Արցախի հանրային ռադիոն ընթացող մարտերի մասին նորությունները հաղորդում է արտակարգ ռեժիմով՝ կես ժամը մեկ անգամ։
Անի Մինասյանը, որը վերջերս է սկսել դեկավարել Արցախի հանրային ռադիոյի աշխատանքները, ասում է, որ այս պահին քանի որ չեն կարողանում իրենց աշխատողներին Ստեփանակերտից շրջաններ ուղարկել, աշխատում են Հադրութի, Մարտակերտի իրենց թղթակիցների հետ, որպեսզի կարողանան իրավիճակն ավելի ընդհանրական ներկայացնել։
Նրա խոսքով, այս պահին Արցախի համար շատ կարևոր է հատկապես ռադիոյի աշխատանքը, որովհետև ապաստարաններում մարդիկ նորություններին հետևում են հիմնականում ռադիոյի միջոցով։
«Երևանից և արտասահմանից Արցախ եկած լրագրողների աշխատանքը կարևոր է դրսի լսարանի համար, իսկ տեղում այս պահին ամենանպատակահարմարը ռադիոյի աշխատանքն է: Մարդիկ ապաստարաններում ինտերնետ կապ և հեռուստատեսության հնարավորություն չունեն, լուրերին տեղեկանում են ռադիոյով»,-ասում է Անին:
Այս պահին Արցախում աշխատում են մի քանի ռադիոկայաններ՝ հիմնականում հաղորդելով պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվություն։
Այս պահին Արցախում աշխատում են լրագրողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու Ռուսաստանից:
Արցախի միասնական տեղեկատվական կենտրոնը սեպտեմբերի 28-ին լրագրողներին տարել էր մարտական թեժ կետերից մեկը` Մարտունի քաղաք, որտեղ հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել էր լրագրողական խմբին։ Բարեբախտաբար նրանք չեն տուժել և կարողացել են աշխատել, զրուցել մարդկանց հետ և ֆիքսել նյութական կորուստները։
«Լրագրողները հիմնականում աշխատում են տեղեկատվական կենտրոնում, հետևում ընթացող ասուլիսներին մինչև կեսգիշեր, երբեմն ավելի: Նրանք ինքնուրույն չեն գնացել այս կամ այն շրջան գնալ»,-ասում է մեր զրուցակիցը։
Լրագրողների հիմնական խնդիրը հեռախոսային և ինտերնետ կապն է, Անի Մինասյանն ասում է, որ իրենք փորձում են կապի մեջ լինել Արցախ ժամանած լրագրողների հետ, օգնել նրանց ու ուղղորդել այն տարածքներ, որտեղ կապ կա։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: