2019.07.03,

Նյուսրում

«Եթե մի օր ֆեյսբուքը չլինի, ինչպես ենք աշխատելու»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանում դժվար է թվային հեղինակություն լինելն ու մարդկանց համակրանքը շահելը: 

«Թվապատում» 2019թ-ի մեդիա կոնֆերանսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ), հաղորդավար Լիլիթ Մուրադյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմեցին համացանցային իրենց հաջողության մասին:

Եվ անկեղծացան, որ այդ հայտնիության համար համառ են եղել, պրպտուն և չեն վախեցել իրենց անկեղծությունից: Նրանք այսօր բազմաթիվ մարդկանց համար մեդիա այլընտրանք են: Զուգահեռ իրականության այնպիսի մի շրջանում ենք, երբ լրատվամիջոցները ոչ միայն տեղեկացնում են, վերլուծում փաստերը, այլև մանիպուլացնում անկարևոր հանրային թեմաներով ու սկանդալային լուրերով:

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանը պատմեց.

«Ցանցային ազդեցությունը սկզբում ուրախացնում էր կայքերին, նրանց թրաֆիկ ապահովում: Հետո հորիզոնական հարաբերությունն ու երկխոսությունը դարձան կարևոր, բայց լրագրողներն ու խմբագիրները դեռևս աշտարակի վերևից էին իրենց լուրերը նետում դեպի լսարան՝ ֆեյսբուք: Եթե լրատվամիջոցը կարողանա շփվել լսարանի հետ, առևտրայնացնումը ավելի քիչ կազդի նրանց վրա»:

Այլ է Արսեն Թորոսյանի համացանցային ազդեցիկ անձ լինելու դեղատոմսը. «Ես իմ առջև նպատակ եմ դրել՝ մեր ոլորտի ու իմ մասին ինֆորմացիայի առաջին աղբյուրը ես լինեմ, ես դաշտը լցնում եմ ինձնով, որ բաց տեղ չթողնեմ, որ իրենք չլցնեն ինչ ուզեն ու ով ինչ պատվեր տա: Իմ ակտիվության պատճառներից մեկը դա է: Հանրային կարևորության փոստեր եմ դնում, երբեմն էլ՝ զվարճալի»:

«Հատուկ պլանավորում եմ օրական մեկ կամ երկու գրառում անել: Այնպես եմ անում, որ դրանք երբեմն զվարճալի լինեն կամ անձնական և միաժամանակ հանրային հետաքրքրություն ունենան»:

Արսեն Թորոսյան

Նախարարի թվային ակտիվությունը ապակենտրոնացված է: Ըստ նրա, Ֆեյսբուքում վիդեո բովանդակությունը կարող է հոգնեցնել և դա տեղափոխում է Ինստագրամ, իսկ Թվիթերն օգտագործում է հիմնականում միջազգային այցերի և դրսի գործընկերների հետ շփման համար. 

«Վախ ունեմ, եթե մի օր ֆեյսբուքը չլինի՝ ինչպես ենք աշխատելու: Պետք չէ այդքան գերի դառնալ Ֆեյսբուքին»:

Երբ դերասան Սերգեյ Դանիելյանը սկսեց «Դիվադադար» հաղորդումն անել, հասկացավ, որ իր խոսքը տեղ է հասնում ցանցում: Նա իր տեսանյութերում առանց մարդկանց անուններ տալու ու անձնական կյանք մտնելու ծաղրի է ենթարկում տարբեր երևույթներ և ինքն իրեն համարում է խուլիգան-ծաղրածու: Թատրոնի մարդ լինելով՝ նա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ ուռճացվում է խնդիրը ու դառնում ծիծաղելի.

«Իմ ցանցային կերպարը հատուկ չի ստեղծվել, թատրոնի խեղկատակի կերպարն է, որը ժամանակի ընթացքում ձևավորվեց ինձ հետ ու մտավ նաև համացանց: Մարդիկ հայհոյում են ինձ, բայց դա անիմաստ է, այնպես ինչպես քամու դեմ միզելը»:

Սերգեյ Դանիելյան

Արսեն Թորոսյանի համար կարևոր է, որ իր ցանցային կերպարը տարածի հոգատար լինելու ցանկությունը, որ հասարակությունը (նաև ցանցային) հոգատարությունը համարի արժեք: Թեև իհարկե, նա խոստավանում է, որ հաճախ իր թվային կերպարը ճնշում է իրականին ու ստիպում մնալ նախարարի շրջանակում.

«Երբեմն չեմ կարողանում արտահայտվել այնպես, ինչպես կարող էի անել ոչ նախարար եղած ժամանակ: 1500 ընկեր ունեցող իմ անձնական էջում եմ գրում որպես անհատ, սակայն այդտեղից էլ կարող է արտահոսք լինել»:

Ցանցային տարբեր կերպարներ ունի հաղորդավար, «Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լիլիթ Մուրադյանը: Ինստագրամում նրան մարդիկ ընկալում են որպես նորաձև հագնվող երիտասարդ մայրիկ, որը պայմանագիր ունի որոշ բրենդների հետ և ամսական մի քանի գրառում է անում՝ սատարելով այդ բրենդների արտադրանքը: Ֆեյսբուքը նրա համար ավելի աշխատանքային հարթակ է:

«Համացանցն ուժ ունի և մեր հաղորդման օրինակը ցույց է տալիս, որ կարող է միավորվել մարդկանց և կյանքեր փրկել: Պարզապես այն նաև ունի հակառակ կողմ, մարդիկ օգտագործում են իրենց երեխային և գումար վաստակում Ֆեյսբուքի միջոցով»: 

Լիլիթ Մուրադյան

Ընդհանրապես բարեգործությունը այն նուրբ թեմաներից է, որը միանշանակ չի ընդունվում լսարանի կողմից: Կարող են լինել թե՛ հիացական, թե՛ դժգոհ արձագանքներ, բայց բոլոր դեպքերում մեծ է պետության՝ որպես երեխաների առողջության երաշխավորի դերը:

Արսեն Թորոսյանը նկատեց, որ լավ կլինի, եթե բարեգործական-առողջապահական հաղորդումներ ընդհանրապես չլինեն:

Իսկ ցանցային հարձակումները նա նմանեցնում է  դեղերի կողմնակի ազդեցությանը: Ինքն, օրինակ, արգելափակում է հատկապես այն մեկնաբանությունները, որոնք հակագիտական են, դեմ բժշկությանը և տեղեկատվական աղբ տարածող: 

«Իրականում ես հանրային աջակցության կարիք ունեմ, այդ պատճառով օգտագործում եմ ցանցերը քաղաքական և հանրային ընկալում ձևավորելու համար»,-ասում է նա:

Սամվել Մարտիրոսյանը խոստովանեց, որ թեև այսօր շատերն են ապրում համացանցում, բայց միայն ինքն է համարձակվում ասել, թե կախվածություն ունի ինտերնետից.

«Մարդիկ սովորել են լինել սոցիալական ցանցերում, ինչը ենթադրում է երկխոսություն և հորիզոնական հարաբերություններ: Լրագրողներն ու խմբագիրներն ավելի տեսանելի պետք է լինեն սոցցանցային տրամաբանության մեջ, որովհետեւ այսօր խմբագիրները, լրագրողները ֆեյսբուքյան իրենց էջում ուղղակի շեյր են անում իրենց նորությունները: Դա այն չէ, ինչ ակնկալում է լսարանը»,-ասում է նա: 

Համացանցում ազդեցություն ունենալու համար լսարանի չափը կարևոր չէ, կարևորը հասցեական լինելն է, որպեսզի ստեղծվի մի համայնք, որը վստահում է տեղեկատվություն տարածողին ու վերլուծողին, հավատում նրա հույզերին:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *