evnvote18

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների  ընթացքում լրագրողների և քաղաքացիների իրավունքների խախտումների արձանագրման նպատակով կաշխատեն մի քանի թեժ գծեր:

Լրագրողները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում խոչընդոտների հանդիպելու դեպքում կարող են դիմել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին (ԽԱՊԿ):

ԽԱՊԿ-ի թեժ գծի հեռախոսահամարներն են 011 53-38-95, 093 10-70-85:

«Ինչպես միշտ, ընտրությունների օրը մեր գրասենյակը արտակարգ ռեժիմով է աշխատելու վաղ առավոտից: Խոչընդոտների դեպքում լրագրողները կարող են զանգահարել մեր հեռախոսահամարներով կամ կապ հաստատել մեր ֆեյսբուքյան էջի միջոցով»,-ասում է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:  

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ընտրություններին ընդառաջ հերթական անգամ գործարկում է iԴիտորդ ինտերակտիվ հարթակը:

Ընտրությունների վերահսկողության բաց գործիքի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան առցանց արձանագրելու և քարտեզագրելու նախընտրական քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը հայտնաբերված խախտումները՝ ապահովելով ահազանգող անձի գաղտնիությունը:

Հարթակում արձանագրված ընտրախախտումները բավարար փաստերի առկայության դեպքում կարող են ներկայացվել իրավասու մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։

Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումների ուսումնասիրման նպատակով դատախազությունում հատուկ խումբ է ստեղծվել, որը գրանցելու է ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների ահազանգերը, զբաղվելու է դրանց հիման վրա նյութերի նախապատրաստմամբ ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության իրականացմամբ։

Դատախազական խումբը համագործակցելու է ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հետ,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով Երևանի դատախազությունում արդեն գործում է թեժ գիծ՝ 010 51-16-03 հեռախոսահամարով:

Ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ ոստիկանությունում նույնպես գործում է շուրջօրյա «Թեժ գիծ» ծառայություն հետևյալ հեռախոսահամարով՝ 010 59-69-66:

Ընտրությունների օրը ուժեղացված ռեժիմով է աշխատելու նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Այստեղ ևս աշխատանքային խումբ է ստեղծվել, որն ուսումնասիրելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև ապահովելու բանավոր և գրավոր բողոքների պատշաճ քննարկումը:

Բողոքների և հրապարակումների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության ներքո կլինեն լրագրողների և դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը,- նշված է ՄԻՊ կայքում:

ՄԻՊ գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարն է՝ 116, որը ինչպես միշտ հասանելի է 24 ժամ:

Անահիտ Դանիելյան