2019.12.05,

Նյուսրում

Արցախի լրատվական դաշտը 2020 թվականի ընտրություններին սպասելիս

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախի լրատվադաշտում էական փոփոխություններ չեն եղել։ Այս կարծիքին են այնտեղ գործող համեմատաբար ակտիվ լրատվամիջոցների ղեկավարները։ 

Վերջին երկու տարում քանակական փոփոխություն եղել է, իսկ բովանդակային առումով լուրջ առաջընթաց չկա։ Երեք նոր լրատվական կայք է ստեղծվել՝ Arcakh24-ը (այս կայքում մեկ-մեկ քննադատում են իշխանությանը) և Luyspress-ը (այստեղ մյուս լուրերի հետ ակտիվորեն տեղադրում են Վիտալի Բալասանյանի կարծիքներն ու նրա գրասենյակի հայտարարությունները), իսկ օրերս էլ հայտարարվել է նաև Artsakh1-ի մասին (կայքն իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է միայն հարցազրույցներ)։ Բոլոր երեք կայքերում էլ որևէ տեղեկություն չկա հիմնադիրների մասին։ 

Արցախյան լրատվադաշտի փոփոխություններն և իրականության արտացոլումը լրատվամիջոցներում

Լրատվադաշտի փոփոխությունները խմբագիրները կապում են 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ։

Արցախպրես լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Վահրամ Պողոսյանն ասում է, որ հեղափոխությունից հետո մեծ փոփոխություններ չեն եղել, քանի որ «Արցախում խնդիր կա մեդիադաշտի որակական փոփոխության, ուստի այս իմաստով պատճառները ավելի խորքային են»: 

Ըստ նրա, ասել, որ լրատվամիջոցներում ամբողջությամբ արտացոլվում է իրականությունը, ազնիվ չէր լինի։ Բոլոր լրատվամիջոցներում, անկախ լրատվության որակից, առկա է հանրային նշանակության խնդիրների լուսաբանում: 

«Հիմնական խնդիրը այդ լրատվամիջոցների հասանելիությունն է: Դրանք հիմնականում տպագիր են և հետաքրքիր բովանդակության լուրջ խնդիր ունեն: Այսինքն դրանց կարելի է որակել որպես չընթերցվող լրատվամիջոցներ: Պետական ֆինանսավորմամբ գործող այդ թերթերն ու ամսագրերը հիմնականում ապահովում են ցածր վարձատրվող աշխատատեղեր, որոնցում ընդգրկված են հաճախ լրագրության հետ կապ չունեցող մարդիկ»,-ասում է Վահրամ Պողոսյանը: 

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության տնօրեն Մերի Դավթյանը, ով պաշտոնը ստանձնել է հետհեղափոխական շրջանում, ասում է, որ հանրային հեռուստառադիոընկերությունը որևէ ազդեցություն չի կրել: 

«Բոլոր ակնհայտ ու չերևացող փոփոխությունները պայմանավորված են նոր ղեկավարության քաղաքականությամբ: Խոսքս առավելապես վերաբերում է հեռուստատեսության ազատականացմանը: Իսկ ընդհանուր առմամբ, թե արտաքին տպավորության, թե եթերային քաղաքականության իմաստով ընկերությունը հեղափոխական որևէ փոփոխության չի ենթարկվել»: 

Դաշտի հիմնական խաղացողները, ըստ նրա, Հանրային հեռուստառադիոընկերությունն է, Ազատ Արցախ պաշտոնաթերթը, Արցախպրես գործակալությունը, Արցախթայմս մեդիառեսուրսը, կուսակցական պարբերականները և առցանց մեդիայի մեկ-երկու հարթակներ, որոնք «տեղեկատվական մրցակցության մեջ չեն, այլ փորձում են լրացնել ինֆորմացիոն ուղղությունները»: 

«Ընդգծված ընդդիմադիր հայացքներով գործող մեդիա չունենք: Կարծում եմ, գործողներից յուրաքանչյուրը փորձում է այս կամ այն կերպ օբյեկտիվորեն լուսաբանել արցախյան իրողությունները»,-ասում է նա։

Մերի Դավթյանի խոսքով՝ հեռուստառադիոընկերության նկատմամբ վստահությունը մեծացել է։ Արցախի հանրայինը քայլ առաջ է արել՝ դառնալու տեսակետների բախման հարթակ, որտեղ քննարկվում են տարբեր թեմաներ․ «Կարող է դրանք առայժմ հեռուստատեսային կատարյալ ձևաչափով չեն և կատարման առումով թերացումներ ունենք, բայց բովանդակային իմաստով, հաստատ արտահայտում են հանրության տարբեր շերտերի հետաքրքրությունները: Մենք եթերացանցում ընդգրկել ենք քաղաքական թեմաներով նախագծեր, որոնք երկխոսության են հրավիրում տարաբևեռ հայացքներ կրող մասնակիցների»։ 

ՀՅԴ Ապառաժ պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արա Պուլուզյանը Արցախի մեդիադաշտում վերջերս նկատվող որոշակի աշխուժությունը կապում է «դեռևս մեկ տարի առաջ սկսված նախագահական և խորհրդարանական ընտրապայքարի հետ, այլ ոչ թե 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների»։ 

«Կապված 2020թ. ընտրությունների  հետ, մեդիադաշտում ավելի աշխուժորեն է քննարկվում քննադատական և «ընդդիմադիր» հայեցակետից արծարծվող տեղեկատվությունը: Բոլորը փորձում են ժողովրդահաճո թվալ: Շատերը խուսափում են պատասխանատվությունից և յուրաքանչյուր առիթ օգտագործում «բարի հրեշտակ» երևալու համար»: 

Ըստ նրա՝ արցախյան լրատվական դաշտում կա աշխատողների գրագիտության, ինչպես նաև դաշտին հետևողների ճիշտ ըմբռնման և կողմնորոշման խնդիր: 

Օնլայն թերթերի ու հարթակների ակտիվությունը

Վահրամ Պողոսյանի խոսքով՝ դաշտը կարելի է բաց համարել, քանի որ օնլայն տիրույթում Արցախում երկու լրատվամիջոց է ակտիվ գործում․ Արցախպրեսը հիմնականում հաղորդում է իրադարձային լուրեր, իսկ ՀՅԴ Ապառաժ պաշտոնաթերթը սուբյեկտիվ մոտեցմամբ է արձագանքում խնդիրներին: «Այսինքն եթե կան ինչ-որ խնդիրներ, որոնք արժանի են լրատվամիջոցների ուշադրությանը, սակայն որևէ ձևով կապված են կուսակցական գործիչների հետ, ապա այն բնականաբար չի լուսաբանվի»,-ասում է նա: 

Արա Պուլուզյանը էլ այն կարծիքին է, որ Ապառաժում խնդիրների լուսաբանման անաչառությունը նաև կուսակցական մամուլ լինելու արդյունք է և այն, որ իրենք չեն թաքցնում այս կամ այն քաղաքական թիմի ենթակայությունը:

Ի դեպ, Ապառաժը վերջին շրջանում ակտիվացել է ու նույնիսկ բնապահպանական թեմաներով է սկսել գրել։ 

Նա չցանկացավ առանձնացնել որևէ ակտիվ թերթի կամ լրատվական հարթակի, սակայն կարծում է, որ առաջիկայում կաշխուժանան նաև այլ լրատվամիջոցներ՝ դարձյալ կապված 2020թ. նախագահական ընտրությունների հետ։ 

Մերի Դավթյանի կարծիքով՝ ամենաակտիվն ու օպերատիվը Արցախպրես գործակալությունն է: Արցախի հանրայինը եթերային կոնտենտից դուրս նախանշում է ակտիվանալ նաև համացանցում: 

«Պաշտոնական կայքի ռեբրենդիգից հետո մտադիր ենք առավել սեղմ ժամկետներում ինֆորմացիան հասցնել մեր սպառողներին: Արցախի հանրային հեռուստատեսության եթերին օնլայն հետևելու հնարավորություն պիտի ստեղծենք ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով ու պլանշետներով»։ 

Ի տարբերություն լրատվամիջոցների, սոցցանցերում օգտատերերը ավելի ակտիվ են դարձել՝ այստեղ ավելի հաճախակի են սկսել բարձրաձայնել խնդիրների մասին։  

Վահրամ Պողոսյանի կարծիքով՝ ֆեյսբուքում առանձին օգտատերերի կողմից որոշակի ակտիվություն կա, բայց հաճախ ապրիորի կերպով:

Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը նույնպես կարծում է, որ բովանդակային առումով համարյա ոչինչ չի  փոխվել Արցախի լրատվադաշտում։ 

«Ընդամենը թեժացել են քաղաքական «կրակակետերը»: Ստեղծվում են նոր կուսակցություններ, հասարակական շարժումներ, որոնց ծագումնաբանությունը դեռևս դժվար է ստույգ գնահատել: Տվյալ համապատկերին ի՞նչ կարելի է ակնկալել մեդիադաշտից. նախկինում գործող նույն լրատվամիջոցներն են, որոնք պետական, կուսակցական կամ գերատեսչական հովանավորություն ունեն և որոնց առաքելությունն այլ մեկնաբանություն չի կարող ունենալ»:

Զուգահեռաբար, ըստ նրա, ակտիվացել են  սոցիալական ցանցերը` գաղափարաբանական նոր շերտեր ի հայտ բերելով հասարակության մեջ: «Եթե բազմակարծության առումով սա հատկանշական երևույթ կարելի է համարել, ապա տեղեկատվության հուսալիության ու անաչառության տեսանկյունից խոցելի տեղեր ունի»: 

Արցախը պատրաստվում է համապետական ընտրությունների, և տեղեկատվական տարերայնությունը կարող է  բացասական ազդել հասարակական տրամադրության վրա: 

Կիմ Գաբրիելյանը, մտավախություն ունի, որ այդ ընթացքում հապճեպ ստեղծված էլեկտրոնային թերթերը, սիրողական մակարդակ ունեցող  կայքերը և սոցցանցն, առհասարակ, ապակողմնորոշիչ դեր են կատարելու: Եվ դեռ հարց է` ընտրություններից հետո արհեստվարժ մեդիադաշտը կրկին կարժևորվի, գոնե, իր նախկին կարևորվածության չափով: 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *