2018.01.29,

Նյուսրում

«Լրատուն» թանգարանում կոռուպցիան դառնում է ցուցանմուշ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի անկախության պատմությունը նաև կոռուպցիոն դեպքերի պատմություն է, որը հայտնվում է հանրության ու մեդիայի ուշադրության կենտրոնում որպես թե՛ առօրյա լրահոս, թե՛ վերաիմաստավորման առիթ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» ինտերակտիվ թանգարանը ընտրել է 1990-ականներից մինչ մեր օրերը ձգվող 7 ամենաաղմկահարույց կոռուպցիոն դեպքերն ու ներկայացրել դրանց լուսաբանման պատմությունը:  Տարիների վաղեմություն ունեցող, ինչպես նաև ամենաթարմ գործերը, «Լրատունը» ուսումնասիրել, դասակարգել ու դարձրել է ցուցանմուշներ՝ ամբողջացնելով դրանք «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով:

«Լրատուն» մեդիա թանգարանի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանն այս ցուցահանդեսը համեմատում է լրագրողական արկածի հետ: Ցուցահանդեսի այցելուները դառնում են մասնակիցներ ու հնարավորություն ստանում քայլ առ քայլ հետաքննելու բոլոր դեպքերը՝ հիմք ընդունելով մեդիա անդրադարձներն ու փորձագիտական կարծիքները:

«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» մուլտիմեդիա ցուցահանդեսը հպանցիկ անցնել չի ստացվի, այն այցելուներին առաջարկում է լրագրողների անկեղծ խոստովանություններ ու լուծումների առաջարկներ, որոնք առաջին անգամ են հավաքագրվել մեկ հարթակում:

Հպէկրանների վրա շերտ առ շերտ բացվում են 7 խոշոր կոռուպցիոն հետաքննությունների հետ առնչվող նյութերը՝ հաղորդումները, հոդվածները, ռեպորտաժները, ֆիլմերը, լուսանկարներն ու ելույթները:

Հատուկ այս նախագծի համար արվել են հարցազրույցներ հետաքննող լրագրողների ու փորձագետների հետ, նաև ներկայացվել մինչ օրս չհրապարակված արխիվային նյութեր:

Քանի որ «Լրատունը» աշխատում է շրջիկ, մոբիլ ցուցահանդեսի ձևաչափով ու իր կառուցվածքի առանցքը թվայնացված նյութերն են, այցելուները կարող են բառիս բուն իմաստով «խաղալ» նյութերի հետ՝ դիտարկելով դրանք մի քանի մակարդակներում:

Օրինակ, հետևել դեպքերի ոչ թե ուղղահայաց (խորքային-փաստացի), այլ հորիզոնական (շղթայական-կապակցված) զարգացմանը:

Հաճախ մի դեպքը մյուսի հետ միահյուսվում է եթե ոչ ուղիղ, ապա առնվազն վերաբերմունքի միջոցով: Ի վերջո, կոռուպցիոն դեպքերի հանդեպ հանդուրժող լինելը դրանց շարունակական բնույթի պատճառ է:

Օրինակ, կարելի է հետևել, թե ինչպես է օտարերկրյա ներդրումներ խրախուսող Հայաստանը, իրականում խոչընդոտում սփյուռքահայ գործարարների նախաձեռնություններին:

Կամ վերհիշել, թե ինչպես է անորակ մսի մատակարարումը բանակ առիթ դառնում խոսելու բանակ-հասարակության ազդեցության մասին: Իսկ առաջին մենաշնորհները հետագայում վերածվում են կոռուպցիոն բուրգի:

Հետազոտված բոլոր յոթ դեպքերի մեդիա արտոցոլումը մեր ներկան է, որը քողարկել կամ անտեսել չի ստացվում:

Եվ այդ դեպքերում մեդիան է ստանձնում իրազեկման, հսկման ու պաշտպանության դեր՝ իր վրա վերցնելով կարևոր հանրային գործառույթ:

Կոռուպցիայի լուսաբանման հիմնական գործիքը հետաքննական լրագրությունն է, որն արդյունավետ է, եթե հետաքննող լրատվամիջոցը իրավական և տնտեսագիտական տեսակետից գրագետ է, ունի բավարար ռեսուրս (ժամանակ ու գումար): Եվ ամենակարևորը՝ հետևողական է։

Վահրամ Մարտիրոսյանը՝ զբաղվելով «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսի բոլոր նյութերի դասակարգմամբ, եզրակացնում է, որ հայաստանյան մեդիայի մեծ մասը.

ա) կոռուպցիայի լուսաբանմամբ լրջորեն չի զբաղվում,

բ) սովոր չէ սեփական գործունեությունը հանրահռչակելուն,

գ) լրատվամիջոցները կաշառասունությունը լուսաբանում են դիպվածային, միջկլանային բախումների պահերին, քանի որ հաճախ ֆինանսավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց մերձավորների կողմից:

դ) երբեմն լրատվամիջոցը շահախնդրորեն է անում հետաքննություն՝ բիզնեսմենների վրա հարձակումները օգտագործելով սեփական խնդիրները լուծելու համար:

ե) պատժվում են նախկինները՝ պաշտոնանկները։

«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը լավ հնարավորություն է՝ ստվերում մնացած շատ հարցերի պատասխաններ որոնել ավելի թարմ աչքով: Իսկ արդեն իսկ բծախնդրորեն պեղված, մշակված ու թվայնացված տեղեկությունը կօգնի իրականության հնարավորինս ամբողջական պատկեր կազմել:

Ցուցանադեսի բացումը տեղի կունենա փետրվարի 1-ին, իսկ հետո այն կշրջի Հայաստանի տարբեր քաղաքներով՝ մեդիամարտի հրավիրելով վանաձորցիներին, գյումրեցիներին և գորիսցիներին:

Սա «Լրատուն» թանգարանի երկրորդ ցուցադրությունն է, առաջինը կոչվում էր «Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան»:

Երկու ցուցահանդեսների առանցքն այն է, որ բոլոր ժամանկներում էլ մեդիան է (այդ թվում, սոցիալական) վավերացնում պատմությունը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *