2017.07.03,

Նյուսրում

«Քրաուդֆանդինգի համար առաջին և հիմնական քայլը տարբերվող արտադրանք ունենալն է»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

HackPack.press հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն, նախկինում «The Moscow Times»-ի լրագրող Ջասթին Վարիլեքը Թվապատում  կոնֆերանսի ժամանակ պատմեց լրագրողական արտադրանքի համար քրաուդֆանդինգի մի քանի արդեն հաջողված մոդելների մասին:

Քրաուդֆանդինգի ողջ իմաստն այն է, որ պոտենցիալ լսարանը ֆինանսական ներդրում է անում արդեն պատրաստ կամ դեռ նոր ձևավորվող որևէ գաղափարի իրականացման համար: Դառնում է համախոհ ու սպառող, նաև միջնորդավորված պատվիրատու այն բովանդակության, որի պահանջը զգում է:

Սա այլընտրանքային ֆինանսավորում ստանալու լավ ձևաչափ է, որի միջոցով միայն 2015թ-ին ավելի քան 34 միլիարդ դոլար է հավաքվել:

Ըստ Ջասթին Վարիլեքի՝ գաղափարի առաջխաղացման ու գումարի հավաքագրման համար կարևոր դերակատարություն ունեն.

  •  նախաձեռնության գաղափարն ու հեղինակը,
  • գաղափարին աջակցող անհատներն ու խմբերը,
  • նրանց հանդիպման ու համագործակցության պլատֆորմը:

Ջասթին Վարիլեքը մի քանի առաջարկ ներկայացրեց hայաստանյան մեդիա արտադրողներին՝ հաշվի առնելով այս ոլորտ ուղղվող ֆինանսների սահմանափակությունն ու լսարանի ոչ մեծ ծավալը:

Media.am-ի հետ զրույցում նա կարևորեց նախևառաջ բովանդակությունը, քանի որ կայքերի մեծամասնությունը արտադրում է գրեթե նույն բովանդակությունը, նույն ձևաչափով, իսկ թարմ մեդիա գաղափարները քիչ են. «Երբ պատրաստվում ես մարդկանցից գումար խնդրել սեփական մեդիան աշխատացնելու համար, պետք է հստակ մեդիա փիլիսոփայություն ունենաս: Քրաուդֆանդինգի համար առաջին և հիմնական քայլը տարբերվող, հետաքրքիր, բարեխիղճ արտադրանք ունենալն է»:

Որպես առաջին քայլ նա առաջարկեց ռեսուրսի առանձնահատկության մասին պատկերավոր նյութ ունենալ (ներկայացում, շնորհանդես, ռազմավարության ծրագիր կամ պարզապես մատիտով մի լավ պատկեր):

«Գումարով աջակցողների համար գաղափարը պետք է պարզ ու թափանցիկ լինի: Այստեղ ազնվություն է պետք: Անհրաժեշտ է մանրամասն ներկայացնել, թե ինչ արտադրանք է արդյունքում ստանալու լսարանը, և միայն դրանից հետո պարզ կդառնա քրաուդֆանդինգը հնարավո՞ր է, թե՞ ոչ»:

Գումար վճարողն ուզում է տեսնել տվյալ մեդիայի երկարաժամկետ և հստակ ռազմավարությունը: Քանի դեռ մեդիայի հեռանկարները պարզ չեն, գումար չի հավաքվի:

«Ներդրողներին պետք է համոզել… Սկզբում անհրաժեշտ է փոքր գումար՝ մտածված PR արշավ կազմակերպելու և մարքեթինգային ռազմավարություն ներկայացնելու համար»,- խորդուրդ է տալիս Ջասթին Վարիլեքը:

Իսկ հետո, արդեն քրաուդֆանդինգի արշավի ընթացքում, պետք է շեշտադրվի առանձնահատկության գործոնը: Դա կարող է լինել ոչ միայն գաղափարը, այլև մատուցման ու տարածման ուղիները:

Ասենք, դա կարող է լինել նոր բովանդակությունը, նոր մասնագիտական թիմը, մատուցման թարմ մոդելները, նոր տեխնոլոգիական մոտեցումները, լուսաբանման աշխարհագրության ընդլայնումը և այլն:

Ջասթին Վարիլեքը խորհուրդ է տալիս մեդիա արտադրողներին փնտրել այն հարթակները, որոնք կարող են կամուրջ դառնալ քրաուդֆանդինգի համար:

«Կան հարթակներ, որտեղ հնարավոր է ներկայացնել քո ծրագիրը և ծանոթանալ ուրիշ նմանատիպ նախագծերի հետ»,- այդ մասին Ջասթին Վարիլեքը մանրամասն պատմեց «Դուք եք Ձեր ճակատագրի տերը. ինչպե՞ս կարող են լրագրողներն ու խմբագրությունները հաղթահարել ֆինանսական ճգնաժամը» բանախոսության մեջ:

«Իհարկե, ձախողելու հավանականություն կա, բայց հաջողության հասնելը երբեք չի բացառվում: Ավելի լա՞վ չէ փորձել, քան սպասել գովազդի կամ օլիգարխիայի անկանխատեսելի գումարներին, որի դեպքում հստակ բովանդակության պահանջ է լինում, ինչը միշտ չէ, որ ձեր սրտով է»,- ասում է նա:

Եվ ավելացնում է, որ երբ գաղափարը ամբողջանա և մարդիկ հավատան դրան, հնարավոր կլինի աշխատել փուլային տարբերակով. ստեղծել մեկ ամսվա աշխատանքային ռեսուրս, հետո երկու և այդպես շարունակ.

«Դժվարն առաջին 25% վստահությունն է՝ գումարի տեսքով: Հետագայում, իհարկե, ավելի բարդ է. մի կողմից պետք է արդարացնել այդ 25% վստահությունը, մյուս կողմից՝ շարունակել նոր մարդկանց ներգրավել»:

Ջասթին Վարիլեքն ասում է, որ քրաունդֆանդինգում հաջողության հասնելու համար փոքրիկ գաղտինք կա.

«Մարդիկ հեշտությամբ գումար կվճարեն, եթե իմանան, որ մասնակից են դառնալու մեդիա բովանդակության ստեղծմանը՝ թեմաների և աղբյուրների ընտրությանը, տեղեկատվության տարածմանը և այլն»:

Դա օգնում է վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ կառուցել առկա և պոտենցյալ վճարող-սպառողերի հետ.  

«Հենց այնպես ոչ ոք չի վճարի, մինչև պարզ չգիտակցի, թե ինչ ազդեցություն է ունենալու այն իր վրա: Այսպես, մեծ թվով մարդիկ փոքր գումարով օգնում են քեզ ստեղծել քո և իրենց մեդիան, որն ավելի որակյալ է, ավելի անկախ և ավելի էֆեկտիվ՝ որոշում կայացողների վրա ազդելու տեսանկյունից»:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *