2018.11.02,

Նյուսրում

Հայաստանում ինտերնետն ազատ է

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանը բարելավել է ինտերնետի ազատության ցուցանիշը՝ մասնակի ազատից դառնալով ազատ:  Freedom House  կազմակերպության Freedom on the Net 2018թ-ի զեկույցի համաձայն, Հայաստանի քաղաքացիներն ապրիլին կարողացան սոցիալական մեդիա հարթակներից, հաղորդակցության այլ ծրագրերից, ուղիղ միացման ծառայությունների միջոցով երկրում քաղաքական փոփոխություններ անել:

Media.am-ը ներկայացնում է զեկույցի հիմնական հատվածների հայերեն թարգմանությունը։

  • Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն, արդյունքում Ազգային Ժողովը Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ:
  • Առցանց աշխատող լրագրողները ֆիզիկական բռնության և հարձակումների ենթարկվեցին Երևանում և Երևանից դուրս հեղափոխության օրերին ուղիղ միացումներ ապահովելու համար:
  • Փետրվարին խորհրդարանն իրավական փոփոխություններ արեց, որով ավագանու նիստերը լուսաբանելու համար լրագրողներից պահանջվում էր քաղաքապետարանի թույլտվությունը:
  • Զրպարտության համար 30 գործ է հարուցվել փաստերի ստուգմամբ զբաղվող sut.am-ի դեմ և նրա հիմնադրի՝ ընտրությունների խարդախության վերաբերյալ հետաքննական հոդվածի համար, բայց հետո կասեցվել են:

Թավշյա հեղափոխության ժամանակ ինտերնետ հասանելիության շնորհիվ մարդիկ շատ արագ կարողանում էին համախմբվել և մոբիլիզացվել: Թվային ակտիվությունը և ուղիղ միացումը կարևոր էին հեղափոխության հաջողության համար: Այս շրջանում ոստիկանության և կառավարության համակիրները ֆիզիկապես հարձակման ենթարկեցին առցանց մեդիայում աշխատող լրագրողների: Նրանք ևս օգտագործում էին թվային հեռարձակման գործիքները:

Հաշվետու ժամանակում շարունակաբար աճել է ինտերնետ հասանելիությունը: Այժմ որոշ օպերատորներ փորձում են տեղադրել 5G ծառայությունը:

Կառավարությունն, ընդհանուր առմամբ, ձեռնպահ է մնում արգելափակումից ու զտումից: Ոչ մի սոցիալական ցանց կամ հաղորդակցության ծրագիր չի սահմանափակվել:

Որոշ թեմաների հետ կապված ինքնագրաքննությունը բարելավվել է: 2016թ-ին ապրիլին Լեռնային Ղարաբաղի սահմանագծում հայ և ադրբեջանական ուժերի միջև լարվածությունը թուլացավ նաև սոցիալական ցանցերի օգտատերերի և առցանց աշխատող լրագրողների վրա ավելի քիչ ճնշումների պատճառով:

Ինտերնետ հասանելիություն

Հայաստանում ինտերնետ շուկան բազմազան է, ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ինտերնետ մատակարարները մրցում են հաճախորդների համար, չնայած հիմնական քաղաքներից դուրս՝ գյուղական համայնքներում, հասանելիության և որակի խնդիր կա:

Օպերատորները 2018թ-ին 4G և 4G+ արագ կապ են ապահովել Երևանում, Գյումրիում, Վանաձորում և տուրիստական ուղղություններում՝ Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում և Էջմիածնում: Ինտերնետային ծառայություններ մատուցող 7 ընկերություններ առաջարկում են ֆիքսված լայնաշերտ կապի ծառայություն հեռախոսային ցանցի (ADSL) և օպտիկամանրաթելային մալուխների, ինչպես նաև Wi-Fi և WiMax տեխնոլոգիաների միջոցով:

Ինտերնետ դաշտի կարգավորում

Հայաստանում կառավորությունը չի անջատում ինտերնետ կապը: Ինտերնետի վերահսկողության ենթակառուցվածքը ապակենտրոնացված է:

Կառավարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեն խոչընդոտում ցանցերի գրաֆիկի պլանավորման աշխատանքներին: Օպերատորները պլանավորում և զարգացնում են իրենց սեփական ցանցերը ինքնուրույն:

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն, հեռահաղորդակցության ոլորտում որոշումները կայացվում են բաց հանդիպումների ժամանակ՝ նախապես ծանուցելով և հաշվի առնելով առցանց մեկնաբանությունները:

Բովանդակության արգելափակում կամ հեռացում

Բովանդակության հեռացման քիչ դեպքեր են եղել: Միջազգային հարթակները հազվադեպ են հեռացնում այն բովանդակությունը, որ խախտում է Հայաստանի օրենսդրությունը, այդպիսի վիճահարույց նախադեպ գրանցվեց 2015թ-ին: Նույն թվականին Երևանում ցույցի ժամանակ ոստիկանների ծաղրանքի դրվագները հեռացվեցին Յութուբից:

Մեդիա և բազմազանություն

Հայաստանում ինտերնետ օգտատերերը առցանց մեծ բովանդակության հասանելիություն ունեն, չնայած երկրում գործող առցանց լրատվամիջոցները ֆինանսական և քաղաքական ճնշումների են ենթարկվում:

Որոշ դեպքերում օնլայն և ավանդական լրագրողներին թույլ չեն տալիս շեղել լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությունից, որոնք հաճախ կապված են քաղաքական կուսակցություններից մեկի հետ:

Նման ճնշումը կարող է ազդել երկրում խոսքի ազատության ընդհանուր իրավիճակի վրա, չնայած առցանց հրատարակիչներն և անհատ բլոգերները կտրականապես դեմ են ինքնագրաքննությանը:

Սոցիալական մեդիայում կարծիքների լայն բազմազանություն կա, որն առաջ է բերում իշխանությունների հակառակորդների և աջակիցների միջև վիրտուալ մարտեր: Տարբեր անկախ և ընդդիմադիր ինտերնետային աղբյուրներ լսարանին ապահովում են քաղաքականապես չեզոք կամ ընդդիմադիր կարծիքներ:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *