2018.02.01,

Նյուսրում

Լրագրողական արկած. մարտ ընդդեմ կոռուպցիայի

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Երևանի Սարգիս Մուրադյան պատկերասրահում մեկնարկեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի` «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ցուցադրությունը:

«Լրատուն» թանգարանը շրջիկ ցուցահանդեսների միջոցով ներկայացնում է Հայաստանի նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը, մեդիայի, լրագրության զարգացումը և մարտահրավերները:

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը պատմում է, որ իրենք ընտրել են 1990-ականներից մինչ մեր օրերը ձգվող 7 ամենաաղմկահարույց կոռուպցիոն դեպքերն ու ներկայացրել դրանց լուսաբանման պատմությունը:

Ցուցադրության հիմնական թեմաներն են՝ բանակը, ներդրումները, ընտրությունները, մենաշնորհները, դատաիրավական համակարգը, օֆշորային ու կոռուպցիոն սկանդալները:

«Լրատունը» ինտերակտիվ նախագիծ է, որտեղ շոշափվում է Հայաստանում կոռուպցիայի լուսաբանման պատմությունը վերջին 25 տարիների ընթացքում:

«Մենք փորձել ենք հավաքագրել այդ ամենը, ձևավորել և մատուցել նրանց, ովքեր հետաքրքրված են և հետազոտել, և վերհիշել, ու ևս մեկ անգամ հասկանալ այդ ամենը»,- ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

«Լրատան» ստեղծումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ցուցադրությանը ներկա Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իր ողջույնի խոսքում նշում է, որ դեսպանատան գործունեության առաջնահերթություններից մեկը Հայաստանի հասարակության, լրատվամիջոցների հետ համատեղ աշխատանքն է և աջակցությունն այն ջանքերի, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին:

«Կարծում եմ, Հայաստանի պետական այրերի շահերից է բխում այն, որ կա այնպիսի լրատվական դաշտ, որը կարող է պաշտոնյաներին բարդ հարցեր ուղղել»,- ասում է դեսպանը:

Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի կարծիքով՝ թանգարանը նախ և առաջ արդյունքներ է ամփոփում:

«Շատ կարևոր է, երբ տեսնում ես, որ այս ամբողջ խոսակցությունը կոռուպցիայի մասին օդի մեջ չէ, բավականին մարդիկ, խմբեր ինչ-որ բաներ արել են, կարող է դա լրահոսի մեջ կորել է ժամանակին, բայց այժմ հետ բերելու պահն է: Պետք է հասկանալ, թե ինչ արդյունքի ենք հասել, մի՞գուցե ոչ մի արդյունք չի տվել, մի՞գուցե դրանից հետո ավելի է վատացել իրավիճակը: Ամեն դեպքում սա առիթ է մտածելու, նորից վերակազմակերպելու մեր վարքը, մոտեցումները»,-ասում է Տիգրան Պասկևիչյանը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հույս ունի, որ «Լրատունը» հետաքրքիր կլինի հատկապես երիտասարդներին ու պատանիներին:

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հետաքրքրված լրագրողների համար նույնպես ցուցադրությունը շատ օգտակար կարող է լինել: «Այն կարող է փոխել նրանց մոտեցումները՝ հարցերը ներկայացնելու ժամանակ, կամ լուսաբանելիս հարցին նայեն այլ պրիզմայով և տեսանկյունից»,- ասում է Սոնա Այվազյանը:

Ցուցահանդեսը նաև լրագրողական կրթության ու մեդիագրագիտության տարրեր ունի: Թանգարանի այցելուները կարող են տեղում փորձել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիամարտ», «Ցանցառ» և «Լիտերատուսի արկածները» խաղերը:

«Լրատուն» նախագիծը մեկնարկել է 2010 թվականին: Նախագծի առաջին ցուցադրությունը կոչվում էր «Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան» և պատմում էր 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ լրագրողական աշխատանքի մասին:

Այս՝ երկրորդ ցուցահանդեսը, Երևանում կգործի մինչև փետրվարի 18-ը, իսկ մարտ-ապրիլ ամիսներին կայցելի Գյումրի, Վանաձոր և Գորիս:

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *