Այսօր Հայ մամուլի օրն է, որը Հայաստանի հանրապետությունը պաշտոնապես նշում է 2004 թվականից։ Տոնը ավելի քան 200 տարվա նախապատմություն ունի։
1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել առաջին հայկական տպագիր պարբերականը՝ «Ազդարարը», և այդ օրը դարձել է ազգային մամուլով հպարտանալու տոն:
Հարություն Շմավոնյանի հիմնադրած «Ազդարար» ամսագիրը հրատարակվել է մինչև 1796 թվականն ու հասցրել է 18 համար թողարկել, որոնց էջերում տեղ են գտել ոչ միայն լուրերն ու ամփոփ իրադարձությունները, այլև գեղարվեստական ստեղծագործությունները, թարգմանություններն ու պատմական ակնարկները։
Փաստորեն, մեդիայում աշխատող հայաստանցիները երկու մասնագիտական տոն ունեն՝ ազգային և համաշխարհային։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության համաշխարհային օր։
Այդ օրը ոչ միայն մամուլի ազատության գնահատման, այլև իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրն է:
Իսկ հոկտեմբերի 16-ը ավելի շատ հպարտության ու մեծարման օր է։
18-րդ դարի վերջում տպագիր լրատվամիջոցի հայտնությունը վկայում է պահի թելադրանքի սթափ գիտակցման ու իննովացիոն տեխնոլոգիայի հմուտ գործածման մասին։
Իհարկե, այսօր հաղորդակցության գործիքներն ու տպագրման տեխնոլոգիաները աննկարագրելիորեն փոխվել են, սակայն առաջին հայալեզու տպագիր ամսագրի մասին հիշելը լավ առիթ է շնորհավորելու այն բոլոր մարդկանց, որոնք դարերի ընթացքում կուտակել, գեներացրել ու հանրության սեփականությունն են դարձրել ինֆորմացիան։
Շնորհավորում ենք լրագրողներին, խմբագիրներին, սրբագրիչներին, էջադրողներին, լուսանկարիչներին, տպագրիչներին և այն բոլոր մարդկանց, ում շնորհիվ տարիներ շարունակ անխափան գործում է լրատվական շղթան, նույնիսկ եթե որոշ մասնագիտություններ արդեն պատմության գիրկն են անցնել։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: