2018.06.04,

Նյուսրում

Տնտեսական լրագրողները նոր կառավարության աշխատանքը պատրաստ են գնահատել հուլիսից հետո

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Տնտեսական լրագրողները մեծ ուշադրությամբ հետևում են նոր կառավարության աշխատանքին ու սպասում դրական փոփոխությունների: Նրանց քննադատությունը զուսպ է, քանի որ սպասում են վիճակագրական արդյունքների:

Այս փուլում ավելի շուտ մատնացույց են անում այն խնդիրները, որոնք պետք է հուզեն և հետաքրքրեն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

Տեղեկատվություն ստանալու բոլոր ճանապարհները պետք է լինեն բաց, հասանելի և պարզեցված: Այդ թվում՝ քննադատությունը:

Նաիրա Բադալյան, Arminfo լրատվական գործակալություն

Իրադարձությունների ներկա փուլում, երբ կարիք կա էմոցիոնալ դաշտից տեղափոխվելու իրական դաշտ, կարևոր գործոն է լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Ընդդիմադիր տրամադրությունների ժայթքման հիմնական պատճառը եղել և մնում է երկրի վատ սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Չպետք է մոռանալ, որ հասարակությունն իր էությամբ անհամբեր է, իսկ տնտեսական բարեփոխումները իրագործելի և տեսանելի չեն մեկ ակնթարթում: Այսպիսով, նոր կառավարությունն այսօր առավել քան երբևէ կարիք ունի տնտեսական լրագրողի գրագետ աշխատանքի։

Կառավարությունը կարող է արդյունքի հասնել բացարձակ թափանցիկ և հրապարակային աշխատանքի դեպքում: Ոլորտը լուսաբանող լրագրողները նախկինում աշխատում էին հիմնականում գործադիրի տրամադրած պաշտոնական տեղեկատվության հետ, որը դժվարացնում էր մեր գործը:

Շատ խնդիրներ ու ոլորտներ մնում էին չբացահայտված կամ բացահայտվում էին հետաքննական բարդ և երկարատև լրագրողական աշխատանքի արդյունքում:

Ստանձնելով միաժամանակ և՛ գործընկերոջ, և՛ քննադատի դեր՝ լրագրողը  ոչ միայն կստիպի հավատալ կառավարության «բարի նպատակներին» և «բարի կամքին», այլ հասարակությանը կհամախբմի ընդհանուր գաղափարի շուրջ, կդարձնի նրան այդ գործընթացի մասնիկ:

Այսինքն, պատրաստ կառավարության հետ կիսել թե՛ պատասխանատվությունը, թե՛ գործընթացից ստացված պտուղները։

Բաբկեն Թունյան, տնտեսական մեկնաբան

Նոր կառավարությունից լրագրողնեը պետք է ակնկալեն թափանցիկ աշխատանք, պահանջեն ցանկացած տեղեկատվություն՝ հույս ունենալով ստանալ այն հնարավորինս օպերատիվ և ամբողջական տեսքով: Գերատեսչությունների կայքերում եղած տվյալների բազաները պետք է լինեն հասանելի, հեշտ օգտագործելի և օպերատիվ թարմացվող:

Այս շրջանում լավ կլինի լրագրողները առաջարկների ցանկ կազմեն և դիմեն կառավարությանը, որպեսզի լուծվի ինֆորմացիայի հասանելիության խնդիրը: Հատկապես պետռեգիստրի, հարկայինի կայքերի ինֆորմացիայի թափանցիկության և հասանելիության խնդիրը:

Իհարկե, ողջունելի են նախարարների և գերատեսչությունների ղեկավարների բաց շփումները լրատվամիջոցների հետ, սակայն կարող է անպես լինել, որ որևէ պահի նրանք չտիրապետեն կոնտրետ տեղեկատվության:

Ինֆորմացիայի հասանելիության գործում մեծ է մամուլի խոսնակների և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների դերը:

Ինֆորմացիան պետք է տրամադրվի մեդիային, փորձագետները վերլուծեն և հասարակություն կարծիք կազմի տվյալ պետական կառույցի աշխատանքի վերաբերյալ: Կարծիք ձևավորելու գործառույթը խոսնակներն ու հանրային կապերի մասնագետները երբեմն իրենց վրա են վերցնում:

Տնտեսական թեմաներով գրող լրագրողները այս շրջանում պետք է հետևեն այն ծրագրերին, որոնք սկսել էր իրագործել նախորդ կառավարությունը, մասնավորապես հարկային փոփոխություններ, պարտադիր կուտակային համակարգ, ԵԱՏՄ և այլ ծրագրեր:

Լրագրողի համար կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է շարժվում նախկինում քննադատող, իսկ հիմա արդեն իշխանություն դարձած կառավարությունը:

Եվ դա աշխատելու լայն դաշտ է բացում լրագրողի համար: Մյուս կողմից լրագրողները պետք է հասկանան, որ առաջիկա ամիսների տնտեսական ցուցանիշները նախորդ կառավարության գործունեության հետևանքն են:

Միայն հուլիսից հետո կարող ենք տեսնել փոփոխություններ և գնահատել այս կառավարության էֆեկտիվությունը:

Եվս մեկ կարևոր դիտարկում, եթե նախկինում լրագրողները տնտեսություն լուսաբանելիս հաճախ էին գրում բամբասանքներ, կոռուպցիոն սկանդալներ և ալն, ապա այս շրջանում նրանց աշխատանքը պետք է վերաիմաստավորվի:

Նախկին կառավարության անդամները, որոնք այժմ ընդդիմադիր են, ունեն ինտելեկտուալ ներուժ, և լրագրողները սա հասկանալով պետք է դաշտ ստեղծեն առողջ տնտեսական բանավեճերի համար: Լրագրողները պետք է պատրաստ լինեն դրան:

Վանուհի Ավագյան, Երկիր մեդիա

Նոր կառավարության հետ աշխատելու ենք այնպես, ինչպես նախկինի հետ: Բոլոր գերատեսչությունները պետք է հասկանան այս շրջանում իրենց թափացիկ աշխատանքի կարևորությունը:

Նիստերը, որոնք մի քանի ամիս առաջ փակվեցին լրագրողների համար, պետք է նորից բաց լինեն: Ինֆորմացիան արհեստականորեն չպետք է թաքցնել:

Առավել կարևոր է, որ հրապարակային շատ միջոցառումներ կազմակերպվեն լուսաբանման համար: Մյուս կողմից հաճախ պետք է քննարկումներ և սեմինարներ կազմակերպել, որպեսզի լրագրողները տեղեկացված լինեն և գրագետ աշխատեն:

Պետք չէ թերագնահատել ոչ հրապարակային հանդիպումների դերը, որոնք իշխանությանն և լրատվամիջոցներին օգտակար են շփման և վստահության տեսանկյունից:

Բոլոր լրատվամիջոցները պետք է ունենան հնարավորություն նոր կառավարություն միջոցառումները լուսաբանելու: Յուրայիններ չպետք է լինեն:

 

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *