Հանրային հեռուստաընկերությունը 2020թ-ին ինքնուրույն է գնահատելու իր աշխատանքի մասին հանրության կարծիքը՝ օգտագործելով ավանդական և ոչ ավանդական հաղորդակցության ձևերը:
Հեռուստատեսությունը դադարեցրել է գնել «Ադմոսֆեր Արմենիա» հանրային կարծիքի ուսումնասիրությունները:
Հեռուստաընկերությունը հանրային կարծիքի ուսումնասիրության համար 2019-2020թթ. պետական բյուջեով գումար չի ստացել: Այդ գործառույթները ժամանակին վերապահված են եղել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնին (ՀԿՈՒԿ), որը լուծարվել է 2019թ-ի հունվարին։
Իր բյուջեում սակայն հեռուստաընկերությունը 2019թ-ին նախատեսել է լսարանին վերաբերող տեղեկության համար գումար և հեռուստավարկանիշի չափման ծառայություն ստացել «Ադմոսֆեր Արմենիա»-ից։
Ի պատասխան Media․am-ի հարցման, հեռուստաընկերությունից հայտնել են, որ 2020թ-ի փետրվարից հետո չի երկարաձգվել «Ադմոսֆեր Արմենիա»-ի հետ պայմանագիրը:
Այդ նպատակով ընկերության 2019թ-ին մատուցած ծառայությունների տարեկան արժեքը կազմել է 12 մլն դրամ։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը Հանրային հեռուստատեսությանը հորդորել է «Ադմոսֆեր Արմենիա»-ից հեռուստատեսային ռեյտինգների չափումների վերաբերյալ ծառայություններ այլևս չգնել:
2020թ-ի հունվարին Կառավարությունը որոշել էր «Ադմոսֆեր Արմենիա»-ում աուդիտ անցկացնել և պարզել եթերի մոնիտորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Եվ գործառույթը վերապահվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին: Ուսումնասիրության աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:
Նման աուդիտ Հայաստանում ի դեպ երբեք չի անցկացվել։
Հանրայինը տարեկան նախահաշվում ներառված գումարն այսուհետ ուղղելու է ընկերության ընթացիկ գործունեության կազմակերպման այլ անհրաժեշտ, լրացուցիչ չնախատեսված ձեռքբերումների իրականացմանը։
Հանրայինն իր հաղորդումների վարկանիշին այժմ սկսել է հետևել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կողմից հրապարակվող եռամսյակային վերլուծությունների միջոցով, որն ի դեպ կառույցին տրամադրում է «Ադմոսֆեր Արմենիա»-ն:
Հեռուստաընկերությունից հայտնում են, հանրային կարծիքի ուսումնասիրման համար սկսել են օգտագործել նաև սոցիալական ցանցերի ինֆորմացիան․ «Ուսումնասիրության համար հիմք ենք ընդունում սոցիալական ցանցերի մեկնաբանություններն ու արձագանքները, ինչպես նաև հեռուստաընկերության ստացած հեռախոսազանգերը և նամակները»:
Հունիսի 4-ի տվյալներով, Ֆեյսբուքում հեռուստաընկերության պաշտոնական էջին հետևում է մոտ 290 հազար օգտատեր, էջը հավանել է մոտ 220 հազար օգտատեր, Ինստագրամում ունի մոտ 104 հազար հետևորդ, Թվիթերում համեմաբար պասիվ է, ունի մոտ 3600 հետևորդ։
Ամենաակտիվը Յություբում է, ունի 360 հազար բաժանորդ:
Հեռուստաընկերությունից հայտնում են, որ չեն կարող հանրայնացնել հանրային կարծիքի ամենաթարմ ուսումնասիրությունը, քանի որ այն միայն հետագա հաղորդումների պլանավորման համար է նախատեսված:
Գայանե Ասրյան
Միջազգային աուդիտ Հայաստանում եզել է 2006-07 թ․ երեք փուլով (AGB Nielsen):