2020.05.12,

Նյուսրում

Ազգային ժողովի այսօրվա նիստում կարևորել են մեդիագրագիտությունը

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը խոսել է մինչև հեղափոխությունը երկրում գործող «մի բացասական պրակտիկայից», որով առանձին գերատեսչություններ վճարում էին լրատվամիջոցներին՝ իրենց գործունեությունը լուսաբանելու համար։

Հայրապետյանը երկու մասի բաժանեց նրանց․ «Առաջինը, որոնք պրոֆեսիոնալ կերպով լուսաբանում էին տվյալ նախարարի կատարած աշխատանքը, իսկ երկրորդը՝ ԶԼՄ-ներ, որոնք պետական բյուջեից գումար էին ստանում լռության դիմաց»։

Նրա խոսքով, երբ 2018թ. նշանակվեց Սփյուռքի նախարարի պաշտոնում, իր աշխատանքային երրորդ օրը հանձնարարեց վերլուծություն կատարել, որից հետո որոշեց, որ «երկրորդ դասին պատկանող լրատվամիջոցների հետ համագործակցություն իր գլխավորած գերատեսչությունը չպիտի ունենա»։ Օրինակին, ըստ նրա, հետևեցին նաև իր քաղաքական թիմից մի շարք պաշտոնյաներ։

«Տարիներ շարունակ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել են առանձին պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, որպեսզի պարզապես այս կամ այն լրատվական միջոցը վատ վերնագրերով և վատ բովանդակությամբ հոդվածներ չգրի տվյալ պաշտոնյայի կամ նրա մերձավորների մասին»:

Հայրապետյանը նաև նշել է, որ մոտ 35-40 հազար դրամ վճարվել է 2 պարբերություն ունեցող նյութի համար, որը, ըստ նրա, ուղղակի մամուլի հաղորդագրություն էր։

Պատգամավորի խոսքով՝ ֆինանսավորման ընթացքում նշված լրատվամիջոցներում վճարող գերատեսչության պաշտոնյայի անունը որոնելիս որևէ բացասական հոդված չես գտնի։

«Եթե հետ հայացք գցենք մայիս-հունիս ամիսներին, ձեզ համար պարզ կլինի, թե որ պաշտոնյաներն են հրաժարվել այդ պրակտիկայից։ Նրանք առավոտից գիշեր 15-20 լրատվամիջոցների կողմից թիրախավորվել են, անխնա քննադատվել, նրանց մերձավորների մասին ստահոդ տեղեկություններ են շրջանառվել։ Միակ նպատակը նախկինում գոյություն ունեցող բոլոր կողմերի շահերից բխող սովորույթը վերականգնելն էր։ Գերատեսչությունների ղեկավարները հարկ վճարողի հաշվին կարողանում էին գնել տվյալ լռությունը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:

Պատգամավորը տեղեկացրել է, որ հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում բարեփոխումներին հաջորդելու է ԶԼՄ մասին օրենքը, որը որևէ պարագայում իր առջև ծայրահեղ խնդիր չի դնելու․ «Հայաստանում չի կարող լինել որևէ իշխանություն, որ որևէ կայք կփակի, բայց մեր երկրում պիտի գործեն նոր մեխանիզմներ՝ հավասար և արդար բոլորի համար»։

Նոր օրենսդրական նախաձեռնություններից զատ, ըստ նրա, իշխանության կարևորագույն անելիքը պետք է ուղղված լինի մեդիագրագիտության տարածմանը։

«Եթե երկրում այն չկա, ապա ՀՀ քաղաքացին անընդհատ սպառնալիքի առաջ է կանգնած լինելու, մանիպուլացվելու, մոլորեցվելու։ Մենք պետք է մեր առջև խնդիր դնենք ունենալ այնպիսի կրթված, իրավագիտակից հասարակություն, որը հստակ կտարանջատի՝ որն է կեղծիքը, սուտը, մանիպուլացիան, դեմագոգիան և որն է իրական ու առողջ քննադատությունը»։

Մեդիագրագիտության թեմային անդրադարձել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ լուրջ անելիքներ կան։

Խոսելով օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ նա նշել է, որ այնպես պետք է անել, որ դրանք երբևէ պրեսինգ չդառնան լրատվամիջոցների գլխին՝ անկախ նրանից մեր դուրը գալիս է լրատվամիջոցը, թե ոչ։

«Ես հասկանում եմ, որ մեդիագրագիտության խնդիր ունենք, նաև պրոֆեսիոնալիզմի։ Բայց եկեք թացը չորին չխառնենք։ Ունենք պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ, իսկապես իրենց խոսքի արժեքը իմացող լրագրողներ, և ցանկացած օրենք, որ մենք դիպչենք լրատվամիջոցներին, պիտի դա անենք շատ զգուշությամբ»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *