Հանրային լրագրության ակումբը մշակել է փաստերի ստուգման էթիկայի սկզբունքներ։
Հեղինակը Washington Post-ի տարածաշրջանային փորձնակ, մեդիափորձագետ Հարություն Ծատրյանն է։ Նրա խոսքով՝ տեղեկատվական աշխարհում նոր տվյալների բազաներ են ի հայտ գալիս, ինչը ենթադրում է մշտապես ստուգել մատուցվող տեղեկատվությունը և ունենալ փաստերի ստուգման էթիկական սկզբունքներ։ «Ժամանակի խիստ պահանջն է՝ առաջնորդվել մասնագիտական էթիկայի սկզբունքներով։ Կեղծ լուրերի տարածումը, դրանց ունեցած հանրային ազդեցությունը զգալիորեն կնվազի, եթե լինի այսօրինակ սկզբունքների կիրառում դաշտի առաջատարների կողմից։ Այսօրինակ սկզբունքների կազմումը և դրանց հետևելը կարող է զգալիորեն բարելավել մեր մեդիադաշտի վիճակը»,- ասում է Հարություն Ծատրյանը։
Հաշվի առնելով կեղծ լուրերի տարածման ակտիվ դինամիկան և «դրանց հասցրած հանրային վնասակարությունը», Հանրային լրագրության ակումբը լրատվամիջոցներին առաջարկում է, օրինակ, խմբագրակազմի համար մշտապես անցկացնել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ունենալ փաստերի ստուգման փորձագետ, հրապարակել բացառապես հավաստի և ստուգված լուրեր, և այլն։ Էթիկայի սկզբունքներին հետևելով, լրատվամիջոցները նաև խուսափեն անհայտ աղբյուրներին հղումներ տալուց և բամբասանքի տարածումից՝ «զերծ մնալով տեղեկատվական քաոսի ստեղծումից»։
Որքանո՞վ է հնարավոր ամբողջությամբ պահպանել այս սկզբունքները։
Սիվիլնեթում, ինչպես հայաստանյան լրատվամիջոցների մեծ մասի դեպքում, փաստերի ստուգման փորձագետ չկա։ Լրատվամիջոցները ֆինանսական խնդիրներ ունեն, և լրացուցիչ հաստիք ստեղծելը բարդ է։ «Ունենք մասնագետ, ում դիմում ենք տնտեսական փաստերի ու թվերի ստուգման անհրաժեշտության պարագայում։ Նա փաստերի ստուգող չէ, բայց որպես այդպիսին այդ գործառույթը կատարում է։ Երբ խմբագիրը տեսնում է կասկածելի ինչ որ բան, կամ զգում է, որ թվերը լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն, դրանք ուղարկում է ստուգման»,- ասում է Սիվիլնեթ-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։
Արդյո՞ք հնարավոր է հրապարակել բացառապես ստուգված ինֆորմացիա՝ հարցին, Հարությունյանը պատասխանում է։ «Հնարավոր է։ Չնայած տեղեկատվական տարափի մեջ չստուգված տեղեկատվություն հրապարակելու գայթակղությունը մարդկանց մոտ շատ մեծ է։ Բայց երբ աղբյուրը կասկածելի է, պետք է հաստատ ստուգել, նույնիսկ՝ մի քանի աղբյուրից»։
Կարեն Հարությունյանն ասում է՝ չճշտված տեղեկատվություն տրամադրելու խնդիրն առաջին հերթին լրատվամիջոցի հեղինակության հարց պետք է լինի:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյանը ստացել է փաստերի ստուգման էթիկայի սկզբունքների աշխատանքային տարբերակը։ Մշակված կետերը, ընդհանուր առումներով, համարում է ընդունելի, բայց, ասում է. «Այն, ինչ ձևակերպված է փաստերի ստուգման էթիկայի սկզբունքներում, ընդունելի է մեր կողմից։ Բայց այդ ամեն ինչը վաղուց ենք կիրառում մեր ամենօրյա աշխատանքում։ Պարտադիր չէ էթիկան պահելու համար դեկլարատիվ բնույթի հայտարարությունների միանալ։ Դու պետք է ունենաս սկզբունք և չխախտես այդ սկզբունքը»։
«Հայկական ժամանակում» փաստերի ստուգման փորձագետ չկա։ «Դա հրաշալի կլիներ, բայց ունենք բյուջեի խնդիր։ Հրապարակելուց առաջ փաստերը ստուգելը լրագրողների աշխատանքային պարտականությունն է»,- ասում է Լուսինե Բարսեղյանը։
Տարիներ առաջ հայկական մամուլում լուր է տարածվում, որ Բրազիլիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բոլորն են հրապարակում։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության խմբագիրը հրաժարվում է հրապարակել չստուգված լուրը, ասելով, որ պետք է նախ սկզբնաղբյուրը գտնի։ Հեռուստաընկերության քաղաքական-հասարակական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը պատմում է, որ հաջորդ բոլոր լրատվականները հերքեցին իրենց իսկ հրապարակած տեղեկությունը, քանի որ Բրազիլիայի խորհրդարանը չէր ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։
«Մենք փաստերի ստուգման փորձագետ չունենք։ Իմաստ չեմ տեսնում։ Բա լրագրո՞ղն ինչի համար է, եթե փաստը չստուգած՝ եթեր է տալիս։ Ավելի լավ է նման փորձագետի փոխարեն աշխատանքի ընդունեմ ևս մեկ փորձառու լրագրողի, որը փաստերը ստուգում, հետո նոր հրապարակում է»,- ասում է Գեղամ Մանուկյանը։
Ampop.am կայքի խմբագիր Սուրեն Դեհերյանը համաձայն է տեղեկությունը հրապարակել մի փոքր ուշ, բայց՝ ստուգված, եթե ժամանակի հաշվին պետք է մաքուր պահել տեղեկատվական հոսքերի խողովակները։
Մշակված սկզբունքների շուրջ փորձագիտական քննարկումներ են ընթանում։ Տարբեր խմբագրություններում դրանք փոփոխության են ենթարկվում, հեղինակներին ներկայացնելով առաջարկներ։ Օրինակելի ձևը փոխանցվել է բոլոր լրատվամիջոցներին՝ խմբագրություններում գործող էթիկայի վարքականոնների հետ համադրելու նպատակով։
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տեղի կունենա ևս մեկ մասնագիտական քննարկում։ Նախատեսվում է մայիսի 15-ից հետո փաստաթուղթը հանրայնացնել։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: