Հայաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության այն դրույթը, որի համաձայն՝ ընտրությունները լուսաբանելու համար մեկ զանգվածային լրատվության միջոցից կարող են հավատարմագրվել ոչ ավել, քան 50 ներկայացուցիչներ։
Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին, 2-րդ պարբերությունների՝ սահմանադրականությունը վիճարկող դիմում ներկայացրել էր Գյումրու «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունը։
2017 թվականի մարտի 9-ին կազմակերպությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 2 զանգվածային լրատվության միջոցի («Ասպարեզ» օրաթերթ և asparez.am լրատվական կայք) և դրանց 1000 ներկայացուցչի հավատարմագրելու պահանջով։ ԿԸՀ-ն մերժել էր դիմումը։ Հասարակական կազմակերպությունը բողոք էր ներկայացրել Վարչական դատարան, սակայն բողոքը նույնպես մերժվել էր։ Հոկտեմբերի 3-ին կազմակերպությունը դիմել էր Սահմանադրական դատարան։
Ըստ դիմողի, «…Որևէ հիմնավոր պատճառաբանության և անհրաժեշտության բացակայության պայմաններում զանգվածային լրատվության միջոցների և նրանց ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումները հատկապես ընտրական գործընթացներում թեև սահմանված են օրենքով (ՀՀ ընտրական օրենսգրքով), սակայն չեն հետապնդում իրավաչափ նպատակ, անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակությունում և չեն բխում հանրային շահից»։
50-ից ոչ ավել լրագրող չհավատարմագրելու դրույթը, ըստ Դատարանի, հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի (Կարծիքի արտահայտման ազատությունը), 51-րդ հոդվածի (Տեղեկություններ ստանալու իրավունքը) 2–րդ մասի, 75 (Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը), 78 (Համաչափության սկզբունքը), 79 (Որոշակիության սկզբունքը), 80 (Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը) հոդվածների և 81-րդ հոդվածի (Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան) 2-րդ մասի պահանջներին և համարվել է անվավեր։
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն առանձնապես ոգևորված չէ Սահմանադրական դատարանի այս որոշմամբ: Նա ասում է, որ Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների հակասահմանադրականությունն ակնհայտ էր, և ՍԴ-ին դիմելու նախաձեռնությունն ավելի շատ փաստաբաններինն էր, որպեսզի Դատարանն ամրագրի այդ դրությունների հակասահմանադրականությունը:
ՍԴ դեկտեմբերի 26-ի որոշումը, ըստ Բարսեղյանի, իրավիճակի վրա ոչ մի կերպ չի ազդի, քանի որ համապետական ընտրություններն արդեն ավարտվել են, և լրագրողական կազմակերպությունները կորցրին դրանք վերահսկելու իրավունքը:
«Ակնհայտ է, որ նման սահմանափակումներ չպետք է լինեին: «Ասպարեզը» յուրաքանչյուր համապետական ընտրությունների հավատարմագրել է 700-800 ներկայացուցիչ: Ուստի իշխանությունները արհեստական արգելք ստեղծեցին, այդ պահին ընտրությունները հանրային վերահսկողությունից հեռու պահելու համար:
Չեմ ժխտում, հաջորդ ընտրություններին ԸՕ այս հակասահմանադրական դրույթները ուժ չեն ունենա, բայց իշխանությունները միգուցե նոր սահմանափակումներ կմտածեն»,- ասում է Լևոն Բարսեղյանը:
Արդարադատության նախարարությունը Media.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի 1396 որոշումը իմպլեմենտացնելու նպատակով՝ գերատեսչությունը լրամշակել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հավանության է արժանացել կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում և սեղմ ժամկետում կներկայացվի Ազգային ժողով:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը սահմանադրական է համարել Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասին 1-ին պարբերության այն դրույթը, որով առավելություն է տրվում վերգետնյա եթեր հեռարձակողներին: Հիշեցնենք, ըստ այդ դրույթի, լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց, բայցև մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ վերգետնյա եթեր հեռարձակողների նկատմամբ:
«Ասպարեզի» հայցը ՍԴ-ում պաշտպանած փաստաբանական խմբի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի կարծիքով այս հարցում Դատարանը սխալ որոշում է կայացրել:
«Անընդունելի է, որ վերգետնյա հեռարձակում իրականացնող կազմակերպությունների և մյուսների միջև խտրականություն է դրվում: Պրակտիկայում արդյո՞ք եղել է նման սահմանափակում, ինձ հայտնի չէ, սակայն դա չի նշանակում, որ չի եղել կամ ապագայում նման ռիսկ չի կարող լինել: Այդ դրույթը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»,- ասում է փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: