2018.10.09,

Նյուսրում

«Ստվերային» ու կեղծ նշանակումներ՝ մեդիայում

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Մի քանի օր շարունակ Ֆեյսբուք սոցիալական ցանցում լրագրողներն ու պարզապես մեդիային ծանոթ մարդիկ զվարճանում են, իրենք իրենց կամ այլոց նշանակելով «յուղոտ պաշտոնների»։ Լրատվամիջոցները կատակը չեն հասկացել։ Ուրախ ֆլեշմոբը, որի մասնակիցներից ոմանք գործող լրագրողներ են, դարձել է ծուղակ՝ լրատվամիջոցների համար։ Իրականության հետ կապ չունեցող մեծ չափի տեղեկատվություն է հայտնվել լրատվամիջոցներում։

Սկսենք վերջից՝ ամենահետաքրքիր մասից։ Բնապահպան, յոգայի ուսուցիչ և ազատամարտիկ Ապրես Զոհրաբյանը հոկտեմբերի 8-ին ֆեյսբուքում գրում է, որ ընդունել է վարչապետի առաջարկն ու նշանակվել Հնդկաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում։

Ապրեսը Զոհրաբյանը հարյուրավոր շնորհավորանքներ ստացավ ֆեյսբուքում, իսկ տեղեկությունը շատ արագ լցվեց մեդիադաշտ։  

Armlur-ն ուղղակի ամբողջությամբ մեջբերել է Զոհրաբյանի խոսքը։ Yerevan.today-ը կարճ անդրադարձ է արել նրա կենսագրությանը, նշելով, որ Ապրես Զոհրաբյանը արցախյան պատերազմի վետերան է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության նախկին անդամ: Այս թեմայով News.am-ի անդրադարձով, օրինակ, 278 մարդ է կիսվել։ «Հրապարակ» օրաթերթն առաջին էջում փոքրիկ լուրով հայտնում է, որ Զոհրաբյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան, դիտարկելով, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ժամանակին քննադատում էր քաղաքական հիմքով, ոչ պրոֆեսիոնալներին դեսպան նշանակելու պրակտիկան։

Սակայն նույն օրը Ապրես Զոհրաբյանը երկրորդ գրառումը կատարեց, հայտնելով, որ դեսպան նշանակվելու մասին իր լուրը կատակ էր:

Զոհրաբյանը պարզաբանել է․ «Ես ոչ մի առանձնազրույց կամ զրույց չեմ ունեցել վարչապետի հետ։ Պարզապես առավոտյան թերթելով ֆեյսբուքը, հանդիպեցի Ստյոպա Սաֆարյանին Վատիկանի դեսպան նշանակելու կեղծ լուրի շուրջ ֆեյսով շրջանառվող կատակին և որոշեցի իմ հերթին աշխատանքային շաբաթի առաջին օրը սկսել կատակով, չակնկալելով, որ մարդիկ դա այսքան լուրջ կընդունեն»։

Ապրես Զոհրաբյանի գրառումը հերքող նոր գրությանը կայքերը չեն անդրադարձել։ Ստացվում է, որ ընթերցողների ունեցած վերջին տեղեկության համաձայն՝ Ապրես Զոհրաբյանը Հնդկաստանում ՀՀ դեսպան է և արդեն երեւանյան բնակարանից իրերն է հավաքում արեւելյան այդ երկիր տեղափոխվելու համար։

Միայն «Հրապարակ»-ն է անդրադարձել Զոհրաբյանի հերքմանը, գրելով՝ երեկ նշանակվեց դեսպան, այսօր ազատվեց պաշտոնից։ Իսկ Yerkir.am-ը ջնջել է Զոհրաբյանի՝ դեսպան նշանակվելու մասին լուրը, փոխանակ հերքելու։

Իսկ հիմա անդրադառնանք այս ֆլեշմոբի նախապատմությանը, որը մեզ պատմեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։ Նարեկի ընկերներից մեկը օրերս ֆեյսբուքում գրում է, որ լրագրողը նշանակվել է գյուղատնտեսության նախարար։ Կիրակոսյանը կատակը շրջում է գործընկերների վրա, ստատուսներ գրելով, թե լրագրողներ Գրիշա Բալասանյանը, Տաթեւ Խաչատրյանը եւ Տիրայր Մուրադյանը այս կամ այն պաշտոնն են ստացել։ Ամեն մի նոր կեղծ տեղեկություն ընդունվում է իրականի տեղ, մինչև չի հերքվում հենց լրագրողների կողմից։

Գրավիչ խաղին տրվում են ֆեյսբուքյան այլ օգտատերեր։ Տարածվում է, որ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշանակվել է Վատիկանում Հայաստանի դեսպան։ Այս լուրը մեծ արձագանքի ու քննարկումների է արժանանում։ Սրանից հետո է, որ Ապրես Զոհրաբյանը որոշում է իրեն «նշանակել» դեսպանի պաշտոնում։

Ստեղծվում են նախադեպեր, որոնք ստիպում են մտածել, թե արդյո՞ք Ֆեյսբուքում մարդու հայտարարությունն իր գործունեության մասին՝ բավարար է տեղեկատվությունը միանգամից հրապարակելու համար։ Տեղեկատվությունը երկրորդ եւ երրորդ աղբյուրներից ստուգելու պահանջն ակտուալ է մնում։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *