2019.06.27,

Նյուսրում

#Tvapatum19-ը վերծանելու է վիրտուալ անձերի գենետիկ կոդերը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Թվապատում» մեդիա կոնֆերանսը, որը անցնելու է հունիսի 28-29-ը, դիտարկելու է մարդուն որպես թվային տարածքում գործող միավոր, որն ունի իր թվանշային եզակի ԴՆԹ-ն՝ ինքնությունների հավաքածուն:

Մեծաքանակ հետևորդներ, ազդեցիկ, ոգևորող ու ներգրավող բովանդակություն գեներացնող թվային հեղինակությունները համացանցի շարժիչ ուժն են, քանի որ կարողանում են համախմբել լսարանին ու արագորեն խթանել կարևոր (կամ հույժ կարևոր) հանրային քննարկումներ:

Դա հաճելի ու պատասխանատու դեր է, որի տարբեր կողմերի մասին խոսելու են կոնֆերանսի բանախոսները:

Coda Story հարթակի համահիմնադիր Նատալյա Անտելավան (Վրաստան) կներկայացնի բանախոսություն՝ լսարանի ուշադրությունը մեդիա բովանդակությունից չշեղելու փորձերի մասին: Այսօր մեդիան ձգտում է չսահմանափակվել միայն իրադարձությունների լուսաբանմամբ, այլ փորձել ակնհայտի հետևում տեսնել մանրամասներն ու ցույց տալ այն աննշմարելի կապերը, որոնցով փոխկապակցված են աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ, խնդիրներն ու դրանց լուծումների որոնումները:

Կլաուդիա Միլնը՝ Մեծ Բրիտանիայից, կխոսի հետաքննական լրագրության մեջ լսարանին ներգրավելու մասին: Propublica հետաքննական հարթակի համար պատրաստելով տեսանյութեր, նա համոզվել է, որ ճիշտ ընտրած, թիրախային լսարանը ամենամեծ աջակիցն է հետաքննող լրագրողի համար: Պարզապես հարցն այն է, թե որտե՞ղ է այդ ճիշտ լսարանը: Եվ ինչպե՞ս է փոխվում լրագրությունը, երբ դառնում է կամուրջ խնդրի ու դրա լուծման միջև:

«Թվապատում» կոնֆերանսը զննելու է ոգեշնչ(վ)ելու, ներգրավ(վ)ելու և միավոր(վ)ելու հնարավորությունները: 

«Ամերիկայի ձայնի» եվրասիական նախագծերի ղեկավար Վիվիեն Չաքարյանը կպատմի այն բարդությունների մասին, որոնց հանդիպում են թվային պատմություններ պատմողները՝ անսահմանափակ հարթակներ, չստուգված (կամ կիսաստուգված) լուրեր՝ էժանագին ֆեյքերից մինչև լավ թաքնված կեղծ լուրեր:

Լեհ լրագրող Յակուբ Գորնիցկին, որը աշխատում է ինտերակտիվ պատմություններ ստեղծող Outride.rs հարթակում, կպատմի, թե ինչպես նույն պատմությունը ներկայացնել տարբեր ձևաչափերով՝ առավել մեծ ներգրավվածության էֆեկտ ստանալու համար: Ցանկացած խնդիր կարելի է ներկայացնել թե՛ պարզ գծային պատմողական ֆորմայով, թե՛ բարդ խաղային ձևաչափով:

Lateral Summer ֆիլմարտադրական կենտրոնի կրեատիվ տնօրեն, ռուսաստանցի Անտոն Ուտկինը համատարած թվայնացման դարաշրջանում թանկարժեք գործիք է համարում հույզերը: Ժամանակի մշտական սղության պայմաններում կարևոր է ստեղծել այնպիսի աուդիվիզուալ արտադրանք, որը կօգնի զգալ պատմությունը, սուզվել դրա մեջ, կարեկցել հերոսներին ու պատրաստ լինել գործելու:

Անտոն Ուտկինը «Ամեն ինչ բարդ է» ինտերակտիվ սերիալի համահեղինակն է: Լսարանը սերիալը ոչ միայն դիտում է, այլև ընտրում սյուժեի ճյուղավորումները: Ավելի ճիշտ՝ անում ընտրություն հերոսների փոխարեն, հընթացս փոխելով նաև պատմությունը:

Բելգիացի Դրիս Դեպուրտերը  տեխնոլոգիաներն ու տվյալները վերածում է արվեստի, իսկ Gonzo Design վիզուալ հաղորդակցության ստուդիայի ղեկավար ռուսաստանցի Քսենիա Դիադորովան՝ վիզուալ հաղորդակցության առիթների: Նրա մուլտիմեդիա նախագծերի հիմքում անհատական զրույցն է դիտողի հետ, և այդ մասին նա կպատմի իր վարպետության դասի ժամանակ:

Այք Սրիսկանդարաջան զարգացնում է աուդիո պատմություններ, որոնք տեղ են գտնում Reveal հետաքննական հարթակում: Փոդքաստը հիմա ամենաարագ զարգացող ձևաչափն է (աշխարհում ավելի քան 100 լեզվով պատմող 700 000 փոթքասթերներ կան), որոնք ստեղծում են սրտի ուզած բովանդակությունը՝ ցանկացած ժանրում՝ սերիալներից մինչև լրագրողական բացահայտումներ: 

Իր վարպետության դասի ընթացքում Այքը կպատմի, թե ինչպես տպագիր նյութերը վերածել փոդքաստի՝ ճանապարհին ոչինչ չկորցնելով և ընդհակառակը՝ հարստացնելով ձայնային մեդիայի գրավչությամբ:

Թվային հաղորդակցման DCN ցանցի փոխնախագահ  Ֆրանակ Վյաչորկան (Բելառուս) կոնֆերանսի ժամանակ կպատմի նոր մեդիայի ստեղծման, լսարանի հետ աշխատանքի մասին: Նաև երեք կարևոր կետերի՝ բովանդակության, ձևաչափերի ու համատեքստի: Ի վերջո, ցանկացած մեդիա հարթակ ինքն իրեն հարց է տալիս՝ իսկ ի՞նչ պիտի անի լսարանը այն տեղեկության հետ, որն իրեն հաղորդում են:

Այդ հարցը առաջնային է նաև հայաստանյան բանախոսների համար, որոնք «Թվապատման» ժամանակ քննարկելու են իրենց դերն ու ազդեցիկ լինելու փաստը հանրային խոսույթների ձևավորման հարցում:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, դերասան և բլոգեր Սերգեյ Դանիելյանը (Յոժ), մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը և հաղորդավար Լիլիթ Մուրադյանը կքննարկեն հետևորդ-առաջնորդ կապը, որը ծագում է համացանցից ու տեղ գտնում հայաստանցիների ամենօրյա կյանքում:

Թվային իրականությունը ոչ պակաս իրական է, այստեղ ձևավորվող ու տրանսֆորմացվող թվային կոդերը կարող են բոլորովին նոր ԴՆԹ-ի ծագման պատճառ դառնալ:

Այդ մասին գիտեն նաև հայաստանյան երիտասարդ յություբերները, որոնք սովորել են, թե ինչպես ստեղծել ալիք, հավաքագրել լսարան ու ամենակարևորը, փորձում են ձևակերպել բանաձևը, թե ինչպես պահել լսարանը՝ մնալով հետաքրքիր ու ոգեշնչող: 

Լսարանը միշտ համահեղինակ է: Դա արդեն դրոշմված է ազդեցիկություն ունեցող մեդիա անձերի ստեղծած արտադրանքում: 

#Tvapatum19-ը բացահայտելու է գենետիկ պարույրների հերթական պտույտը, որտեղ հեղինակն ու լսարանը հաճախ ու հաճույքով փոխլրացնում են իրար:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *