«Իմ Քայլը» անվանումը ստացած շարժման օրերին լրագրողների նկատմամբ բռնությունների ու նրանց աշխատանքը խոչընդոտելու 17 դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը: 11 դեպքի առթիվ` 13 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են քրեական գործեր:
Դատախազության զեկույցում նկարագրված դեպքերից երկուսը Sut.am-ի լրագրող Տիրայր Մուրադյանի մասին է։
Տիրայրը պատմում է, որ առաջին գործը հարուցվել է կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց քաղաքացիական հագուստով երկու անձանց կողմից բռնության ենթարկվելու դեպքի առթիվ: «Ճանաչվել եմ տուժող, հարցաքննվել: Կասկածյալներ չկան, դեռ չեն հայտնաբերվել բռնություն գործադրած անձինք, ավելին՝ նույնիսկ նրանց ինքնությունը հայտնի չէ վարույթն իրականացնող մարմնին»,-պատմում է Տիրայրը:
Երկրորդ միջադեպը գրանցվել է Երևան-Աբովյան ճանապարհին, երբ լրագրողին բռնությամբ նստեցրել են քաղաքացիական մեքենա ու տարել ոստիկանության Աբովյանի բաժնի բակ, հետո վերադարձրել: Հարուցվել է քրեական գործ։ Լրագրողը հարցաքննվել է որպես տուժող:
«Հաշվի առնելով, որ ինչպես իմ նկատմամբ, այնպես էլ մյուս լրագրողների նկատմամբ իրականացված բռնության դեպքերը տեղի են ունեցել մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ը, ապա կարծում եմ, որ հանցագործությունների բացահայտումը ավելի հեշտ է, քաղաքական կաշկանդվածություն չպետք է որ լինի: Այդուհանդերձ այս փուլում վստահաբար չեմ կարող ասել, որ բոլոր դեպքերը կբացահայտվեն»,-ասում է Տիրայր Մուրադյանը:
Բողոքի ակցիաները լուսաբանելիս խոչընդոտվել է նաև CivilNet.am -ի լրագրող Անի Գրիգորյանի մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև հափշտակել են նրա հեռախոսը։ Այս փաստի առթիվ նույնպես քրեական գործ է հարուցվել։
Անի Գրիգորյանը Media.am-ին տեղեկացնում է, որ հափշտակված հեռախոսը վերադարձրել են՝ այն թողնելով իրենց տան դռան դիմաց։
Հաշվի առնելով լրագրողների նկատմամբ իրականացված բազմաթիվ հարձակումների դեպքերն ու տարիներ շարունակ չբացահայտված մնալը, լրագրողի սպասելիքները հարուցված քրեական գործերից մեծ չեն։
«Դե այժմ քննչական կոմիտեն, դատախազությունը, ոստիկանությունը հնարավորություն ունեն ապացուցելու՝ իրավիճակ փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Քրեական գործերից շատերում կան բազմաթիվ նյութեր, որոնց շնորհիվ հաստատապես գործերը կարելի էր բացահայտել ամենասեղմ ժամկետներում, սակայն, ինչպես նշեցի, գործերը մեծամասամբ մնում են չբացահայտված»,-ասում է Անի Գրիգորյանը։
Եվ լրատվամիջոցների նյութերից, և դատախազության հրապարակած տեղեկատվությունից պարզվում է, որ լրագրողների վրա հարձակվողների մեջ կան նաև ոստիկաններ։
Բոլոր դեպքերում լրագրողները տեսանելի կերպով կրելիս են եղել իրենց մասնագիտական վկայականները, ակնհայտ է եղել, որ նրանք իրենց աշխատանքն են կատարում: Նկարագրված դեպքերում բողոքի զանգվածային ցույցերը լուսաբանելիս լրագրողական վկայականը ոչ միայն չի օգնել պաշտպանվել հարձակումներից, այլ հակառակը՝ նրանց հարձակման թիրախի է վերածել:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: