2019.10.22,

Նյուսրում

Հայաստանում լրատվամիջոցների ու լրագրողների դեմ դատական հայցերի թիվն աճել է

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Այս տարվա երրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ 33 նոր հայց է ներկայացվել դատարան։ Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) տվյալներով՝ առաջին և երկրորդ եռամսյակներում այդ թիվը համապատասխանաբար 28 և 25 էր։

Այսօր ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին երրորդ եռամսյակի տվյալները, նշել է, որ նախորդ երկու տարում այնքան դատական հայց չի եղել, ինչքան այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում։

Այս եռամսյակի 33 գործերից 30-ը վիրավորանքի և զրպարտության հիմքով է։ Հայցվորներից 13-ը ներկա և նախկին պաշտոնյաներ են, 9-ը՝ շարքային քաղաքացիներ, 5-ը՝ գործարար, 1-ական քաղաքական գործիչ, շոու բիզնեսի ներկայացուցիչ և լրագրող։

Պատճառն, ըստ Աշոտ Մելիքյանի, հետհեղափոխական շրջանում լրատվամիջոցների բևեռվածության սրացումն է։ «Մենք տեսնում ենք, որ քաղաքական պայքարը տեղափոխվել է լրատվամիջոցներ, իսկ այնտեղ բոլոր միջոցներն են լավ համարվում, միայն թե հակառակորդին, ընդդիմախոսին ոչնչացնեն, ցեխ շպրտեն և այլն՝ ֆեյք լուրերի, մանիպուլյացիաների միջոցով»,-ասում է Աշոտ Մելիքյանը։

Մյուս կողմից, նրա կարծիքով, որոշ դեպքերում քաղաքական գործիչները, շուո բիզնեսի ներկայացուցիչները լրագրողների ոչ հաճելի հարցերի դեպքում կոպտում են, վիրավորում, կամ փորձում քննադատությունը վիրավորանք կամ զրպարտություն ներկայացնել։

Այս եռամսյակում արձանագրվել է լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության 1 դեպք։ Նախորդ եռամսյակում այդպիսի դեպք չէր եղել, ինչը հազվագյուտ կարելի է համարել։

Նախորդ երկու եռամսյակների համեմատությամբ նվազել է լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը։

Եռամսյակի ընթացքում ճնշումների ընդհանուր թիվը 35-ն է (նախորդ եռամսյակներին համապատասխանաբար՝ 41-ի և 42-ի դիմաց), իսկ տեղեկություններ ստանալու իրավունքի խախտման թիվը՝ 11 (համապատասխանաբար՝ 51-ի և 15-ի դիմաց)։

Երրորդ եռամսյակն աչքի է ընկել օրենսդրական բուռն քննարկումներով։ Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովն ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ լրագրողները արդեն կարող են ազատ ելումուտ անել քաղաքապետարան, ներկա գտնվել ավագանու նիստերին և լուսաբանել դրանք։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովում քննարկվում է ԽԱՊԿ, Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ մշակված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը։

Աշոտ Մելիքյանը անդրադարձավ 2018-ի սեպտեմբերին Yerevan Today-ի խմբագրությունում հետախուզման և տեխնիկայի առգրավվման դեպքին, նշելով. «Այս եռամսյակի ընթացքում մենք ևս մեկ հարցում ենք ուղարկել քննչական կոմիտե և խնդրել ենք, որ առգրավված տեխնիկայի փորձաքննության արդյունքները տրամադրեն՝ փակելով գաղտնի մասերը։ Մենք ստացել ենք տեղեկատվություն, որ փորձաքննության արդյունքում քննությանը հետաքրքրող որևէ տվյալ չի հայտնաբերվել։ Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ այն բիրտ քայլը, որը կիրառվեց խմբագրության նկատմամբ, ոչ այլ ինչ էր, քան ճնշում լրատվամիջոցի վրա»։

Նրա կարծիքով, ճնշման հրաման տվողն ու իրենց լիազորություններն անցնողը պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Գնահատական խոսքի ազատությանը

Գնահատելով խոսքի ազատության վիճակն ընդհանուր առմամբ՝ Աշոտ Մելիքյանը առանձնացրեց երկու փաստ. «1990-ականներից մինչ հիմա հայաստանյան լրատվամիջոցները այսքան ազատ չեն եղել իշխանությունների ճնշումներից կամ միջամտություններից, քան հիմա։ Համարում եմ, որ այդ հեռախոսային կամ այլ տեսակի ճնշումները, նախազգուշացումները, միջամտությունները խմբագրական քաղաքականությանը դադարել են, և եթե որևէ մի խմբագրություն իսկապես բախվի այդպիսի մի սահմանափակման կամ ճնշման, կոչ եմ անում բարձրաձայնել դրա մասին։ Իհարկե լինում են Yerevan Today-ի նման դեպքեր, բայց դա ավելի շատ բացառություն է հիշեցնում, քան օրինաչափություն։ Իսկ օրինաչափությունը այն է, որ իշխանությունը հայտարարել է, որ չի միջամտելու լրատվամիջոցների գործունեությանը և հիմնականում հարազատ է մնում խոստմանը։

Երկրորդ՝ 1990-ականներից սկսած չի եղել ժամանակահատված, որ  մասնավոր հեռուստաընկերությունները ամբողջությամբ մնան ընդդիմության ձեռքում՝ ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական։ Այդ տարիների ընթացքում եթե որևէ հեռուստաընկերություն անցներ կարմիր գիծը կարժանանար A1plus-ի ճակատագրին։ Հիմա մասնավոր հեռուստաընկերությունները քարոզչամիջոցներ են և սպասարկում են կոնկրետ քաղաքական ուժի շահերը։ Առաջադեմ մոտեցում է, որ գործող իշխանությունը չի միջամտում գործընթացներին և չի նախաձեռնում սեփականության վերաբաշխման գործընթաց իր օգտին»։

Աշոտ Մելիքյանը միաժամանակ փաստեց, որ պետական մարմինների աշխատանքը պաշտոնական տեղեկատվություն տարածելու մասով դեռ լուրջ կատարելագործման կարիք ունի։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *