է: Նման դեպքերում մենք աշխատում ենք հնարավորինս արագ: 

Օրինակ, թշնամին րոպեներ առաջ հարվածել է հիվանդանոցին կամ բնակելի շենքին, կան վիրավորներ, զոհեր: Արագ իմանում ենք այդ մասին և մի քանի րոպե (կախված իրավիճակից) սպասում ենք: Եթե  նույն տարածքը կրկին չի հրթիռակոծվում, անվտանգության կանոնները պահպանելով՝ զրահապաճկոն, սաղավարտ հագնելով, մեկնում ենք դեպքի վայր, արագ նկարահանում և վերադառնում ենք: Հետո տեսանյութը ուղարկում խմբագրություն:

Սա սովորական պատերազմ չէ, և որոշակի սահմանափակումներ արվում են նաև ելնելով մեր անվտանգությունից: Հատկապես այն վայրերում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում արգելված է նկարահանում իրականացնել:

Նման թույլտվություն ունեն միայն ՊՆ և ՊԲ լրատվական ծառայությունները՝ Զինուժ և Գոյամարտ հեռուստածրագրերը: Մարտական դիրքերում հնարավոր է նկարահանել համեմատաբար հանգիստ ժամանակահատվածում, միայն լիազոր մարմնի թույլտվությամբ, երբ այդ հատվածում այնքան էլ ակտիվ չէ հրետակոծությունը: 

Բայց անգամ, եթե մի քանի ժամ հանդարտ իրավիճակ է, դա դեռ չի նշանակում, որ այն չի կարող մեկ րոպեում վերածվել ակտիվ ռազմական գործողությունների դաշտի: Դու էլ կարող ես հայտնվել հենց կիզակետում: 

Իսկ ընդհանրապես աշխատանքը հիմնականում պլանավորում ենք տվյալ պահի իրադրությամբ: Օրինակ, ճշտում ենք, որ հատվածում ինչ իրավիճակ է, և կախված դրանից՝ քննարկում տնօրինության և լիազոր մարմինների հետ և որոշում աշխատանքի ընթացքը: Համեմատաբար խաղաղ րոպեները օգտագործում էինք բնակիչների առօրյան լուսաբանելով: 

Ազդեցիկ պահեր իրականում շատ-շատ են եղել, որովհետև այն, ինչ կատարվում է Արցախում, գրեթե ամբողջությամբ տեղի է ունենում քո աչքի առջև: 

Դու վավերացնում ես այդ ամենը, տեսնում, զգում ես ցավը, կսկիծը, ողբը և պարտավոր ես այդ ամբողջ ճշմարտությունը՝ ինչպես որ կա, ցույց տալ աշխարհին, բայց առանց ավելորդ էմոցիաների, ինչը չափազանց բարդ է: 

Պատմեմ մի դեպք, որը տեղի ունեցավ Ստեփանակերտում մի քանի ժամ տևած ակտիվ հրետակոծությունից հետո: Մենք դուրս էինք եկել նկարահանման,  տեսնելու, թե ինչ վնասներ կան։ Մոտ երկու ժամ էր անցել, քայլում էինք փողոցում, երբ լսեցինք ինչ-որ հնչյուններ: Ես և օպերատորը զարմացած իրար նայեցինք ու հայացքով հարցրեցինք՝ արդյո՞ք սա այն է, ինչ լսում ենք: Դաշնամո՞ւր է:

Հնչյուններին հետևելով բարձրացանք մի բնակարան, որտեղ մասնագիտությամբ հնչյունային ռեժիսորը օգտագործում էր հրադադարի րոպեները և դաշնամուր նվագում: Նա նվագում էր ինչպես խորհրդային շրջանից հայտնի «Կատյուշան», այնպես էլ Արցախյան ազատամարտից հայտնի բազում հաղթական երգեր: 

«Պայթյունների ձայնը չի կարող լռեցնել մեր հաղթանակի ձայնը». հենց այդ խորհրդով ու վերնագրով նյութը դարձավ անչափ սիրելի, սպասված, հայի հաղթող տեսակի մասին պատմող: 

Լիա Սարգսյան, Persona News

Արցախյան պատերազմը լուսաբանել ու լուսաբանում են ինչպես միջազգային, տեղական արդեն հայտնի, այնպես էլ նոր հիմնադրված լրատվամիջոցներ, որոնց համար, պատերազմը կարծես դարձավ լսարանի հետ վստահելի կապ ստեղծելու փորձառություն:

PersonaNews-ի լրագրող Լիան երկու անգամ է եղել Արցախում: Վեց տարի Արմենպրեսում («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ) աշխատած լրագրողը նոր լրատվամիջոց տեղափոխվելուց հետո անցել է իր ամենալուրջ քննություններից մեկը:  Առաջին անգամ Արցախ գնալուց հետո հասկացել է, որ առանց հատուկ պատրաստվածության այս պատերազմը դժվար է լուսաբանել: Վերադարձել է Երևան, վերցրել ամեն անհրաժեշտը՝ տաք ծածկոցից մինչև չոր և պահվող սնունդ, որպեսզի կարողանա աշխատել դեպքի վայրում: Պատերազմի ժամանակ երկու զուգահեռ իրականությունները լավ առիթ են Լիայի համար մտորելու պատերազմի լուսաբանման նրբությունների, լրագրողական էթիկայի և այլ հարցերի շուրջ:

Արցախում աշխատելիս հասկանում ես, որ ամեն պահ պետք է պատրաստ լինես փոփոխվել իրավիճակի հետ և արագ որոշումներ կայացնել: Մենք կարողանում էինք աշխատել օդային տագնապից օդային տագնապ, երբ թվացյալ անդորր էր: Մեծ համարձակություն էր ապաստարանից դուրս գնալ և տեղում արձանագրել հրթիռակոծված տարածքները, շենք-շինությունները:

Անկանխատեսելիությունն ամենամեծ վտանգն էր, չէր բացառվում, որ հերթական անգամ կարող էր թիրախավորվել այն կառույցը, որը րոպեներ առաջ էր հրթիռակոծվել:

Թեև մեզ զգուշացնում էին, որ վտանգ կա, բայց մենք Արցախում ունեինք գործընկերներ, որոնք հրթիռակոծությունից բառացիորեն րոպեներ անց գնում էին և փորձում հասկանալ իրավիճակն ու իրենց լսարանին պատմել տեղի ունեցածի մասին:

Արցախում եղած ժամանակ վախի ոչ մի զգացողություն չեմ ունեցել, անգամ այն ժամանակ, երբ Ավետարանոց գյուղում աշխատելիս իմացանք, որ դիվերսիոն հարձակում էր տեղի ունենում մեզանից շատ կարճ հեռավորության վրա:

Լրագրողները չեն կարող անվտանգ աշխատել Արցախում: Ինչքան էլ ցանկանանք ինքներս մեզ հեռու պահել վտանգից, շատ դեպքերում իրադարձությունների զարգացումը չի թողնում ընտրություն: Օրինակ, Ավետարանոց գյուղի հարձակումը կանխատեսել հնարավոր չէր, մենք այդ մասին իմացանք, երբ արդեն գյուղում էինք և քիչ էր մնում հայտնվեինք դիվերսիոն հարձակման կենտրոնում։ 

Կազմակերպվածությունը և ճիշտ որոշումների արագ կայացումն ամենակարևոր հմտություններն են այս պատերազմի լուսաբանման ժամանակ։

Արցախի մամուլի կենտրոնը շատ հարցերում ինքն էր նախաձեռնող, բայց եթե ուզում էիր գիշերը գնալ և նկարահանել հրթիռակոծված տարածքը, դա բացառապես քո որոշումն էր, և որևէ մեկը պարտավորվածություն չուներ քո անվտանգությունն ապահովել։ Վտանգի մասին խոսվում էր, բայց որոշումն արդեն քոնն էր։

Բարդ է պատերազմական գործողությունների ժամանակ պաշտոնական լրահոսից առաջ չընկնելը: Որևէ բնակավայր այցելելուց առաջ անպայման նայում էի, թե ինչ են գրել պաշտոնական աղբյուրներն այդ տարածքում տեղի ունեցած գործողությունների մասին, որպեսզի հասկանամ, թե ինչպես պետք է ներկայացնեմ տեսածս։ 

Շատ էինք տեսնում, քիչ խոսում։

Պատերազմը բողոքի ակցիա չէ, որ իմանաս մոտավոր ինչ հանգուցալուծում է ունենալու, պատերազմը զարգացող իրադարձություն է, ամեն պահ փոփոխվող․ պահի տակ ունեցած ինֆորմացիան չես կարող հաղորդել։ Րոպեներ անց իրադրությունը կարող է այնպես զարգանալ, որ հրապարակածդ տեղեկատվությունը այլևս չհամապատասխանի իրականությանը, ավելին՝ որակվի որպես ապատեղեկատվություն։

Արցախում եղած ոչ մի րոպե չես գիտակցում՝ ինչ է վտանգը։ Գայթակղությունը տեղյակ պահելու լսարանին, թե ինչ է կատարվում արցախյան բնակավայրերում, գերնպատակ է դառնում։ 

Երևանից տպավորությունն այլ է, պատերազմի մասին գրող լրագրողը պարտադիր պետք է լինի Արցախում՝ իրադարձությունների կիզակետում, որ հասկանա, թե ինչ օդ է պտտվում, ինչ հույզեր կան այդ տարածքում, ինչպես են մարդիկ ապրում խոնավ ապաստարանում։ Սեփական աչքով տեսնել Ստեփանակերտի լեփ-լեցուն շուկան, որտեղ ամեն բան անվճար է, և ով ինչ ուզում է, կարող է վերցնել, իսկ վերցնողները չկան։ Տեսնել փողոցում անտեր մնացած շներին, որոնք մոռացել են քաղցը և մարդկանց նման տենչում են խաղաղության։

Որպես լրագրող ես Երևանում թուլացա, անզորացա, երբ լսեցի, թե ինչ են քննարկում մարդիկ և ինչ գզվռտոցներ են սոցցանցերում։ Զուգահեռ երկու իրականությունները կոտրում են քեզ որպես քաղաքացի, հետո որպես լրագրող:

Հիմա լրագրողի ասելիքը շատ է, իսկ այդ «անտեր» պատերազմը լռել է պահանջում:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *