Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: Ըստ Ադմոսֆեր Արմենիայի մշտադիտարկման արդյունքների, լրատվական հաղորդումներից ամենաբարձր վարկանիշն ունի Շանթի «Հորիզոնը», Արմենիայի «Ժամը», լրատվականը, Առաջին Ալիքի լուրերը, ամենաքիչ տարածում ունեցողը Հ2-ի «Լրաբերն» է ու ԱՐ-ի «Ազդարարը»:
Թոք շոու և քաղաքական հաղորդումներ կատեգորիայում ամենամեծ վարկանիշն ունեն Հանրայինի «Հանրային քննարկում» և Ա-Թվ-ի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումները: Հետաքրքրական է, որ ամենամեծ վարկանիշով շոուներն ու քաղաքական հաղորդումները եթեր են հեռարձակվում Առաջին ալիքով («Սպասիր ինձ Հայաստան», «Խաղի կանոններ», «Եկեք հասկանանք», «Եթե բոլորը», «Հրաապարակում»):
Այս ցանկում ընդգրկված, սակայն քիչ դիտողականություն ունեցող մյուս երկու հաղորդումները ցուցադրվում են 5-րդ ալիքով («Հայլուր հարցազրույց», «Դեմ դիմաց»):
Պաշտոնական լրահոսով աչքի է ընկնում Շանթ հեռուստատեսությունը՝ հեռարձակելով ԱԺ և Կառավարության նիստերը, Նիկոլ Փաշինյանի ուղերձը:
Աժ աշխատանքների լուսաբանմամբ վարկանիշ է ձեռք բերում նաև Հանրային հեռուստաընկերությունը (ԱԺ, հայտարարություններ, ԱԺ հարց ու պատասխան):
Վավերագրական ֆիլմերի առաջատարը Առաջին ալիքն է: Երեք ամսում ամենադիտված ութ ֆիլմերը ցուցադրվել են հենց Հանրայինով («Հայաստանի կորսված գարունը», «Մեր ժամանակների հերոսը», «Մարտի 1, 11 տարի անց», «Երազանքներ» և այլն), երկուսը Արմենիայով («Հայը», «Հրանտ Վարդանյան, մեր ժամանակի հերոսը»):
Սպորտային ամենամեծ վարկանիշն ունեն ՈՒԵՖԱ-ի Եվրո-2020-ի խաղերն Արմենիա հեռուստաընկերությամբ և Պրիմեր Լիգան Հայկական երկրորդ հեռուստաընկերությամբ:
Տեղական արտադրության գեղարվեստական ֆիլմեր ամենաշատը դիտվում են Արմենիայով («Սուպեր մամա», «Սիրո գործակից», «Պահանջվում է միլիոնատեր» և այլն):
Հեռուստասերիալները բարձր դիտողականություն ունեն: Ընդ որում, սերիալներով իրար հետ մրցակցում են Շանթն («Մերժվածը») ու Արմենիան («Նռան հատիկ»): Այս երկու հեռուստաընկերությունները պայքարում են նաև ժամանցային, հումորային հաղորդումներով, թեպետ ամենաշատ արտադրանքը տալիս է Արմենիան:
Երաժշտական հաղորդումներով Արմենիան ևս առաջատար է, որոշ տեղերում նրա հետ մրցակցում են Շանթն ու Հանրայինը:
Լավ դիտողականություն ունեն խոհանոցային հաղորդումներն ու շոուները, Շանթը, Հանրայինը և Արմենիան մրցակցում են «Մամայի եփածն ուրիշ է», «Պատրաստենք մասին», «Համի ուժը» նախագծերով: Դիտողականություն ունեն նաև Հ2-ի, MoTV-ի, Armnews-ի, 5-րդ ալիքի, Միրի խոհարարական հաղորդումները:
Մանկական բովանդակությունը գերիշխող է Առաջին ալիքում: Խնդիրն այն է, որ հեռուստաընկերություններն առաջարկում են հիմնականում տեղական և հայկական մուլտֆիլմներ, հաճախ չթարգմանված, սակայն կարիք կա ինտերակտիվ և թարմ հաղորդումների:
2019թ-ի առաջին եռամսյակի մեդիա մոնիթորինգը ցույց է տալիս, որ եթերում հաղորդումների բազմաբանություն կա, որը միշտ չէ, որ որակյալ է և հեռուստադիտողին գոհացնող:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: