2018.04.20,

Նյուսրում

«Բաց թողե՛ք, լրագրող եմ, ասում եմ՝ լրագրող եմ…»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ապրիլի 20-ի առավոտյան ոստիկանները Աբովյան-Երևան մայրուղու վրա ընթացող «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» ակցիայի վայրից բռնի ուժով հեռացրել են sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանին: Դեպքը տեղի է ունեցել, երբ լրագրողը ուղիղ հեռարձակելիս է եղել ընթացող իրադարձությունները և տեսանելի կերպով կրել է լրագրողի իր բեյջը:

Ոստիկանները մոտեցել են մայթին կանգնած լրագրողին և հրելով տարել դեպի քաղաքացիական ավտոմեքենա: Այս ընթացքում նա չի անջատել ուղիղ միացումը:

Ահա լրագրողի և ոստիկանների միջև խոսակցության սղագրությունը:

– Խանգարում եք, ճանապարհն եք փակել:

– Մայթի վրա եմ պարոն գնդապետ, մայթի վրա եմ:

– Տարե՛ք ասեցի, տարե՛ք: Հանգի՛ստ:

– Բաց թողե՛ք: Լրագրող եմ, ասում եմ՝ լրագրող եմ: Բեյջը նայե՛ք:

– Հասկացա՛նք:

– Լրագրող եմ պարոն գնդապետ, լրագրող եմ:

– Շուտ արե՛ք, նստացրեք:

– Ու՞ր եք տանում, ու՞ր եմ նստում: Ի՞նչ գործ ունեմ էս քաղաքացիական ավտոմեքենայի մեջ: Տարեք ձեր մեքենայի մեջ:

– Նստեք խոսանք:

– Ես ինձ ստեղ ապահով չեմ զգում:

Մոտենում է Ազատություն ռադիոկայանի լրագրողն ու հարցնում.

– Տիրայր ի՞նչ է եղել:

– Ես մայթի վրա էի, պարոն գնապետը եկավ, հրահանգեց, որ ինձ բերման ենթարկեն:

Ոստիկանը հարձակվում է լրագրողի վրա ու գլխից բռնելով նրան ուժով նստեցնում է մեքենան.

– Դավայ, նստացրե՛ք, նստե՛ք ավտոն, արա՛:

– Թողե՛ք:

– Հանգի՛ստ արա: Դավայ քշի՛:

Ազատություն ռադիոկայանի լրագրողը հարցնում է.

– Պարոն մայոր ինչի՞ եք խոչընդոտում աշխատանքը:

Ոստիկանը բացականչում է.

– Ո՞ւմը: Չեմ խոչընդոտում: Մի՛ խանգարեք: Ոչ մեկի չեմ խոչընդոտում:

Ոստիկանությունը Տիրայրին տարել է Աբովյանի բաժին: Ազատության հետ զրույցում լրագրողն ասել է, որ ոստիկանությունը հրաման է ստացել իրեն տանել և թողնել այն նույն տեղը, որտեղից բերման են ենթարկվել:

Նա պատմել է, որ մեքենայում իրեն բռնության չեն ենթարկել, բայց ազատ արձակելիս էլ ներողություն չեն խնդրել:

Տիրայր Մուրադյանը պատրաստվում է ոստիկանությունում հաղորդում տալ հանցագործության՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի պարզաբանմամբ լրագրողը բերման չի ենթարկվել, այլ ընդամենը հեռացվել է նշված վայրից և հետո նրան իջեցրել են մեքենայից և ազատ արձակել։

Նա Տիրայր Մուրադյանի հետ կատարվածի իրավաչափության մասին հարցին դեռ չի ցանկանում պատասխանել և խոստացավ հայտարարություն տարածել, երբ քննությունն ավարտվի:

Աշոտ Ահարոնյանը հիշեցնում է, որ իրենք հայտարարություն էին տարածել՝ խնդրելով լրագրողներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս չխոչընդոտել ոստիկանության ծառայողներին՝ իրենց օրինական գործողությունները կատարելիս:

Ավելի վաղ՝ ապրիլի 19-ին, Տիրայրն իր մասնագիտական աշխատանքն իրականացնելիս հարձակման էր ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց: Այս միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել:

Լրագրողական կազմակերպությունները կոչ են արել լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերել:

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *