2017.04.28,

Նյուսրում

Լրագրություն և ընկերներ. «Մանանա»-ի մրցանակակիրները

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

«Մանանա» կենտրոնն այսօր խրախուսել է իր պատանի թղթակիցների Հայաստանի ցանցի լրագրողներին:

Պատանիները պարգևատրվել են լավագույն գյուղական պատմություններ գրելու, լավագույն բնանկարների շարք անելու, սահմանապահ գյուղի իրականության արտացոլման, լավագույն զգացմունքային նյութերի և մի շարք այլ աշխատանքների համար, որոնք հրապարակվել են 17.am կայքում:

«Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը, որի նպատակը Հայաստանում երիտասարդական քաղաքացիական լրագրության զարգացումն է, «Մանանա»-ն իրականացնում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

«Ծրագրի շրջանակներում լրագրության, լուսանկարչության և կինոնկարահանման գործնական դասընթացներ, սեմինարներ և մեդիա ճամբարներ են կազմակերպվել բոլոր մարզերի 14-ից 24 տարեկան հարյուրավոր պատանիների ու երիտասարդների համար, ովքեր տարբեր թեմաներով նյութեր են գրում, լուսանկարներ անում ու ֆիլմեր նկարահանում»,-ասում է կենտրոնի նախագահ Ռուզաննա Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ 17.am-ը շատ թանկ կայք է ինչպես իրենց, այնպես էլ պատանի թղթակիցների համար, որովհետև «այն և՛ համախմբում է բոլորին, և՛ իրենց խոսքը լսելի դարձնելու հնարավորություն տալիս»:

Կայքը ինքնադրսևորման հարթակ է նաև Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից 17-ամյա թղթակից Վահե Ստեփանյանի համար, ով լավագույն ակնարկագիր է ճանաչվել:

Ասում է, որ ամենալավը ակնարկ գրելն է ստացվում, եթե իհարկե գրելու ցանկությունը հետոյի չի թողնում: «Մինչև «Մանանա»-ի սան դառնալը օրագիր էի պահում և գրում էի, երբ հավես էի ունենում, իսկ հիմա փորձում եմ գործը վաղվան չթողնել»,- ասում է Վահեն:

Տարբեր թեմաներով է սիրում գրել, բայց, ինչպես ինքն է ասում, իրական, ոչ թե վերացական բաների մասին: Իսկ ամենաշատը ժամանակի մասին է գրում և համարում է, որ հետաքրքիր է ստացվում:

Պատանի թղթակցի փորձառությունը ստիպում է մտածել ապագայում լրագրությամբ զբաղվելու մասին, չնայած ցանկություն ունի տեղեկատվական անվտանգության բաժնում սովորել:

Մերի Մուրադյանը, ով պարգևատրվել է լավագույն գյուղական պատմություններ գրելու համար, կենտրոնի կրտսեր սաներից է: 14-ամյա Մերին Տավուշի մարզի Կողբ գյուղից է, ով «Մանանա»-ի միջոցով ձեռք է բերել շատ ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից: Նա, ստացած գիտելիքներից բացի, ընկերներին է համարում իր ամենամեծ ձեռքբերումը:

14-ամյա թղթակցի պատմությունները հիմնականում իր գյուղի մասին են, իսկ ավելի կոնկրետ՝ գյուղի անցյալի, որոնք իրենց են հասել պապիկների ու տատիկների միջոցով:

«Փորձում եմ հավաքել դրանք և ներկայացնել հանրությանը: Ինչու անցյալի մասին, որովհետև շատերը ներկան են գնահատում՝ իրենց անցյալն ու նախնիների մասին չիմանալով: Ես էլ մտածեցի այդ պատմությունները գրի առնել ու ներկայացնել հանրությանը հասկանալի լեզվով»,-պատմում է Մերին, ում նպատակը այդպիսի պատմություններով իրենց գյուղը ավելի ճանաչելի դարձնելն է:

17-ամյա Սերյոժա Առաքելյանն էլ Տավուշի մարզի Բաղանիս գյուղից է, պարգևատրվել է սահմանամերձ գյուղի իրականությունն արտացոլելու և հետաքրքիր լուսանկարներ անելու համար:

Նա իրեն առաջին հերթին նկարիչ է համարում. դիմանկարներ է հիմնականում անում ու  նվիրում ընկերներին, ցանկացողներին: Մրցանակաբաշխությանը նույնպես ձեռնունայն չէր եկել՝ իր հետ 23 դիմանկար էր բերել 17.am-ի միջոցով ձեռք բերած իր ընկերներին նվիրելու համար:

Լուսանկարչությունն իր երկրորդ զբաղմունքն է. չնայած լուսանկարչական սարք չունի, փորձում է հեռախոսի միջոցով որսալ իր սիրած կադրը:  Սիրում է լուսանկարել մարդկանց շարժը, գյուղի առօրյան, ամեն ինչ, բայց մնացած լուսանկարներից տարբերվող. «Սահմանամերձ Բաղանիսից եմ, բայց դա չի նշանակում, որ ամեն օր այնտեղ կրակում են, վիճակը լարված է ու դա պետք է երևա լուսանկարներում: Ընդհակառակը նկարել եմ վառարան, ջերմություն, երեխաները վերմակով ծածկված դաս են անում և ոչինչ չի խանգարում նրանց»:

Նա ասում է, որ իր լուսանկարներով փորձում է շատերին ճանաչելի դարձնել, ինչու չէ նաև դա հնարավորություն է, որ իրեն էլ ճանաչեն: Դրանից ինքը ոգեշնչվում ու սկսում ավելի լուրջ վերաբերվել լուսանկարչությանն ու լրագրությանը:

Ամենամեծ ձեռքբերումը նրա համար նույնպես ընկերներներն են, որոնց հետ շփվում է Ֆեյսբուքի միջոցով, իսկ հանդիպումների դեպքում էլ երազում այդ ժամանակը կանգնեցնել ու երկարաձգել ընկերական ջերմ մթնոլորտը:

«Մանանա»-ն այդ մթնոլորտի գլխավոր հերոսն է: Կենտրոնը զբաղվում է երեխաների, պատանիների և երիտասարդների մեդիա կրթությամբ: Կենտրոնում գործում են լրագրության, ֆոտոլրագրության, կինոյի և անիմացիայի ստուդիաներ, որոնց սաների աշխատանքները բազմաթիվ մրցանակների են արժանացել միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություններում և ցուցադրվել ու հրատարակվել աշխարհի շատ երկրներում։

 

Անահիտ Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *