Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը դատական հայց է ներկայացրել «Առաջին լրատվականի» (1in.am) և «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ։ Հայցի առիթը երկու հրապարակումներ են Ալվինա Գյուլումյանի` ՄԻԵԴ դատավորի կարգավիճակում գործունեության մասին։
Գյուլումյանը հերքում է պահանջում զրպարտության համար։ Նա հայց է ներկայացրել նաև փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ, որը 1in.am-ին հարցազրույց տալով խոսել է դատավորի մասին։ Գյուլումյանը Հայրապետյանից պահանջում է նրա խոսքերի հերքում և փոխհատուցում 1 միլիոն դրամի չափով։ «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում Տիգրան Հայրապետյանն ասել է, թե Ալվինա Գյուլումյանը խորամանկություն է արել, որպեսզի ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գործերը չքննվեն:
«Հայկական ժամանակ»-ի դեմ հայցի համար ևս հիմք է հանդիսանում լրատվամիջոցի կողմից նմանատիպ բովանդակությամբ հրապարակումը: Լրատվամիջոցում հրապարակված հոդվածում ասվում է, որ երբ Գյուլումյանը ՄԻԵԴ-ում որպես դատավոր ներկայացնում էր Հայաստանը, ջանք չի խնայել, որպեսզի Մարտի 1-ի իրադարձություններով դատարան ներկայացրած գործերից մեկի քննարկումը հետաձգվի:
Լրատվամիջոցներից Գյուլումյանը փոխհատուցում չի պահանջում: «Ես միշտ եղել եմ մամուլի ազատության ջատագով և չեմ ցանկանա, որ մամուլին ինչ-որ կերպ նյութական վնաս պատճառեմ, դժվարացնեմ նրանց աշխատանքը: Լրատվամիջոցից գումար պահանջելը կարող է ունենալ զսպող էֆեկտ, բայց ես ուզում եմ, որ մամուլն ազատ լինի, պարզապես ինֆորմացիան հրապարակելիս փորձի ճշտել կամ գոնե մյուս կողմին ևս լսել»,-ՀԵՏՔ-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյուլումյանը։
Նա երկու լրատվամիջոցներին էլ պատասխան է ուղարկել, սակայն դրանք չեն տպագրվել։
«Հայկական ժամանակ»-ի խմբագիր Լուսինե Բարսեղյանը մեզ հայտնեց, որ, ենթադրաբար, Ալվինա Գյուլումյանի գրությունն ուղարկվել է թավշյա հեղափոխության օրերին, երբ խմբագրությունը հարյուրավոր նամակներ էր ստանում և չէր հասցնում բոլորը կարդալ։ Բարսեղյանը վստահեցնում է, որ պատասխան կամ հերքում տպագրելու խնդիր չունեն։
ՀԺ-ում Գյուլումյանի գրությունը չեն ընթերցել։ Ենթադրում են, որ նամակն ընդհանուր կապոցների մեջ կորել է։
Թերթի փաստաբան Տիգրան Մուրադյանից տեղեկացանք, որ դատարանի կողմից Ալվինա Գյուլումյանի հայցը վարույթ ընդունելու որոշում դեռևս չեն ստացել։ «Երբ որոշումը ստանանք, հանդես կգանք պարզաբանումներով»,-ասաց փաստաբանը։
1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը պարզաբանում է, որ խմբագրությունը կապ չունի Գյուլումյանին հասցրած վիրավորանքի հետ, ինչի մասին խոսել է ՄԻԵԴ նախկին դատավորը։ 1in.am-ը, ճիշտ է, երկրորդ կողմին չի լսել, բայց, Բաբաջանյանի խոսքով, դա էլ իր պատճառն ու բացատրությունն ունի․ Գյուլումյանը միշտ անհասանելի է եղել։
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: