2019.11.15,

Նյուսրում

Հայաստանի հեռուստաալիքները, կայքերն ու թերթերը. հարցում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն ու «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»-ը Մեդիայի սպառման և ապատեղեկատվության մակարդակի մասին նոր ուսումնասիրություն են ներկայացրել։

2019 թ․ հունիս-հուլիս ամիսներին Երևանի և մարզերի 1200 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման համաձայն, մարդկանց ամենաշատը հետաքրքրում է երկրում տեղի ունեցող իրադարձությունները՝ 18.1%, երաժշտական 12.6%, սոցիալական 11.8%, զվարճալի, ժամանցային 10.4%, տնտեսական 9.8% և այլ տեղեկություններ:

Հարցվողների 36.5%-ն ասել է, որ նախընտրում է տեղեկություններ ստանալ համացանցից, 35.7%-ը հեռուստատեսությունից: Մնացած դեպքերում մարդիկ ավելի շատ նախընտրում են տեղեկություններ ստանալ ընտանիքի անդամներից (8.2%), ընկերներից (7.2%) և գործընկերներից (3.7%), քան ռադիոյից (3.7%) և տպագիր թերթերից (1.5%):

Տեղական հեռուստաալիքներից մարդիկ նախապատվությունը տալիս են Շանթին (24.6%), Արմենիային (24.6%) և Հանրային հեռուստատեսությանը (12.4%), իսկ արտերկրի  հեռուստաալիքներից PTP-ին (6.1%), OPT-ին (5.1%) և HTB-ին (2.5%):

Ըստ հարցման, այս նախապատվությունը պայմանավորված է նաև վստահությամբ. Շանթը, Արմենիան և Հանրայինը համարվում են վստահելի հեռուստաալիքներ, արտասահմանյան լրատվամիջոցները պակաս վստահելի են:

Հեռուստատեսությամբ մարդիկ ամենաշատը դիտում են լրատվական (21.6%), հումորային (16.5%), երաժշտական (12.8%) հաղորդումներ և սերիալներ (11.2%): Մշակութային, սպորտային, գիտաճանաչողական, քաղաքական հաղորդումները ավելի պակաս դիտողականություն ունեն:

Ռադիոալիքներից մարդիկ նախընտրում են Հանրային ռադիոն (19.7%), Ազատություն ռադիոն (15.7%), Ավրորան (10.3%), Վանը (7.9%), Ռադիո Հայը (7.1%), Ռադիո Ջանը (6.7%): Արձագանքը, Սիթի FM-ը, Քիս FM-ը, Ամերիկայի ձայնը համեմատաբար քիչ սպառում ունեն:

Ռադիոյով մարդիկ սիրում են երաժշտություն, լրատվություն, հումորային հաղորդումներ լսել:

Հարցվածների 85%-ը թերթ ընդհանրապես չի կարդում: Մնացած 15%-ն ամենաշատը կարդում են Հայկական ժամանակ (15.1%), Առավոտ (11.8%), Հրապարակ (7.5%), Իրավունք (7.2%), Եթեր (6.9%): Հարցվողների 18%-ից ավելին դժվարացել են ասել թերթերից որոնք են վստահելի, մնացածները նշել են Հայկական ժամանակ, Իրավունք, Առավոտ թերթերը: 

Տպագիր մամուլից նրանք սպասում են հիմնականում ներքին և արտաքին քաղաքական, մշակութային և գիտաճանաչողական հոդվածներ:

Փաստ, Զինվոր, Շրջապատ, Չորրորդ իշխանություն, Ֆուտբոլ+, TV Մոլ թերթերն ամենաքիչն են կարդում:

Հարցվողների 59%-ը համացանցից օգտվում է հեռախոսով, 32%-ը համակարգչով, 9%-ը պլանշետով: 55%-ը օգտվում է Ֆեյսբուքից, 19%-ը Ինստագրամից, 13%-ը Օդնակլասնիկիից և միայն 3%-ը Յություբից:

Ֆեյսբուքն, ըստ հարցման, ամենավստահելի ինտերնետային հարթակն է (39.6%): Հարցվողների 35%-ից ավելին ասել է, որ ոչ մի հարթակ վստահելի չէ:

Ինտերնետային կայքերից մարդիկ ամենաշատը նախընտրում են Azatutyun.am-ին (18.1%) և News.am-ին (10.7%): Երրորդ տեղում 1in.am-ն է (6.1%): Այս կայքերը նաև համարում են ամենավստահելիները:

Անվստահելի կայքեր են համարում Blognews.am, News.am, 168.am, Slaq.am, 7or.am առցանց լրատվամիջոցները:

Հարցվածների կեսից ավելին հետևում է հասարակական-քաղաքական գործիքների լայվերին: Ամենաշատը հետևում են Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Էդմոն Մարուքյանի, Արսեն Թորոսյանի, Արայիկ Հարությունյանի լայվ հեռարձակումներին:

Համացանցում մարդիկ հիմնականում հետևում են լրատվությանը (22.3%), երաժշտական (15.9%) և հումորային բովանդակությանը (14.8%):

Մարդիկ ցանցերում տեղեկատվության որոնում են իրականացնում հիմնականում հայերենով (74%): Ստացված տեղեկատվությունն այլ աղբյուրների հետ համեմատում է հարցվողների 12%-ը, հաճախ է համեմատում 19%-ը, երբեմն՝ 40%-ը:

Ստացած նորությունը մարդիկ առավել հաճախ (24%) ճշտում են հեռուստատեսությունից, 23.6%-ը՝ ընկերներից, հարևաններից և գործընկերներից, 20.7%-ը՝ սոցիալական կայքերից, 16.2%-ը՝ առցանց լրատվամիջոցներից:

Ըստ հարցման, հիմնականում մեդիագրագետ են բարձրագույն կրթություն ունեցող 18- 45 տարեկան քաղաքացիները: Մեդիագրագիտության ամենացածր մակարդակը Արագածոտնի մարզում է, ամենաբարձրը՝ Տավուշում, Կոտայքում, Լոռիում և Երևանում:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *