Եթե սմարթֆոնից բացի ունես սելֆիի ձող, եռոտանի (շտատիվ) և միկրոֆոն, ապա մոբայլ լրագրությամբ զբաղվելու հիմնական տեխնիկական պայմանները պատրաստ են:
Մոբայլ լրագրությունը Մաթիաս Զյուսենի գործունեության հիմնական ոլորտն է: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած դասընթացի մասնակիցների հետ լրագրող Զյուսենը խոսում է մոբայլ լրագրության կանոնների մասին:
«Մոբայլ լրագրությամբ կարող է զբաղվել յուրաքանչյուրը, ով ունի սմարթֆոն: Այն հնարավորություն է տալիս սեփական հեռարձակումն իրականացնել՝ կախված չլինելով խոշոր ընկերություններից: Եվ շատ հաճախ, եթե հատկապես տեսանյութը կարճ է, չեք էլ նկատի, որ տեսանկարահանումը կատարվել է բջջային հեռախոսով»,- ասում է Մաթիասը:
Լրագրողը ցուցադրում է մոբայլ լրագրության իր նախընտրելի օրինակներից մեկը, ասելով, որ նորաձև է համարվում պատմությունը ներկայացնել 360 աստիճանով նկարված լուսանկարով, որի տարբեր հատվածներում տեսանյութեր են տեղադրված:
Մաթիասը ցույց է տալիս մոբայլ լրագրության համար նախատեսված իր ուսապարկի պարունակությունը.
- սմարթֆոն (android համակարգով աշխատող կամ այֆոն), ցանկալի է՝ լավ նկարահանող տեսախցիկով,
- եռոտանի,
- սելֆիի ձող,
- հավելյալ լույս,
- արտաքին միկրոֆոն, (կարող է օգտագործվել նաև հեռախոսի ականջակալների միկրոֆոնը):
Իսկ ընդհանրապես մոբայլ լրագրության համար սարքերի ու օժանդակ գործիքների ընտրությունը բազմազան է: Լրագրողն առաջարկում է դիտարկել Ulanzi և B&H Photo Video Pro Audio կայքերը:
Մաթիաս Զյուսենն իր բլոգում ներկայացրել է օգտակար մոբայլ հավելվածներ, որոնցով հնարավոր է աշխատել: Տեսանյութ մոնտաժելու և հրապարակելու համար նա առաջարկում է KineMaster-ը (հասանելի է android և iOS համակարգերի համար): iOS-ի համար կարելի է օգտագործել նաև iMovie-ին: Android համակարգով աշխատող սմարթֆոնների տեսախցիկի հնարավորություններն ընդլայնելու համար կարելի է օգտագործել Open Camera-ն:
Նկարահանման պրոցեսին վերաբերող խորհուրդներ Մաթիաս Զյուսենից
- Հեռախոսում պետք է լինի 3-4 գիգաբայթ ազատ ծավալ
- Նկարահանման ընթացքում հեռախոսը պետք է լինի թռիչքի ռեժիմում (airplane mode)
- Նկարահանումը սկսելուց առաջ տեսախցիկի օբյեկտիվը մաքրելը պարտադիր է
- Նկարահանման ժամանակ հեռախոսը պահել հորիզոնական դիրքում, ուղղահայաց նկարահանումները հարմար չեն օգտագործման համար
- Նկարահանման ժամանակ օգտագործել եռոտանի
- Տեսախցիկը տեղադրել զրուցակցի աչքի մակարդակին հավասար
- Ուշադիր լինել լույսի նկատմամբ, լույսին հակառակ չնկարահանել:
Մոբայլ լրագրության «չիկարելիները» գրեթե նույնն են, ինչ տեսախցիկով նկարահանման դեպքում՝ զումը հեռախոսով չանել, այլ՝ քայլ առաջ կատարելով, առանց հիմնավոր պատճառի մեծ համայնապատկեր չնկարել, սմարթֆոնը նկարհանման ժամանակ աջ-ձախ չշարժել, չմոռանալ միացնել միկրոֆոնը:
Մաթիաս Զյուսենն առաջարկում է կիրառել մոբայլ լրագրության հիմնադիրներից մեկը համարվող Մայքլ Ռոզենբլումի՝ 5 կադրի մեթոդը: Ռոզենբլումը սահմանել է, որ գործողությունը նկարագրելու համար անհրաժեշտ է կատարել 5 կադր՝ հետևյալ հերթականությամբ:
- Սյուժեի հերոսի գործողությունը՝ խոշոր պլանով
- Կադրում սյուժեի հերոսն է
- Ընդհանուր պլանով՝ գործողության վայրը
- Կադր սյուժեի հերոսի թիկունքից, նրա գործողությունները ցույց տալու համար
- Անակնկալ կադր, որը հետաքրքրություն կմտցնի: Այդ կադրը պետք է լինի յուրահատուկ և ստեղծարարություն է պահանջում:
Մաթիաս Զյուսենը մոբայլ լրագրությամբ զբաղվող ցանկացողներին խորհուրդ է տալիս միանալ mojocom Ֆեյսբուքյան խմբին, որտեղ հնարավոր է գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, մասնակցել քննարկումների, անհրաժեշտ տեխնիկայի վերաբերյալ խորհուրդ ստանալ գործընկերներից:
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: