«Ա1+»-ը այսօր դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել նախկինում ընդունված ու դեռևս ուժի մեջ գտնվող վարչական ակտերը, ըստ որոնց խախտվել է հեռուստաընկերության իրավունքը 2002-ին և դրանից հետո։ Այս մասին Media.am-ին տեղեկացրել է փաստաբան Դավիթ Ասատրյանը։
2002թ.–ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կայացրած որոշմամբ «Ա1+»-ը զրկվեց իր հաճախականությունից։ 2003-ից սկսած հեռուստաընկերությունը պարտվեց նաև ՀՌԱՀ-ի հայտարարած հեռուստակապուղու 7 մրցույթներում։ Այս որոշումները ներպետական դատարաններում բողոքարկելու քայլերը արդյունք չտվեցին։
Հեռուստաընկերության՝ իրավական գործընթաց սկսելու մասին օրերս հայտարարվել է «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանի, փաստաբաններ Արա Ղազարյանի ու Դավիթ Ասատրյանի համատեղ ասուլիսի ժամանակ։
Մեսրոպ Մովսեսյանի խոսքով՝ նախորդ իշխանությունները 17 տարի շարունակ խախտել են իրենց իրավունքներն ու զրկել հեռուստաեթերից։
2008 թ.–ին միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրեց հեռուստաընկերության իրավունքների խախտման փաստն ու ՀՀ–ին պարտավորեցրեց «Ա1+»-ի սեփականատեր «Մելտեքս» ընկերությանը տրամադրել 30 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի և դատական ծախսերի փոխհատուցում։
Փաստաբան Արա Ղազարյանն ասում է, որ «Ա1+»-ը այդ փոխհատուցումը ստացել էր եվրոպական կոնվենցիայի խախտման դիմաց, իսկ իրենց նպատակը ներպետական դատարաններում այդ իրավունքների խախտումն արձանագրելն է։
«Բոլորն էլ գիտեն, որ «Ա1+»-ը խտրականության զոհ է դարձել, բայց մինչև հիմա արդարացի փոխհատուցում չի ստացել։ Եթե հիմա էլ լիցենզիա տան՝ դա արդարացի փոխհատուցում չի լինի»,-ասում է Արա Ղազարյանը։
Փաստաբանի խոսքով՝ առաջին քայլը ուժի մեջ մտած վարչական ակտերի վերացումն է։ Երկրորդ քայլով պետք է հասնեն նրան, որ նոր դատական ակտերով ամրագրվի «Ա1+»-ի իրավունքների խախտման փաստը, իսկ դրանց հետևելու է նաև ֆինանսական փոխհատուցման պահանջ։
Թե ինչ չափի փոխհատուցում են պահանջելու, առայժմ պարզ չէ։ Մեսրոպ Մովսեսյանի խոսքով՝ դեռևս չեն հաշվարկել։
Պատասխանող կողմը կառավարությունն է, որն էլ որոշելու է, թե ինչպես է բավարարելու այդ հատուցումը։
Մեսրոպ Մովսեսյանը կարծում է, որ այժմ արդարությունը վերականգնելու հավանականությունը մեծ է, քանի որ «իշխանությունը փոխվել է, և դատարաններն էլ իշխանությունների հրահանգով չեն աշխատում»։
Հեռուստաընկերությունը պատրաստվում է մասնակցել առաջիկայում նախատեսվող հեռուստակապուղու մրցույթին։ Ճիշտ է, անցած 17 տարիների ընթացքում ընկերությունը մեծ վնասներ է կրել, այդ թվում՝ տեխնիկական, բայց, ըստ Մեսրոպ Մովսեսյանի, սկզբի համար «Ա1+»–ի հնարավորությունները թույլ են տալիս մասնակցել մրցույթին ու մրցակցել մյուս ընկերությունների հետ։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: