2019.12.26,

Նյուսրում

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի՝ Media.am-ի հոդվածի որոշման մասին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքը միշտ կարևորել է լրատվամիջոցների ինքնակարգավորման ինստիտուտը։ Մենք ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի մաս ենք ու աշխատել ենք մեր ուժերի չափով հանրահռչակել այս կառույցը։

Լրագրողական էթիկական սկզբունքներով աշխատող թիմն իր գործընկերների ու լսարանի առաջ լրացուցիչ պարտավորություններ է վերցնում ու պատրաստ է իր աշխատանքը քննադատող կարծիքներ քննարկել։

Նման քննարկման առիթ էր «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունից՝ մեր «Ջորջ Սորոս. ինչպես ստեղծվեց ամենահայտնի դավադրության տեսություններից մեկը» հոդվածի մասին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին ուղարկված բողոքը։

Բողոքն առնչվում էր հոդվածում օգտագործված լուսանկարին։ Դիմումատուի կարծիքով հոդվածում օգտագործված նկարը «ապակողմնորոշիչ կամ մանիպուլյատիվ բնույթ ունի:

«Թեպետ հոդվածագիրը բազմակողմանի ներկայացրել է հարձակումները  «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի դեմ, սակայն օգտագործված լուսանկարն առանց մեկնաբանության տեղադրելը հոդվածի ամենասկզբում ապակողմնորոշիչ է և թյուրիմացության մեջ է գցում ընթերցողին, հատկապես, եթե նկատի ունենանք, որ լուսանկարը որևէ կապ չունի հայաստանյան իրականության հետ»,- գրված է բողոքում:

Հոդվածում մեր օգտագործած նկարը հունգարական՝ Օրբանի կառավարության պրոպագանդայի պաստառներից է ու վրայի գրառումն ասում է «Մի թող, որ Սորոսը վերջինը ծիծաղի»։ Օրիգինալ պաստառում վախենալու ոչինչ չկա, սակայն պաստառը ենթարկվել է վանդալիզմի ու հենց դա էլ Սորոսի կերպարի դեմոնիզացիայի խորհրդանիշ է։

Lydia Gall/Human Rights Watch հեղինակությամբ լուսանկարը մենք օգտագործել էինք որպես ձևավորում։ Նույն լուսանկարը օգտագործել է Human Rights Watch-ը՝ հակասորոսական արշավի մասին պատմող նյութում։

Նույն կոնտեքստում նկարը օգտագործել է նաև Euobserver կայքը, որը Բրյուսելում աշխատող, շահույթ չհետապնդող առցանց պարբերական է ու ֆինանսավորվում է Նիդերլանդներում գործող Adessium հիմնադրամի դրամաշնորհով, ինչպես նաև բաժանորդագրությամբ ու գովազդով։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին պատասխան նամակում մենք նշեցինք, որ հոդվածը «գրվել է Երևանում «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակի առջև պիկետների կամ, ինչպես դիմումատուն է ձևակերպում, հարձակումների ակտիվ շրջանում։

Հոդվածը պատմում է, թե ինչպես են ժամանակին Հունգարիայում Ջորջ Սորոսից թշնամու կերպար ստեղծել ու օգտագործել հասարակությունը մանիպուլացնելու ու ընտրությունները հաղթելու համար, թե ինչպես է այդ նույն կերպարը կիրառվել այլ երկրներում ու թե ինչպես է հիմա նույնը կրկնվում Հայաստանում»։

Դիմումատուն նշել էր, թե «լուսանկարը որևէ կապ չունի հայաստանյան իրականության հետ»։

Մեր պատասխանում ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին ներկայացրել ենք, որ Media.am-ի հոդվածը ուղիղ կապ ունի հայաստանյան իրականության հետ։

Այն պատմում է Հունգարիայի կառավարության՝ հակասորոսյան պրոպագանդայի  ու Սորոսի կերպարի դեմոնիզացիայի մասին.

«Հոդվածի հրապարակման օրերին Սորոսից թշնամու կերպար ստեղծելու նույն պրոպագանդիստական արշավը, որ եղել է Հունգարիայում, ընթանում էր Հայաստանում, ու հենց դա է հոդվածի լուսանկարի ուղիղ կապը հայաստանյան իրականության հետ։ Հոդվածի միայն մի հատվածն է Հայաստանի մասին, հոդվածը տեղադրվել է մեր կայքի Ստուգված է բաժնում, որտեղ նաև տարբեր միֆերի վերաբերյալ հոդվածներ ենք հրապարակում, ու այս հոդվածի նպատակը նաև Սորոսի միֆի վերաբերյալ օգտակար ու կիրառելի տեղեկություն փոխանցելն է»։

Դիմումատուն գրել էր, որ «օգտագործված լուսանկարն առանց մեկնաբանության տեղադրելը հոդվածի ամենասկզբում ապակողմնորոշիչ է և թյուրիմացության մեջ է գցում ընթերցողին»։

Մենք համաձայն չէինք, որ լուսանկարը՝ սեպտեմբերի այդ օրերին տեղի ունեցող իրադարձությունների  կոնտեքստում ապակողմնորոշիչ էր։ Սակայն մենք համաձայն էինք, որ «լուսանկարի մակագրությունը լիովին պարզ կդարձներ դրա օգտագործման անհրաժեշտությունը»:

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի եզրակացության եզրափակիչ մասը սահմանում է.

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը՝

– ընդունելով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի մեկնաբանությունը, որ հոդվածի բովանդակությունը չի հաստատում բողոքում ներկայացված վարկածը, և որ հոդվածը հենց ատելության խոսքն ու թշնամանքը գիտելիքի օգնությամբ կանխարգելելու նպատակ ունի,

– նկատի առնելով, որ հրապարակման մեջ բացակայում են լուսանկարի հեղինակի անունը, սկզբնաղբյուրի հղումը և համատեքստը, ինչի պատճառով կարող է առաջանալ այն տպավորությունը, որ խնդրո առարկա լուսանկարը հենց Media.am-ի հեղինակածն է,

– շեշտելով, որ լուսանկարի հեղինակի անվան կամ սկզբնաղբյուրի հղման բացակայությունը առաջացնում է նաև հեղինակային իրավունքի խնդիր, ինչպես նաև միայն լուսանկարով, առանց տեքստը կարդալու հրապարակման մասին դատող ընթերցողի մոտ այն կարող է նյութի ընկալման առումով շփոթություն առաջացնել,

արձանագրում է.

  1. Media.am կայքում 2019թ. սեպտեմբերի 11-ին հրապարակված Կարինե Ղազարյանի «Ջորջ Սորոս. Ինչպես ստեղծվեց ամենահայտնի դավադրության տեսություններից մեկը» հոդվածում առկա են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի պահանջների հետ մի շարք հակասություններ:

Այսպես՝

  1. «Ջորջ Սորոս. Ինչպես ստեղծվեց ամենահայտնի դավադրության տեսություններից մեկը» վերտառությամբ հոդվածում բազմակողմանի ներկայացվել են հարձակումները «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» դեմ: Միևնույն ժամանակ օգտագործված լուսանկարն առանց մեկնաբանության տեղադրելը հոդվածի ամենասկզբում հակասում է Հայաստանի լրատվամիջոցների լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 1.5 կետով սահմանված՝ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերի՝ իրականությանը համապատասխանելու սկզբունքին: Սակայն լուսանկարի այդ կերպ օգտագործումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով չի կարող գնահատվել վիրավորական, քանի որ այս հրապարակմամբ կայքը նպատակ չի ունեցել արատավորելու «ԲՀՀ –Հայաստան» կազմակերպության գործարար համբավը:
  2. Այլ հեղինակի կողմից արված լուսանկարը բողոքի առարկա հոդվածում առանց հղման օգտագործելը հակասում է «Հեղինակային իրավունքի հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝ «Ստեղծագործության ազատ օգտագործումը» դրույթներին։
  3. Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների պատրաստակամությունը՝ քննարկելու լուսանկարին մակագրություն ընտրելու հարցը համապատասխանում է Հայաստանի լրատվամիջոցների լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 6-րդ կետին՝ Ազնվություն հանրության հետ հարաբերություններում։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը գտնում է, որ տվյալ դեպքում լավագույն լուծումն է՝ փոխադարձ համաձայնությամբ լուսանկարին մակագրություն դնելը և հեղինակին նշելը՝ ի կատարումն սույն եզրակացության։

Մենք արդեն կատարել ենք Դիտորդ մարմնի եզրակացույթան մեջ նշվող առաջարկը՝ ավելացրել ենք լուսանկարի մակագրությունը ու հոդածում նշել ենք, թե երբ ենք ավելացրել այդ մակագրությունը և ինչու։

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը գործում է 2007թ.-ից։ Այն աշխատում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի, ՀՀ օրենքների, միջազգային իրավական ակտերի ու դատական նախադեպերի հիման վրա:

Կանոնագիրը ստորագրել է Հայաստանի 47 լրատվամիջոց, ինքնակարգավորման նախաձեռնությանը սատարում է  լրագրողական 8 միություն:

Դիտորդ մարմինն ունի իր աշխատակարգը։ ԶԼՄ ինքնակարգավորման մարմինն ունի 14 անդամ, որոնք ներկայացնում են լրատվամիջոցների ղեկավար կազմը, լայն հասարակությունը և լրագրողական մասնագիտական հանրությունը: Նիստերը գումարվում են 14 անդամներից առնվազն  7-ի մասնակցությամբ, որոշումները կայացվում են պարզ մեծամասնությամբ։

Ինքնակարգավորման նախաձեռնության անդամ լրատվամիջոցը պարտավորված է հրապարակել Դիտորդ մարմնի եզրակացությունը։

Եզրակացությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ կամ Երևանի մամուլի ակումբի կայքում։

Գեղամ Վարդանյան
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *