Գերմանիայի Մեդիա պատասխանատվության ինստիտուտը (Institute for Media Responsibility) համախմբում է տարբեր մասնագետների, որոնք ուսումնասիրում ու վերլուծում են ժամանակակից մեդիայի լեզուն ու ուղերձները: Այդ գործը տեղի է ունենում թե՛ լեզվաբանության, թե՛ քաղաքականության, թե՛ հոգեբանության տեսակետից: Հաշվի են առնվում տարբեր գիտական ու փորձագիտական գնահատականներ:
Արդեն 13 տարի գոյություն ունեցող ինստիտուտը խորհրդատվական դեր ունի, այն ոչ թե պատժում է, այլ՝ հետազոտում:
Ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Սաբին Շիֆերը (Sabine Schiffer) ասում է. «Մեր գործը երկակի է: Մի կողմից մեր լսարանը նրանք ենք, ովքեր ստեղծում են մեդիա բովանադակությունը, իսկ մյուս կողմից՝ նրանք, ովքեր սպառում են»:
Նրա ուսումնասիրությունների հիմնական շրջանակը միգրացիան է, թշնամու կերպարի տրանսֆորմացիան ու տարբեր մեդիա մանիպուլյացիաները: Ընդ որում՝ ոչ միայն գիտակցված, այլև տարերային ու չգիտակցված մանիպուլյատիվ մեդիա հնարքները:
«Ի վերջո, մենք գիտենք, որ կարելի է ստել ոչ միայն ֆեյք լուրերի, այլև փաստերի օգնությամբ»,- հիշեցնում է նա:
Մեդիա պատասխանատվության ինստիտուտի համար կարևոր է հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն ունի յուրաքանչյուր գերմանական մեդիա, որն իր պատկերացումների համաձայն է դասավորում փաստերը, ինչի արդյունքում էլ ձևավորվում է հանրային վերաբերմունքը:
«Մենք շատ ժամանակ ենք ծախսում, հասկանալու համար, թե ինչպիսի խմբագրական քաղաքականություն ունեն Գերմանիայի պարբերականները: Եվ հավատացնում եմ, որ ամենամեծ գլխացավանքը ոչ թե միտումնավոր արված մանիպուլյացիաներն են (որոնք, ի վերջո, ապացուցելի են), այլ դրանց անգիտակցական տարածումը: Մեր ինստիտուտի համար դա լուրջ խնդիր է»,- ասում է Սաբին Շիֆերը:
Գերմանիայում չկա պետական ԶԼՄ: Թեև ոմանք կարծում են, որ լավ է, երբ կա պետական տեսակետ արտահայտող լրատվամիջոց, այնուամենայնիվ, գերմանական բոլոր լրատվամիջոցները պաշտոնապես անկախ են:
«Մի կարծեք, որ սոցիալական մեդիան ամեն բան գրավել է, այն պարզապես ավելի հասանելի է դարձրել բովանդակությունը: Դասական, ավանդական մեդիան միևնույն է շարունակում է կարծիք թելադրել: Եվ բոլորովին նշանակություն չունի, թե ինչ տեսակի լրատվամիջոց է՝ դեղին, թե հիմնավոր: Կարևոր է, թե ինչպիսի ազդեցություն է այն թողնում»,- ասում է Սաբին Շիֆերը:
Մեդիա պատասխանատվության ինստիտուտի հիմնադիրը խորհուրդ է տալիս սպառողներին ուշադրություն դարձնել, թե հատկապես ինչպիսի թեմաներ են ընտրում խմբագրությունները՝ առաջնային լուսաբանման համար: Օրինակ, կարող են գիտակցաբար օրակարգ բերել այնպիսի թեմաներ, որոնք կոնստրուկտիվ չեն և շեղում են ուշադրությունը ավելի կարևոր, անգամ, աղետալի կարևորություն ունեցող թեմաներից.
«Շարքային սպառողները՝ տարածելով թերթի կամ ամսագրի շեղող նյութերը, ավելի են ամրապնդում խմբագրության տեսակետը: Չմոռանանք, որ կան շաբլոններ, որոնք ենթագիտակցորեն են ամրապնդվում մարդու, երկրի նկատմամբ»:
Այդպիսին է, օրինակ, միգրանտների ու հատկապես իսլամական աշխարհի հանդեպ վերաբերմունքը:
«Օրինակ, լսելով Մերձավոր Արևելքի մասին, լսարանը դժվարությամբ է կարողանում ընդունել, որ ցավից, պատերազմից, ավերածություններից բացի կան նոր մարդիկ, որոնք ապրում են ուրախ և անգամ երջանիկ են»,- ասում է Սաբին Շիֆերը:
Միգրանտների խնդիրը շատ հետաքրքիր է ճյուղավորվել Գերմանիայի նորագույն պատմության ընթացքում: Սաբին Շիֆերը նշում է, որ դա ակտուալ թեմա էր միշտ. «Խնդիրը մնաց, փոխվեց վերաբերմունքը այսպես կոչված «վտանգավոր օտարականների» (Gerahrlich fremd) հանդեպ: Իրականում այդ հասկացությունը տարբեր կերպ է թարգմանվում: Նաև՝ տարօրինակ խորթը»:
Նա պատմեց, որ 1960-ականներին դժգոհ էին պորտուգալացի փախստականներից, վստահ լինելով, որ նրանք երբեք չեն կարող ինտեգրվել գերմանական միջավայրում: Հետո վտանգավոր օտարականների տեղը զբաղեցրեցին իտալացիները: 1980-ականներին ՝ թուրքերը: Իսկ հիմա վտանգավոր են ընդհանրապես իսլամ դավանողները, բայց թուրքերը Գերմանիայի ընկերներն են: Թշնամական վերաբերմունքը տարածվում է հիմնականում արաբների վրա:
Հետաքրքիրն այն է, որ սկսած 1960 թթ., Գերմանիայում հայտնված փախստականների քանակը նույն է եղել, ինչ այսօր: Քանակը չի փոխվել, փոխվել է վերաբերմունքը, ինչի արդյունքում էլ ուռճացվում է փախստականների խնդիրը:
«Ավելի քիչ փախստականներ են ժամանաել Գերմանիա, քան ասենք Թուրքիա կամ Հորդանան: Բայց գերմանական մեդիան անընդհատ կրկնելով, որ փախստականների ալիքը ուղղակի ծածկել է Գերմանիան, տպավորություն է ստեղծում, որ հարկավոր է պաշտպանվել: Եվ պաշտպանվել ամեն գնով: Այսինքն, մենք խոսում ենք ոչ թե գլոբալ խնդրի մասին, այլ շեղում ենք ուշադրությունը՝ համոզելով, որ կան վնասակար մարդիկ: Իսկ այդ դիսկուրսը պատիվ չի բերում»,- ասում է Սաբին Շիֆերը:
Գոյություն ունի կոլեկտիվ գիտակցություն, որին հակառակվելը բարդ է: Եվ Սաբին Շիֆերը խնդրում է, անգամ պահանջում, որ բոլորը կասկածեն ամեն ինչի վրա: Եվ հերթական անգամ կարդալով վտանգների մասին, հարց տան՝ արդյո՞ք այդ վտանգները չեն եղել Գերմանիայում մինչ փախստականների հոսքը, թե՞ միայն ուրիշները, տարբերվողներն են իրենց հետ բերել վատ երևույթները:
Վտանգավոր ու տարօրինակ օտարականների մասին պատմություններն ու պատկերները հենց այն շաբլոններից են, որոնք հաճախ է օգտագործում մեդիան: Եվ երբեմն հրահրում արագ արձագանքելու, կանխելու, անմիջապես գործողության անցնելու լսարանի ցանկությունը:
Սաբին Շիֆերը նշում է, որ առաջնային մանիպուլյատիվ հնարքը հենց գործի անցնելու դրդելն է: Ընդ որում՝ դա կարող է արվել ոչ թե բառերով, այլ՝ վիզուալ ուղերձներով (լուսանկարներով, ծաղրանկարներով, կոլաժներով), որոնք ավելի գործուն են:
Ի վերջո, մարդկային հիմնական բնազդը վախն է, մանավանդ ինչ-որ բանից զրկվելու վախը: Իսկ երբ կա վախ, այն հեշտությամբ կարելի է ուղղորդել: Օրինակ, ասել, որ եթե մարդիկ վատ են ապրում, մեղավորը ոչ թե կառավարությունն է, այլ փախստականները:
«Էլիտար» բառի նոր շունչը
Սաբին Շիֆերը պատմում է, որ երբեմն ոչ միայն բարդ է հասկանալ խմբագրությունների քաղաքականությունը, այլև անհնարին է, քանի որ կան տարբեր գործոններ՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական.
«Մենք հասկացանք, որ գերադասելի է աշխատել ոչ թե խմբագրությունների, այլ կոնկրետ լրագրողների հետ: Շատ ավելի արդյունավետ է, երբ լինում են ոչ թե էլիտար լրատվամիջոցներ, այլ՝ էլիտար լրագրողներ: Անգամ կարող եմ ասել՝ «ալֆա» լրագրողներ, որոնք ձևավորում են լրատվական քաղաքականություն ու ոճ, և որոնց հետագայում կրկնօրինակում են մյուս լրագրողները: Այսինքն, շրջանառության մեջ են դնում նրանց տեսակետները»:
Կարևոր չէ, թե այդ լրագրողները ինչ լրատվամիջոցներում կաշխատեն (անգամ, սկանդալային տաբլոիդներում), կարևոր է, որ նրանք լինեն ինքնաքննադատող ու հասկանան, որ կարող են լրջորեն վնասել սեփական կարիերային ու վարկաբեկվել որպես մասնագետներ, եթե իրենց ստեղծած բովանդակությունը որակյալ չլինի:
Սաբին Շիֆերը վստահ է, որ ժամանակակից մեդիա դաշտի համար մեծ նշանակություն ունի լավ բովանդակության հասանելիությունը: Այն ավելացնելով ու տարածելով միայն կարելի է դիմադրել այն ուժերին, որոնք փորձում են վերահսկել իրավիճակը: Եվ առաջին հերթին լրատվական օրակարգը.
«Իհարկե, ես հասկանանում եմ, որ «էլիտա» բառը բացասական իմաստ ունի, հաճախ «էլիտար» են անվանում այն մարդկանց, որոնք սուպերմենների պես իրենց վեր են դասում ինստիտուտներից ու օրենքներից: Բայց հետաքրքիրն էլ հենց այդ բառի վերաձևակերպումն է, ֆորմատի փոփոխումը»:
Էլիտար կամ ալֆա լրագրողները առաջին տպավորություն թողնողներն են, իրականություն մեկնաբանողները: Սաբին Շիֆերը կարծում է, որ նրանք կարող են թելադրող լինել, եթե փորձ անեն միասին աշխատել, այսպես կոչված՝ մտքի պահոց ստեղծել:
Օրինակ, էլիտար լրագրողների ցանցը կարող է լուրջ հակակշիռ լինել մեծ ինստիտուցիաներին ու փողերին, քանի որ, ինչպես հայտնի է, հաճախ մեդիա օրակարգը կազմում են ոչ մեդիայի մարդիկ:
«Չկա մի մարդ (առավելևս լրագրող), որը կարող է ասել, թե չեզոք ու օբյեկտիվ է: Միշտ կան քաղաքական գաղափարներ, իսկ լրագրողներն ու լսարանը ընդամենը տարածում են դրանք: Էլիտար լրագրողները կարող են նպաստել, որ լսարանը հակված լինի խորհելու, մտածելու, կասկածելու»:
Սաբին Շիֆերը առաջնային է համարում մեդիա կրթությունը, որն օգնում է հանրային քննարկումներում խուսափել խտրական վերաբերմունքից, ատելություն հրահրելուց ու մակերեսային գնահատականներից.
«Բան չի փոխվի, եթե մանկուց չասենք երեխաներին, որ իրենց տեսածն ու կարդացածը չի կարող ամբողջական լինել, դա ընդամենը մեծ պատկերի մի մասն է»:
Նունե Հախվերդյան
Հոդվածը պատրաստվել է «Մոլդովա-Լայպցիգ» ինստիտուտի կազմակերպած «Վիզուալ իմացության զարգացում» ծրագրի ընթացքում, որը ֆինանսավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: