2019.01.11,

Նյուսրում

«Ա1+»-ն ու «Արմնյուզ»-ը լուծել են 7 տարվա վաղեմության պայմանագիրը

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

«Ա1+»-ի լուրերի բլոկը 2019թ․ հունվարի 1-ից «Արմնյուզ»-ի եթերում չէ։ «Ա1+»-ի թիմից 8 հոգի ստիպված են եղել թողնել աշխատանքը։

Խնդիրն այն է,  որ «Արմնյուզ»-ի սեփականատերը փոխվել է։ Հեռուստաընկերությունն այժմ ՀՀԿ-ական նախկին չորս պատգամավորների ստեղծած «Քառյակ մեդիա» ընկերության մեդիա հոլդինգի մաս է կազմում։

«Ա1+»-ի և «Արմնյուզ»-ի ղեկավարները որոշել են լուծել անցյալ տարվա նոյեմբերին մեկ տարով կնքված պայմանագիրը, ըստ որի «Ա1+»-ը պետք է շարունակեր իր նյութերի բլոկը տրամադրել «Արմնյուզ»-ին։ Այս ընկերությունները համագործակցում էին 2012 թվականից։

«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պատմում է, որ «Արմնյուզ»-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ինքն է հրաժարվել հետագա համագործակցությունից։

«Ինձ համար պարզ չէր՝ ո՞վ է նոր հիմնադիրը, ի՞նչ նպատակների է ծառայում, և ի՞նչ մարտավարություն է ունենալու հեռուստատեսությունը։ Նաև կարծիք է հնչել, որ հնարավոր է նոր հիմնադիրը չցանկանա շարունակել համագործակցությունը։ Ես իսկույն ասացի, որ ինքս էլ չեմ ուզում աշխատել նոր հիմնադրի հետ։ Հատկապես, որ շատերն են դա կապում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդպես էլ դադարեցվեց համագործակցությունը»,- ասում է Մեսրոպ Մովսեսյանը։

Սա ֆինանսական մեծ հարված է «Ա1+»-ի համար։ Ընկերությունը ստիպված է դադարեցրել 8 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը։

«Ա1+»-ը հիմա ֆինանսական միջոցների ձեռքբերման ուղիներ է փնտրում։ Մովսեսյանը վստահ է, որ ֆինանսական ռեսուրսներին համապատասխան տարբերակներ գտնելու դեպքում հեռարձակում անպայման կունենան։

«Ոչ բոլորի հետ ենք ուզում բիզնես հարաբերություն ունենալ՝ երկրի քաղաքական իրավիճակից ելնելով։ Փնտրտուքի շրջան է, բացի այդ մենք ռեկոնստրուկցիա ենք անում մեր ֆիլմարտադրությունը, որը որպես առաձին օղակ պետք է կողքից աշխատի, դրա համար էլ են ֆինանսներ պետք, որն այսօրվա դրությամբ չկա, բայց հույս ունեմ, որ կգտնենք»,-ասում է նա։

Ֆինանսական միջոցների ձեռքբերման տարբերակներից մեկը, ըստ Մովսեսյանի, Ռոբերտ Քոչարյանից և նրա թիմից վերջին 16 տարում հեռուստաընկերության կրած վնասի փոխհատուցում պահանջելն է։ Մեսրոպ Մովսեսյանը վստահ է, որ «Ա1+»-ի եթերազրկման պատասխանատուները պետք է գտնվեն։

«Ա1+»-ը այլ հեռուստաընկերություններից և կաբելային հեռարձակում ապահովող ընկերութուններից համագործակցության առաջարկներ առայժմ չի ստացել․ «Չենք էլ սպասում, քանի որ բոլորը հիմա զբաղված են իրենց նեղ խնդիրներով, իսկ մեր խնդիրը ոչ բոլորին կհուզի ու կհետաքրքրի։ Հիմա ամբողջ հեռուստադաշտը կուսակցականացված է»։

«Ա1+»-ի նախագահը չի տեսնում եթեր ունեցող մի այնպիսի հեռուստաընկերություն, որի հետ կարող է համագործակցել։ «Մենք մեր աշխատաոճն ունենք և որևէ խաղի մեջ չենք մտնի։ Մենք որևէ մեկին չենք դիմել, բայց եթե մեր բիզնես ծրագիրը հետաքրքրի մեկին՝ պատրաստ ենք բանակցել»,-ասում է Մեսրոպ Մովսեսյանը։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *