2018.01.19,

Նյուսրում

Երբ Արմեն Սարգսյանը վարչապետ էր…

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահի նոր թեկնածուի անունը:

Նախօրոք արդեն հայտարարվել էր, որ նոր նախագահը պետք է լինի ընդունելի թե՛ Հայաստանի ներսում, թե՛ արտերկրում, տիրապետի օտար լեզուների: Նաև «անկողմնակալ մարդ լինի, որը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ և կուսակցության անդամ չի եղել»:

Եվ այդպիսի մարդ դարձավ Արմեն Սարգսյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանը, որը երեք անգամ զբաղեցրել է այդ պաշտնոը: Նաև կարճ ժամանակահատվածում (1996 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 1997 թվականի փետրվարի 28-ը) եղել է ՀՀ վարչապետ:

Հինգերորդ վարչապետ ու այժմ չորրորդ նախագահ դառնալուն հավակնող Արմեն Սարգսյանի մասին լրատվական դաշտն այսօր գրում է շատ՝ փորփրելով նրա անցյալը, բիզնես կապերն ու ունեցվածքը: Նաև վաստակը՝ դիվանագիտական ու բիզնես ոլորտներում:

Իսկ 1996 թվականի նոյեմբերին, երբ նա նշանակվեց վարչապետ, մամուլն ավելի ոգևորված էր: Օրինակ, «Հայաստանի հանրապետությունը» իր առաջին էջում հրապարակեց «Արմեն Սարգսյանի դասերը» հնչեղ վերնագրով լուրը, որտեղ ասվում է, որ ներդրվում են ծառայողի նոր ստանդարտներ:

«Ազգ» օրաթերթը հին ու նոր վարչապետների՝ Հրանտ Բագրատյանի ու Արմեն Սարգսյանի մասին տարբեր ոճի լուրեր հրապարակեց: Նախկին վարչապետը թեև իր հրաժարականը պարտադրված, բայց ճիշտ է համարվել: Իսկ նոր վարչապետը ներկայացվել է որպես «առանձնահատուկ արհեստավարժ» և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «ամենավստահելի անձանցից մեկը»:

Ավելի թարմ ոճով աշխատող «Առավոտ» օրաթերթը նոյեմբերի5-ին իր առաջին էջում տեղադրեց «Փիլիսոփա վարչապետի աշունը» հոդվածը, որտեղ հայտնեց, որ «վարչապետական փորձը Հրանտ Բագրատյանին փիլիսոփա դարձրեց»:

Տարածվեց նաև «Արմենպրեսի» լուրը, որ հին ու նոր վարչապետները երկարատև զրուցել են:

Արմեն Սարգսյանի վարչապետության տարիները պահպանվել են նաև այսպիսի լուրերով, երբ նա Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի հետ այցելել էր մետրոպոլիտենի «Չարբախ» կայարան և հայտնել, որ «մետրոն եղել է և մնում է մայրաքաղաքի տրանսպորտային զարկերակը»:

Նոյեմբերի 23-ին «Հայաստանի Հանրապետությունը» հայտարարեց, որ Արմեն Սարգսյանի ճեպազրույցները լրագրողների հետ պարբերական կլինեն: Եվ դրանով զանգվածային լրատվական միջոցները տեղյակ կլինեն կառավարության որոշումների մասին:

Արմեն Սարգսյանի հրաժարականը 1997 թվականին հուզական էր ներկայացվում, քանի որ ըստ պաշտոնական վարկածի՝ ծանր հիվանդությունից հետո նա պետք է մեկներ բուժման:

«Հայաստանի հանրապետությունը» հարցազրույց էր ներկայացրել «Շատ եմ ցավում, որ հիմա ժամանակը, եռանդը, կյանքը ստիպված եմ լինելու ծախսել հիվանդության դեմ պայքարելու համար» վերնագրով:

«Ազգը» փոխանցեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ «Ցավում եմ Արմեն Սարգսյանի հրաժարականի համար» վերնագրով:

Թերթը մեջբերեց նաև Արմեն Սարգսյանի խոստումը, որը նա արել էր Երևան-Լոնդոն հեռախոսային ասուլիսի ժամանակ. «Ապաքինվելուց հետո կվերադառնամ ու կծառայեմ հայրենիքին»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ «հեռանում է խառը զգացմունքներով, դեռևս չիրականացված ծրագրերի ափսոսանքով»:

Նունե Հախվերդյան
Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *