Հինգ մարդ է զոհվել ամերիկյան Capital Gazette-ի խմբագրությունում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Կան վիրավորներ։ Հրաձիգը ձերբակալվել է։ Այս մասին գրում է BBC-ն։
Capital Gazette -ն ԱՄՆ-ի ամենամեծ ամենօրյա հրատարակչության՝ Baltimore Sun-ի հավելվածներից է։ Խմբագրությունը գտնվում է Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում, Վաշինգտոնից մեկ ժամվա հեռավորության վրա։
Ոստիկանության ներկայացուցիչ Ռայան Ֆրեյշուրը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ կասկածյալը հարցաքննվում է։ Հրաձիգը ոստիկանների հետ փոխհրաձգության մեջ չի մտել։ Դեռ հայտնի չէ, թե նա ինչպես է մուտք գործել խմբագրություն։ Հարձակման մոտիվը նույնպես հայտնի չէ։
Հաղորդվում է, որ հրաձիգը հրաժարվել է հայտնել իր անունը եւ կծել է մատները՝ նույնականացումից խուսափելու համար։ Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են նաեւ կեղծ նռնակներ եւ սարք, որը կարող է պայթուցիկ լինել։
Նյու-Յորքի ոստիկանությունը քաղաքի բոլոր խոշոր ԶԼՄ-ներին, անվտանգության նկատառումներից ելնելով, նախազգուշական ուղերձներ է հղում։
Իրադարձությանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ցավակցել է զոհերի հարազատներին։
NBC News-ն իր հերթին գրում է, որ զինված հարձակումը գործել է Ջերըդ Ռամոս անունով քաղաքացին։ Ոստիկանությունը Ռամոսի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել է 2011 թվականին տպագրված հոդված Capital Gazette-ում, նրան առնչվող դատական գործընթացի մասին։ Ռամոսը համադասարանցու հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար դատապարտվել էր պայմանական ազատազրկման:
Նա 2012 թվականին խմբագրության դեմ դատական հայց է ներկայացրել իրեն զրպարտելու համար, սակայն հայցը չի բավարարվել:
Թարգմանությունը՝ Գագիկ Աղբալյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: