2020.05.03,

Նյուսրում

ՄԱԿ-ի ղեկավարը լրագրությունն անվանել է «հակաթույն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրը համընկավ կորոնավիրուսի համավարակի հետ՝ դառնալով առիթ խոսելու ազատ մեդիայի դերի մասին սահմանափակումներով լի միջավայրում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այդ օրվան ընդառաջ ուղերձ հղեց ՝ կոչ անելով ավելի լավ պաշտպանել լրագրողներին, որոնք տրամադրում են «հակաթույն» COVID-19 ճգնաժամը ուղեկցող ապատեղեկատվության համաճարակի դեմ:

«COVID-19 համավարակը տարածվելով, նաև հիմք դարձավ երկրորդ համավարակի՝ ապատեղեկատվության, համար՝ վնասակար առողջապահահական խորհուրդներից սկսած, վայրենի դավադրության տեսություններով վերջացրած: Եվ մամուլը տրամադրում է «հակաթույն»՝ ստուգված, գիտական, փաստերի վրա հիմնված նորություններ և վերլուծություններ»,- ասաց նա:

Պանդեմիայի հետ մեկտեղ ծագած ինֆոդեմիան լուրջ մարտահրավեր է:

Գուտերեշը հորդորեց կառավարություններին պաշտպանել լրագրողներին և պահպանել մամուլի ազատությունը:

Նա ասաց, որ հիմա, երբ ժամանակավոր սահմանափակումները անհրաժեշտ են վարակը կանխելու համար, պետք է գիտակցել, որ սահմանափակումները «չի կարելի չարաշահել և օգտագործել որպես արդարացում՝ հետապնդելով իրենց աշխատանքը կատարող լրագրողներին»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների անկախ զեկուցող Դեյվիդ Քեյն ասել է, որ համավարակի բռնկման սկզբից նա ստանում է տեղեկություն, որ ապատեղեկատվության տարածման քողի տակ թաքնված է նաև վրեժ՝ լրագրողների դեմ:

Դեյվիդ Քեյնի հրապարակած զեկույցում ասված է նաև, որ վերջին ամիսներին անկախ մեդիան «կարևոր լծակ է հանրային տեղեկատվության համար»: Լրագրողները բացահայտում են կառավարության խաբեության պատմությունները, միաժամանակ՝ օգնում մարդկանց հասկանալու համաճարակի բնույթն ու մասշտաբը:

Իսկ լրագրողներին կալանավորելը՝ աշխատանքը կատարելու համար ուղղակիորեն հակասում է մեդիայի համար բարենպաստ միջավայր ապահովելու պարտավորությանը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, աշխարհում շուրջ 250 լրագրող «ճաղերի հետևում է»:

«Պետք է վերջ դրվի լրագրության քրեականացմանը: Դրա սկիզբը կարող է լինել լրագրողներին անհապաղ կալանքից ազատումը»,- ասված է զեկույցում:

Մամուլի ազատության օրվա իր ուղերձում ՄԱԿ-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեդիային «փաստերի և վերլուծությունների տրամադրման, առաջնորդներին հաշվետու պահելու (բոլոր բնագավառներում) և ճշմարտությունը իշխանություններին ասելու համար»:

Նա հատկապես նշել է այն լրագրողներին, որոնք կատարում են «կյանք փրկող»-ի դեր՝ լուսաբանելով հանրային առողջապահական խնդիրները:

«Եվ մենք կոչ ենք անում կառավարություններին պաշտպանել մեդիայի աշխատողներին, ամրապնդել և աջակցել մամուլի ազատությանը, որը կենսական նշանակություն ունի խաղաղության, արդարության և մարդու իրավունքների ապագայի համար», – ասել է Գուտերեշը:

Մայիսի 3–ին ամբողջ աշխարհում տեղի կունենան Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ՝ շատերը օնլայն քննարկումների, բանավեճերի, աշխատանոցների տեսքով:

Մամուլի ազատության համաշխարհային օրը հռչակել է Միացյալ ազգերի կազմակերպությունը 1993 թվականին՝ մամուլի ազատության կարևորության մասին իրազեկությունը բարձրացնելու և կառավարություններին հիշեցնելու արտահայտվելու ազատությունը հարգելու և աջակցելու իրենց պարտականության մասին, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածով:

Այս տարի ինտերակտիվ քննարկումներն ու վեբինարները կանցնեն տարբեր հարթակներում: Այս տարվա ենթածրագրերն են.

  • կին և տղամարդ լրագրողների և մեդիա աշխատողների անվտանգությունը,
  • անկախ և պրոֆեսիանալ լրագրության անկախությունը քաղաքական և առևտրային ազդեցությունից,
  • գենդերային հավասարությունը՝ մեդիայի բոլոր տեսանկյուններից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2020թ․-ի  արշավի խորագիրն է՝ «Լրագրությունն առանց վախի կամ բարեհաճության» (Journalism without Fear or Favour): Արշավի նպատակը լրագրության դերի գիտակցումն է օրեցօր բարդացող  միջավայրում:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *