Ապրիլի 2-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին կրկին գործելու է ընտրատեղամասերում արձանագրված ընտրախախտումների ինտերնետային քարտեզը: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը փորձելու է ընդլայնել հանրային դիտորդների թիվն ու աշխարհագրությունը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որ 2013 թվականից հանրային վերահսկողություն է իրականացնում ընտրական գործընթացների նկատմամբ, այս անգամ նպատակ ունի դիտորդներ ունենալ հանրապետության բոլոր ընտրատեղամասերում:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի ղեկավար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ եթե 2015թ.-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ հաջողվել է մոբիլիզացնել շուրջ 1000 դիտորդ, այս անգամ նախատեսում են նրանց թիվը դարձնել 4000՝ 3500-ը Հայաստանից, իսկ մնացածը 500-ը՝ սփյուռքից:
Ի՞նչ գործիքներ են օգտագործելու դիտորդները
«Քաղաքացի դիտորդ» հարթակը ապագա դիտորդներին գրանցելու համար է: Գրանցվելուց հետո նրանք հատուկ դասընթաց կանցնեն: Գրանցումը կշարունակվի մինչև մարտի 5-ը:
Արմեն Գրիգորյանը քաղաքացիների կողմից ակտիվություն է նկատում. «Այս պահին արդեն ունենք 1500-ից ավելի գրանցված քաղաքացի: Կարծում եմ, դիտորդների նախատեսված քանակը կկարողանանք ապահովել, քանի որ համագործակցում ենք նաև մի շարք հասարակական կազմակերպությունների և անհատների հետ»- ասում է Արմեն Գրիգորյանը:
Ի տարբերություն Հայաստանի քաղաքացիների, սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր հնարավոր է ինչ-ինչ պատճառներով չկարողանան ներկայանալ դասընթացներին, դիտորդ դառնալու համար համապատասխան գիտելիքները կստանան ուսոցողական տեսահոլովակների և այլ նյութերի միջոցով, որոնց տարածման համար կօգտագործվեն սոցիալական ցանցերը:
Արմեն Գրիգորյանն ասում է, որ ակտիվ օգտագործելու են սոցիալական մեդիան: Ընտրախախտումների մասին տեղեկատվության տարածման հիմնական միջավայրը կլինի Ֆեյսբուքը-ը, նյութերը կտեղադրվեն նաև Twitter-ում և Youtube-ում:
Ակտիվ կլինի citizenobserver.am կայքը, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան տեսնել ընտրախախտումների քարտեզը:
Այն գործում է հանրային մասնակցության Ushahidi հարթակի հիման վրա: Դիտորդների կողմից ուղարկած sms-ները, ինչպես նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, կարտացոլվեն նշված քարտեզում: Քարտեզի վրա կերևա, թե որտեղ ինչ խախտում է արձանագրվել:
Սրանք այն հիմնական երեք գործիքներն են, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն օգտագործում է ամեն ընտրությունների ժամանակ:
Ինչպե՞ս են աշխատելու լրատվամիջոցների հետ
Ըստ Արմեն Սարգսյանի լրատվամիջոցների հետ աշխատանքում ոչինչ չի փոխվել . շարունակելու են խախտումների վերաբերյալ պարբերաբար տեղեկացնել լրատվամիջոցներին, ինչպես նաև հետևել հրապարակումներին:
«Եթե որևէ լրատվամիջոցում տեսնում ենք ինչ-որ հրապարակում խախտումների վերաբերյալ, կապվում ենք նույն տեղամասում գտնվող մեր դիտորդների հետ ու ուղղորդում, որպեսզի այդ հարցով ևս զբաղվեն»,- ասում է Արմեն Գրիգորյանը:
Ի դեպ, ըստ Գրիգորյանի, հանրային դիտորդները լրագրողների հետ համագործակցում են նաեւ ընտրատեղամասերում:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: