2017.05.15,

Նյուսրում

Հարձակվել և խոչընդոտել են լրագրողների աշխատանքը. Երևանի ավագանու ընտրություններ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, գրանցվել են դեպքեր, երբ լրագրողները հարձակման ու բռնության են ենթարկվել: Համեմատած ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, այս տեղական ընտրությունները լրագրողների համար փաստորեն լուրջ մարտահրավեր էին: Քվեարկության օրը ընտրատեղամասերում և շտաբերում լրագրողներին ոչ միայն   խանգարել են նկարահանումներ անել, այլև վիրավորել ու սպառնացել են՝ օգտագործելով «անգրագետ», «շառ անող», «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «Ո՞վ ես դու, որ ներկայանամ» և այլ նմանատիպ արտահայտություններ:

Բռնություն է կիրառվել  «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի և «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթև Խաչատրյանի նկատմամբ:

Երևանի Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Այս նույն շտաբում Սիսակը հարձակման ենթարկվեց նաև ԱԺ ընտրությունների ժամանակ: Լրագրողը հաշվի առնելով նախորդ միջադեպը, հետևում էր շտաբի գործունեությանը: Նա տեսել է, որ շտաբ են դուրս եկած քաղաքացիներից մեկը պայուսակից գումար հանում և բաժանում շտաբ բերված քաղաքացիներին։ Նկատելով, որ նոր մարդիկ են մտնում շտաբ, լրագրողը ներս է մտել, որտեղ տղամարդկանցից մի քանիսը սկսել են վիրավորել լրագրողին, քաշքշել ու փորձել խլել նրանից հեռախոսը: Այսպես նրանք ընդհատել են նկարահանումը՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքին։

Բռնության ենթարկված մյուս լրագրողը «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթև Խաչատրյանն է:  Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) երիտասարդը հարձակվել է լրագրողի վրա, փորձել խլել հեռախոսը:

Տաթևի աշխատանքին խոչընդոտել են նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում։  

Այս նույն տեղամասում ճնշում է գործադրվել նաև «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ:

Էրեբունի համայնքի 10/28 տեղամասում խոչընդոտել են նաև«1in.am» կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանի մասնագիտական գործունեությունը` նշելով, որ ընտրատեղամասում նկարահանումներ իրականացնելու իրավունք չկա և սպառնացել դատի տալ:

Խլել և արգելել են նկարահանումներ իրականացնել «Hraparak.am»-ի լրագրող Սոնա Ադամյանին՝ Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Տարածաշրջանային քոլեջում (2/50 ընտրատեղամաս)։

Լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ նշվում է, որ գրանցվել է բռնության 2 և խոչընդոտման 4 դեպք:

«Նախորդ տարիների փորձն առանձնապես հավատ չի ներշնչում, որ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները ոտնահարողները պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր տվյալները կուղարկի քննչական մարմիններին:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *