2019.07.25,

Նյուսրում

«Հետքը» բացում է բաց տվյալները

Եթե ուզում ես ծանոթանալ որևէ պաշտոնյայի եկամուտների, գույքի, կապերի մասին տեղեկություններին, կարող ես այցելել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայք. այստեղ պաշտոնյաների ամեն տարի ներկայացվող հայտարարագրերն են։ Բայց եթե հարկավոր է վերլուծել հայտարարագրերը ու տեսնել ավելին, քան պաշտոնական տեղեկություններն են, ապա կարող ես օգտվել նոր հարթակից՝ data.hetq.am-ից:

«Հետքը» սկսել է բացել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տվյալներն ու հավաքել մեկ հարթակում: Այստեղ հավաքված են ոչ միայն պաշտոնական, այլև ոչ պաշտոնական տվյալներ։ 

Էթիկայի հանձնաժողովի կայքում պաշտոնյաների եկամուտների աճը կամ նվազումը տեսնելու համար պետք է առանձին բացել բոլոր տարիների տվյալները և փոխադրել այն EXCEl-ի մեջ ու հետազոտական աշխատանք կատարել։ 

«Հետքի» նոր հարթակում մկնիկի մեկ սեղմումով կարելի է տեսնել այդ ամենը՝ արդեն պատրաստի գրաֆիկների միջոցով, ներբեռնել, ինչպես նաև կարճ կոդի միջոցով կրկնօրինակել ու տեղադրել դրանք ձեր կայքում: Ֆիլտրերի միջոցով կարելի է գտնել ամենաշատ կամ ամենաքիչ դրամական միջոցներ, անձնական կապեր ունեցողներին և այլն։ 

«Հետքի» հինգ հոգանոց թիմը նախագծի վրա սկսել է աշխատել 2018-ի օգոստոսից: Կայքում արդեն կան ԱԺ պատգամավորների հայտարարագրերը, ինչպես նաև թիմի ուսումնասիրած տվյալները՝ հատկապես պաշտոնյաների փոխկապակցված անձերին վերաբերող։ Յուրաքանչյուր պաշտոնյա կայքում ունի իր պրոֆիլը, որտեղ իր մասին բոլոր տվյալներն են, ինչպես նաև «Հետքի» հետաքննությունները։ 

Կայքում այժմ 500 պաշտոնյայի տվյալներ կան և 2500 պրոֆիլ։ Թիմի անդամ, «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանի խոսքով, սա ծրագրի առաջին քայլն է։ Մինչև սեպտեմբեր արդեն կլինեն դատավորների ու քննչական մարմինների պաշտոնյաների մասին տեղեկությունները, իսկ դրանից հետո կանցնեն նաև գործադիր թևին։ 

«Սա ամենը չէ։ Մենք ունենք 8 քայլանոց երազանք։ Առաջինը պաշտոնյաների կապերն ու հայտարարագրերն են: Երկրորդը՝ մտադիր ենք տեղադրել ռեգիստրի ու դատական տեղեկատվական համակարգի տվյալները, որոնք կապ ունեն նշված պաշտոնյաների հետ։ Հաջորդ քայլը ամենամեծ եկամուտներ ունեցող պաշտոնյաների մասին սթորիթելինգն է, իսկ մնացած փուլերում փորձելու ենք նաև բացել ինչպես մեր, այնպես էլ մեր միջազգային գործընկերեների ունեցած տվյալները»,-ասում է Անի Հովհաննիսյանը։

Ծրագրավորող Արտակ Կոլյանը, ով նույնպես թիմի անդամ է, ասում է, որ նախատեսում են ստեղծել փոխկապակցված անձանց ցանց։ Ի դեպ, այստեղ այդ անձինք ավելին են, քան ներկայացված են հայտարարագրերում։ Կայքում հնարավոր կլինի նաև, մուտքագրելով ցանկացած երկու պաշտոնյայի անուն, տեսնել նրանց կապերի ցանցը։ 

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի խոսքով, այսպիսի գործիք քիչ երկրներում կա․ «Մենք բազմաթիվ բազաներ ենք ուսումնասիրել։ Օրինակ՝ Հայկական քաղավիացիայի կողմից լիցենզիա ստացած օդանավերի մասին, որոնք թռիչքներ են կատարում աֆրիկյան երկրներում, կամ «Տրոյկա Դիալոգի» մասին, որտեղ հարյուրավոր հայ գործարարների անուններ կան ոչ միայն Հայաստանում ապրող, այլ Ռուսաստանում և Գերմանիայում։ Այս ամենը ուզում ենք նաև բացել լրագրողների համար»։ 

«Սիվիլնեթի» լրագրող Մկրտիչ Կարապետյանն ասում է, որ օգտակար բազա է։ « Օգտվելը հեշտ է, հոդվածների առկայությունն էլ  շատ օգնող։ Նախկինում հենց էթիկայի հանձնաժողովի կայքով էի նայում, որը շատ խառն էր, այստեղ ունեցվածքի դինամիկան լիարժեք է երևում։ Օգտակար է տվյալների կենտրոնացվածությամբ՝ մի քանի տվյալներ, հոդվածներ մեկ տեղում են»։

«Հետքի» թիմը ակնկալում է նաև լսարանի աջակցությունը։ Եթե ունեք որևէ մեկի մասին տեղեկություններ, ապա այցելեք այստեղ և տեղեկացրեք այդ մասին թիմին (հնարավորություն կա նաև անանուն մնալ)։

Տվյալների շտեմարանը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը` Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *