2019.10.11,

Նյուսրում

Ղարաբաղյան հակամարտություն․ լրագրողները կարող են նպաստել երկխոսությանը

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հայ-ադրբեջանական ոչ պաշտոնական երկխոսությունը պետք է զուգահեռաբար ընթանա պաշտոնական բանակցություններին։ 

Այս եզրահանգմանն են եկել Երևանի մամուլի ակումբում՝ 2018-2019թթ  «Յենի նեսիլ» Ադրբեջանի լրագրողների միության համագործակցությամբ «Հայաստան-Ադրբեջան. երկխոսության նոր հնարավորությունների որոնում» հետազոտության արդյունքներից հետո։ 

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների մասնակիցները պետք է անկախ կառույցների միջև հաղորդակցությանը չխանգարելու և դրան նպաստելու որոշակի պարտավորություններ վերցնեն։ 

«Մեր առաջարկություններից մեկն էլ հենց դա էր, որպեսզի հանդիպումների օրակարգում քննարկվեն երկկողմանի ոչ պաշտոնական հարաբերությունները»,-ասում է Մամուլի ակումբի ղեկավարը։ 

Հետազոտության (անգլերեն և ռուսերեն) մի բաժինն էլ լրատվամիջոցների մոնիտորինգին է վերաբերում։ Այն զուգահեռաբար անցկացվել է Հայաստանում և Ադրբեջանում՝ 2018թ․ սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 15-ը և նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 15-ը։ 

Մոնիտորինգի համար Հայաստանից ու Ադրբեջանից ընտրվել են 4-ական ինտերնետ լրատվամիջոցներ։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ընտրել են առավել ճանաչված, ղարաբաղյան հիմնախնդրով և հայ-ադրբեջանական երկխոսությամբ հետաքրքրված, տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող լրատվամիջոցներ։ 

Հայաստանից ընտրել են Aravot.am-ին,  Golos Armenii-ին, Lragir.am-ին, News.am-ին, Ադրբեջանից՝ Haqqin.az-ին, Turan.az-ին, Yeni Musavat-ին ու Zerkalo.az-ին։ 

Հրապարակումների հիմնական թեմաները

Համաձայն հետազոտության՝ հայկական լրատվամիջոցներում ամենաշատն անդրադարձել են փոխզիջումների հիման վրա հակամարտության կարգավորմանը, Հայաստանի քաղաքական իրավիճակի փոփոխության դրական ազդեցությանը, շփման գծում մշտադիտարկմանը, առաջին գծից դիպուկահարների դուրս բերմանը։ Շատ են հրապարակումներն այն մասին, որ հակամարտող կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, և Ղարաբաղի ներգրավումը բանակցություններին անհնար է, ինչպես նաև այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլընտրանք չունի։

Ադրբեջանական լրատվամիջոցներում էլ գերազանցում են այն նյութերը, որոնք վերաբերում են Հայաստանում քաղաքական փոփոխությունների՝ կարգավորմանը դրական ազդեցությանը։ Գրել են այն մասին, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն արտաքին խաղացողների միջամտության դեպքում, Մինսկի խմբի ձևաչափը այլընտրանք չունի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում։ Առավել նախընտրելի ու արդյունավետ լուծում կարող է լինել խաղաղ ճանապարհով՝ փոխադարձ զիջումների դեպքում։ 

Դիտարկված հայկական լրատվամիջոցներում 40 անգամ է գրվել այն մասին, որ արտասահմանցի լրագրողները ու քաղհասարակության ներկայացուցիչները պետք է ազատ տեղաշարժվեն և ունենան անվտանգության երաշխիքներ հակամարտության գոտում։ Ադրբեջանական լրատվամիջոցներում այս թիվը եռակի մեծ է ու թեմայով գրառումները 126-ն են։ 

Հակամարտության պայմաններում լրատվամիջոցները պետք է պահպանեն օբյեկտիվությունն ու հետևեն էթիկական նորմերին՝ չընդգրկվելով տեղեկատվական պատերազմի մեջ։ Այս մասին դիտարկվող հայկական լրատվամիջոցներում եղել է միայն 1 հրապարակում, իսկ ադրբեջանականում՝ 3-ը։ 

Երկու կողմերի լրատվամիջոցներում դիտարկման ժամանակահատվածում չի եղել որևէ հրապարակում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխազդեցությունը՝ հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում վտանգ է ներկայացնում ազգային շահերի համար։ 

Տարածաշրջանային ծրագրերին Ղարաբաղի լրատվամիջոցների, քաղհասարակության ներկայացուցիչների ու փորձագետների ընգրկման մասին նույնպես ոչ մեկը չի գրել։ 

Հակամարտող կողմերի լրագրողների համագործակցության ու վստահելի տեղեկատվության փոխանակման արդյունավետության թեմայով ընդամենը 2 հրապարակում է եղել, երկուսն էլ ադրբեջանական լրատվամիջոցներում։ 

Կարգավորման գործում լրատվամիջոցների դերը

Խորքային հարցազրույցի մասնակից ադրբեջանական պաշտոնյաների կեսի կարծիքով՝ լրատվամիջոցների խնդիրը պետականությունը պաշտպանելն է, հակառակորդ կողմի տեղեկատվական ազդեցությանը հակազդելը և հայրենասիրական զգացումներ տարածելը։ Նրանք ընդգծել են նաև, որ լրագրողները չպիտի տարածեն չհաստատված տեղեկություններ, որոնք կարող են թուլացնել երկրի պաշտպանունակությունը, չպիտի բացեն ռազմական գաղտնիքներ։   

Պաշտոնատար անձանց մյուս մասը նշել է, որ «հակամարտությունը պետք է լուսաբանվի ճշմարիտ», լրատվամիջոցները «չպետք է դատարկ տեղը կրքեր բորբոքեն, դառնան լրացուցիչ աղբյուրներ՝ բնակչությանը գրգռելու համար»։

Ադրբեջանցի մասնակիցների մյուս խմբերի մեծամասնությունը լրագրողների հիմնական առաքելությունը համարում է «իրականության օպերատիվ և որակյալ ներկայացումը»։ 

Փորձագիտական հանրության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով լրատվամիջոցները խիստ գաղափարականացված են և նպաստում են կրքերի բորբոքմանը։ Իսկ մասնակից լրագրողներն ու սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերը առավել դրական են գնահատում լրատվամիջոցների դերը, չնայած խոստովանում են, որ կա լրատվամիջոցների վրա ազդեցություն պետական կառույցների կողմից։ 

Ադրբեջանցի լրագրողների մի մասը կրկնել է պաշտոնյաների արտահայտած տեսակետը, իսկ մյուս մասը համաձայն է եղել ընդդիմության հետ։ 

Հարցազրույցբերի մասնակիցները նշել են, որ լրատվամիջոցները երկխոսությանը կարող են նպաստել միայն իրադարձությունների արժանահավատ լուսաբանմամբ։ 

Խորքային հարցազրույցների հայաստանյան մասնակիցները համարյա միաձայն խոստովանել են, որ լրատվամիջոցները կարող էին դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա, բայց գործնականում գտնվում են քաղաքական մեծ ազդեցության տակ և ղարաբաղյան հարցում ծառայում են որպես քարոզչական գործիք։ 

Ընդ որում կարծիք է հնչել, որ «հայկական լրատվամիջոցներից ճիշտ չէր լինի ակնկալել այլ պատասխան Ադրբեջանի կողմից թշնամանքի տարածմանը»։

Մյուս թեմատիկ քննարկումների ժամանակ հայկական կողմից մասնակիցներից ոմանք ընդգծել են, որ Հայաստանում լրատվամիջոցները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորմանը, իսկ Ադրբեջանում, որտեղ թշնամության մթնոլորտ է ստեղծվում՝ չեն կարող։  

Քննարկման թեմա է եղել նաև հակամարտող կողմերի լրագրողների համար մասնագիտական համատեղ կանոնագրի ստեղծումը։ Այն, ըստ մասնակիցներից շատերի, կարող է թուլացնել հայ-ադրբեջանական «տեղեկատվական ճակատի» լարվածությունը։ 

Այս տեսակետի կողմնակիցների կարծիքով՝ միջազգային կազմակերպությունները, որոնք այս կամ այն չափով կապված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, պետք է նախաձեռնեն նման կանոնագրի ստեղծումը։ 

Մյուս կողմից քիչ չեն եղել կարծիքները, որ լրագրողական մասնագիտական կանոնագրի նախաձեռնությունն անիմաստ է, ու ոչ ոք այդ էթիկական նորմերին չի հետևելու։ Հատկապես, որ սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ նման կանոնագրերն ընդհանրապես կիրառելի չեն։ 

Ադրբեջանցի մասնակիցներից շատերը նշել են, որ կանոնագիրը նշանակություն կունենա միայն ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումից հետո։ 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *