Հեռուստաշուկայի բաշխվածությամբ առաջատարը Արմենիա և Շանթ հեռուստաընկերություններն են, դիտողականությամբ՝ Առաջին ալիքը:
Հանրային հեռուստաընկերության պատվերով Ադմոսֆեր Արմենիան ամփոփել է փետրվար-մարտ ամիսների հեռուստավարկանիշերը: Արմենիա և Շանթ հեռուստաընկերություններին բաժին է ընկնում ամբողջ շուկայի 19.74% և 16.21%-ը: Բաշխվածությամբ շուկայում երրորդ տեղում ATV-ին է (7.13%), չորրորդում Առաջին ալիքը (6.94%):
Հանրայինին հաջորդող եռյակում են Կենտրոն, Հ2 և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները:
Ըստ հետազոտության դիտողականությամբ առաջատարը Հանրայինն է, երկրորդ տեղում Կենտրոնը, երրորդում Հ2-ը: Ամենամեծ շուկա ունեցող Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունները դիտողականությամբ համապատասխանաբար 6-րդ և 4-րդ տեղերում են:
Հանրային հեռուստաընկերության ամենադիտվող արտադրանքը սերիալներն են, հետո գեղարվեստական ֆիլմերը, իսկ երրորդ տեղում լրատվությունն է: Դիտվողների շարքում են նաև մշակութային և սոցիալ-քաղաքական հաղորդումները: Իսկ դասական երաժշտությունը, կրթական-դաստիարակչական հաղորդումներն ու վավերագրական ֆիլմերը քիչ սպառում ունեն:
Փետրվար-մարտի արդյունքներով, Հանրայինում ամենաշատը դիտվել են «Լուրերը», «Լուրեր 60 րոպե», «Քաոս» հեռուստասերիալը, «Պատրաստենք միասին» և «Ինդեքս» հաղորդումները: Հետաքրքրական է, որ ամենադիտված հաղորդումների շարքում խոհարարական և տնտեսական հաղորդաշարեր կան:
Հիմնականում մեծ դիտողականություն ունեն այն հաղորդումները, որոնք մասնակցային են, այսինքն հաղորդման հյուրերը կամ հերոսները տարբեր ոլորտներում ոչ առաջնային դերակատարում ունեցող կամ սովորական մարդիկ են, որոնք նոր գործ են անում, մարդկանց օգնում, օգնություն խնդրում կամ պարզապես հետաքրքրիր առօրյա վարում («Սպասիր ինձ Հայաստան», «Երաժշտական փոստարկղ», «Առավոտ լուսո», «Եկեք հասկանանք», «Մեր ժամանակի հերոսը», «Անկախ տարիքից» և այլն):
Ըստ հետազոտության, հարցազրույցային ժանրի հաղորդումների պահաջարկը մեծ չէ:
Առաջին ալիք ամենաշատը նայում են կանայք, ամենամեծ տարիքային խումբը 60 տարեկանն անցն է, որը կազմում է դիտողների 21%-ը, 4-17 տարեկան լսարանը դիտողների 19%-ն է:
Հետազոտության ցուցիչներից մեկն այն է, որ հայալեզու արտադրանքն անհամեմատ մեծ սպառում ունի, քանի որ ռուսալեզու հեռուստաընկերությունները այստեղ ոչ թե մրցակցում են, այլ աշխատում փոքր լսարանի համար:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: