Լրագրողների ֆիզիկական պաշտպանվածության խնդիրը՝ ռազմական գործողությունների, բողոքի ակցիաների, զինված հարձակումների լուսաբանման ժամանակ, արդիական համարվեց հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին:
Սահմանամերձ գոտի մեկնած շատ լրագրողներ չունեին պաշտպանիչ հանդերձանք և հայտնվել էին կյանքին անմիջական սպառնալիք պարունակող իրավիճակում:
Հայաստանում դեռևս չի ձևավորվել հատուկ լրագրողների համար նախատեսված զրահաբաճկոններ ու սաղավարտներ կրելու մշակույթը: Շատ խմբագրություններ նման հանդերձանք գնելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ չունեն:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» NED-ի (National Endowment for Democracy) աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն հայկական մեդիային պատերազմի ժամանակ» ծրագիրը, որի շրջանակներում հնարավոր է դարձել զրահաբաճկոններ և սաղավարտներ ձեռք բերել լրագրողների համար:
Հայաստանցի լրագրողներին պաշտպանական հանդերձանքով ապահովելու գործում իր ներդրումն է ունեցել Մոնրեալում բնակվող լրագրող Լևոն Սևունցը: Ապրիլյան պատերազմից հետո նա առցանց դրամահավաք կազմակերպեց, որպեսզի մարդիկ «դառնան պատերազմական գոտիներից լուրեր հաղորդելու համար իրենց կյանքը վտանգող լրագրողների պահապան հրեշտակները»:
Լևոն Սևունցը հավաքագրված միջոցները փոխանցել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ու օգնել մեծացնել լրագրողական հատուկ հանդերձանքի բյուջեն: Արդյունքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կարողացավ լրագրողների համար գնել 12 զրահաբաճկոն և 12 սաղավարտ (10 զրահաբաճկոն և 11 սաղավարտ NED-ի աջակցությամբ, 2 զրահաբաճկոն և 1 սաղավարտ՝ առցանց նվիրվատվության գումարներով):
Լրագրողական պաշտպանիչ հանդերձանքը՝ սև գույնի, PRESS մակագրությամբ, կազմակերպությունը պատվիրել է «Լյուբավա» հայ-լեհական կազմակերպությանը:
«Լյուբավայի» ներկայացուցիչ Յարոսլավ Ռուխը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում դասընթացի մասնակցող լրագրողների մի խմբի արդեն ծանոթացրել է անվտանգության հավաքածուին: Փորձարկումից հետո եղան տարբեր կարծիքներ ու արձագանքներ: Ներկայացնում ենք դրանց պատասխանները:
Ինչպե՞ս կրել
Հանդերձանքը կշռում է մոտ 10 կիլոգրամ, եթե զրահաբաճկոնի մեջ առջևից ու հետևից ներառված են երկու կոշտ ներդիրներ (յուրաքանչյուրը 3 կգ): Ցանկության դեպքում կարելի է հանել ներդիրները, և զրահաբաճկոնն ավելի թեթև կլինի (մոտավորապես 4 կգ) ու հարմար երկարատև օգտագործման:
Կոշտ ներդիրներով զրահաբաճկոնը խորհուրդ է տրվում անընդմեջ կրել մոտավորապես 3 ժամ, որից հետո հանել և հանգստանալուց հետո՝ կրկին կրել 3 կամ 2 ժամ:
Իհարկե, շատ բան կախված է այն վտանգներից ու սպառնալիքներից, որոնք ենթադրաբար ուղեկցելու են լարված վայրերում աշխատող լրագրողներին ու օպերատորներին:
Ո՞ր դեպքերում է օգնում զրահաբաճկոնը
Կոշտ ներդիրներով զրահաբաճկոնը հնարավոր է դարձնում պաշտպանությունը Կալաշնիկով ինքնաձիգի և համեմատաբար ավելի մեծ տրամաչափի զինատեսակների կրակոցներից:
Իսկ առանց կոշտ ներդիրների զրահաբաճկոնը օգնում է խուսափելու բեկորներից, Մակարով տեսակի ատրճանակի կրակոցներից:
Ընդհանուր առմամբ՝ զրահաբաճկոնը նախատեսված է կրծքավանդակի պաշտպանության համար (այստեղ կարևոր է հաշվի առնել կիրառվող զինատեսակը, նշանառության անկյունը և այլ մանրամասներ):
Իսկ սաղավարտը, ըստ մասնագետների՝ ցանկալի է կրել գրեթե միշտ, եթե անհրաժեշտություն է լինում աշխատելու ոչ միայն թեժ կետերում, այլև աղետների կամ նույնիսկ խաղաղ ցույցերի ընթացքում, քանի որ մարդկանց, ոստիկանների ու զինված խմբավորումների առկայությունը արդեն իսկ ռիսկային է լրագրողների համար:
Կրելու առանձնահատկություններ
Բաճկոնը կարող է հարմարեցվել օգտագործողի կառուցվածքին՝ ուսերի վրա կպչուն ամրացումով: Ներսի կայուն գոտին մեծացնում է բաճկոնի պատշաճ միացումը և հնարավոր դարձնում քաշի համաչափ բաշխումը: Արդյունքում, ճնշումը ուսերին նվազում է՝ տարածվելով դեպի գոտկատեղ:
Բաճկոնը հագնելու և հանելու համար անհրաժեշտ է օգնություն: Խորհուրդ է տրվում չփորձել դա անել ինքնուրույն:
Ե՞րբ է պետք զրահաբաճկոնն ու սաղավարտը
Զինված հարձակումների, բողոքի ցույցերի, ռազմական գործողությունների ընթացքում… Մեծ հաշվով՝ ցանկացած իրադրությունում, երբ անհրաժեշտ է ինքնապաշտպանություն:
Իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող լրագրողները կարող են օգտագործել պաշտպանիչ հանդերձանքը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ տարածաշրջանի թեժ կետերում:
Տրամադրման պայմանները
Համազգեստը անվճար տրամադրվում է դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր լրագրողներին:
Պարզապես պետք է դիմել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն», կնքել պայմանագիր, տեղեկանալ օգտագործման կանոններին:
Հարցերի դեպքում զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն +374 10 583620, +374 11 583620 010 58 36 20 հեռախոսահամարներով։
Գայանե Ասրյան
Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: