Հայաստանում պարբերաբար արվում են փորձեր վերաիմաստավորելու Հանրային հեռուստատեսության դերը, աշխատաոճը, թիրախներն ու ուղերձները:
Ինչպես նաև գտնելու այն բանաձևը, որով կարող է չափվել խոսքի ազատության, մարդու իրավունքների, պատշաճ ու օբյեկտիվ լուսաբանման մակարդակը, կրթական ու արժեքային ուղենիշներին հետամուտ լինելը և շատ այլ կարևոր կետեր, որոնք օրենքի ուժ ունեն, բայց եթերացանցում կա՛մ չեն արտոցոլվում, կա՛մ արտացոլվում են խեղաթյուրված:
Եվ ամենակարևորը, տարիներ շարունակ փորձում ենք ձևակերպել, թե ինչպես է գոյանում հանրային պատվերն ու ինչպես այն կարող է հասնել հանրային գումարներով աշխատող այդ մեդիա կազմակերպության եթերացանց:
Սեպտեմբերի 28-ին կայացավ «Հանրային հեռուստաընկերության դերը նոր Հայաստանի կայացման գործում» քննարկումը, որը նախաձեռնել էր ոչ Հանրային ալիքը, և որը անցավ հերթական անգամ այդ հիմնարար կետերը արդիականացնելու ցանկությամբ:
Տարբերությունը թերևս ժամանակն էր, որը կամա թե ակամա բոլոր մասնակիցներին դրդում էր խոսել հնի ու նորի տեսակետներից:
Իրապաշտպան Արթուր Սաքունցը հորդորեց անցյալը թողնել անցյալում և շարժվել առաջ: «Բայց պետք է քաջություն ունենալ ասելու՝ մենք ճիշտ չէինք ու առանց ձևականության ներողություն խնդրել: Դա է ինքնամաքրման ճանապարհը: Հանրային հեռուստաընկերության խորհուրդը ներկա կազմով առանց դրա չի կարող շարունակել գործել»,- ասաց նա:
Եվ հորդորեց լինել բաց ու համարձակ, այսինքն, «առանց կաշկանդվելու ու պաշտպանվելու հայտարարել, որ Հանրայինը չի եղել այն, ինչը պետք է լիներ»:
Հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանն ասաց, որ Հանրայինի համար միշտ հարց է եղել, թե արդյոք հարկավոր է ուշադրություն դարձնել վարկանիշներին. «Հանրայինը պարտավոր է պատրաստել հաղորդումներ, որոնք մյուս ալիքները չեն անում, այսինքն, չվազել ռեյթինգների հետևից: Բայց գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը պարտադրել էր, որ Հանրայինը ունենա բարձր վարկանիշ»:
Նա ասաց նաև. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրայինում մարդիկ աշխատում էին այնքան, որքան իրենց թույլատրվում էր և արել են այնքան, որքան անելու հնարավորություն են ունեցել»:
Այդ մտքին հակադարձեց Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը. «Հարմարվելու դոկտրինը վատ արդարացում է»:
Նա ասաց. «Կար ժամանակ, որ ուզում էինք լավ Հանրային ալիք ունենալ, բայց հիմա ինձ համար միևնույն է, թե այն ինչ է անում: Վարժվել ենք ապրել առանց Հանրայինի»:
Ըստ նրա՝ Հանրայինը երկար տարիներ եղել է քարոզչություն ու ապատեղեկատվություն արտադրող, իսկ մինչ գովազդի անհետացումը նաև՝ փող տպող մեքենա, որտեղ կարելի էր տեսնել բեմադրված, ցուցադրական հարցազրույցներ պաշտոնյաների հետ և որտեղ գործում էին «սև ցուցակներ»՝ եթերում անցանկալի մարդկանց անուններով:
«Հիմա իմ միակ մտահոգությունն այն է, որ իմ վճարած հարկերը ծախսվեն հալալ, նամուսով գործի համար»,- ասաց նա:
Լևոն Բարսեղյանը պատմեց նաև, որ մի քանի անգամ դիմել է Հանրային հեռուստատեսության խորհրդին՝ խնդրելով տրամադրել նիստերի արձանագրությունները, բայց ստացել է պատասխան, որ դրանք գաղտնիք են պարունակում: «Ինչու՞ պետք է այսպես լինի: Ուրեմն «հանրային» բառը այդ խորհրդի համար մեծ շռայլություն է»,- եզրափակեց նա:
Քննարկմանը մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության կազմում գործող «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի» տնօրեն Թամարա Գևորգյանը, որը սրտնեղեց, որ իրենց կենտրոնը անտեսվում է ու փակման վտանգի առջև է:
ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանի համար անհասկանալի էր այդ կենտրոնի գործառույթները և մինչ այժմ ուսումնասիրությունների չհրապարակված լինելը:
Ընդհանրապես այս քննարկման առանցքը միաժամանակ գաղտնի ու հրապարակային լինելու անհնարինությունն էր: Պիտի ընտրություն արվի այդ երկու գործելաոճի միջև, և հետո միայն ձեռնարկվի ինքնամաքրման պրոցեսը:
Հանրային հեռուստատեսության լրատվական բաժնի տնօրեն Վահագն Թևոսյանը, որը աշխատանքի է անցել թավշյա հեղափոխությունից հետո, հիշեցրեց, որ հիմա ճշմարտությունը ասելու բացառիկ ժամանակ ու հնարավորություն կա:
«Հիմա իշխանությունն ու հասարակությունը նույնականացվել են»,- ասաց նա:
Տիգրան Հակոբյանի կարծիքով քաղաքական ազատությունը անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ Հանրային հեռուստատեսության կայացման համար:
«Փորձենք դուրս գալ քաղաքական դիսկուրսից ու չհամամետվել նախկինի հետ: Հակառակ դեպքում կստացվի, որ փոփոխությունները մեխանիկական են և ինչ-որ դեմքեր փոխվել են մյուսներով: Իսկ Հանրայինը դա չէ, այն ավելի բարդ գարծառույթներ ունի»,- ասաց նա:
Արթուր Սաքունցը հորդորեց չմոռանալ, որ ոչ ոք պարտավորված չէ ասել միայն ճշմարտությունը, անգամ դրա բարոյական իրավունքը չունի:
Լրատվամիջոցը կարող է ընդամենը ապահովել տեղեկատվության ազատ շրջանառությունը, իսկ հանրությունը ինքը կհասկանա, թե որն է ճշմարտությունը:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: