Սարի Թաղի դասերը. ինչ անեն լրագրողները պաշտպանված լինելու համար

Վերջին տարիներին Հայաստանում բողոքի ակցիաների, հանրահավաքների լուսաբանման ժամանակ լրագրողների հանդեպ տեղի ունեցած բռնությունները, որոնք վտանգում են նրանց կյանքը, խմբագրությունների կողմից լրագրողների ապահովագրման անհրաժետշտություն են առաջացնում:

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2016թ. երրորդ եռամսյակային (հուլիս-սեպտեմբեր) զեկույցի՝ Երևանի Խորենացի փողոցի ու Սարի թաղի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության է ենթարկվել 19 լրագրող և օպերատոր: 2015 թվականին #ElectricYerevan-ին բռնության է ենարկվել 14 լրագրող և օպերատոր:

Հուլիսի 29-ին Սարի թաղում երթի ժամանակ լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով ոտքերի և ձեռքի բեկորային վնասվածքներ ստացած «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը նշում է, որ Հայաստանում որևէ խմբագրություն չունի այնպիսի համակարգ, որտեղ լրագրողները ապահովագրված են, սակայն լրագրողների մասնագիտական կյանքն էլ իր հերթին ցույց է տալիս, որ նման համակարգի ներդրման անհրաժեշտություն կա: Նրա դիտարկմամբ՝ խոսքը վերաբերում է ոչ միայն ապահովագրությանը, այլև հանդերձանքին, քանի որ շատ դեպքերում, գնալով որևէ հանրահավաք կամ բողոքի ակցիա լուսաբանելու, լրագրողները չեն կարող ենթադրել, որ այն կարող է ավարտվել ոստիկանների կողմից պայթուցիկների կիրառմամբ:

«Հայաստանում լրագրողը բռնության է ենթարկվում, հայտնվում է հիվանդանոցում, և պետությունն ինքն է հոգում ծախսերը, քանի որ ինքն է բռնության ենթարկել, ինչպես եղավ իմ դեպքում: Բայց, հնարավոր է, հրաժարվի այդ գործառույթը իրականացնելուց, և այդ բոլորը ծախսերը կմնան լրագրողի վրա: Հիմք չկար մտածելու, որ Սարի թաղի դեպքերի ժամանակ իմ աչքը դուրս չէր գա, կամ ես այլ ծանր վնասվածք չէի ստանա: Հայտնի չէին հետևանքները, ու ես՝ միջին աշխատավարձ ստացող լրագրողս, ինչպե ՞ս պետք է փակեի ծախսերը, կամ ո՞վ էր փոխահտուցելու: Իմ խմբագրության` «Ա1+»-ի աջակցությունը միշտ եմ զգացել թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես: Խմբագրությունն ինձ միայնակ չի թողել երբեք, չի ասել՝ մենք քեզ չենք ապահովագրել, գնա քո գլխի ճարը տես: Բայց ես հարցը դիտարկում եմ մշտական ապահովագրության դաշտում»,-ասում է Ռոբերտ Անանյանը:

«Հետք»-ի գլխավոր խմբագիր էդիկ Բաղդասարյանը նշում է՝ լրագրողների ապահովագրություն Հայաստանի մեդիա դաշտում չի իրականացվում, քանի որ լրատվամիջոցները չունեն այդքան ֆինանսական միջոցներ, հարցն անգամ չի քննարկվում խմբագրություններում: Ըստ նրա՝ աշխարհում շատ քիչ լրատվամիջոցներ ունեն այդ ապահովագրությունը, գուցե միայն աշխարհի խոշորները:

«Շատ կամավոր լրագրողներ են իրենց միջոցներով, առանց ապահովագրության մեկնում պատերազմական գոտիներ աշխատելու, խոշոր լրատվամիջոցներից շատերը սկսում են նյութեր գնել նրանցից՝ առանց սեփական լրագրող պահելու: Մեր լրագրողները գիտեն, որ ապահովագրված չեն, բայց գնում և աշխատում են թեժ կետերում: Մենք պաշտպանիչ բաճկոններ նույնպես չունենք: Ապագայում անգամ չեմ կարծում, որ կունենանք ապահովագրություն. քանի դեռ երկիրն այս վիճակում է, ես չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր դա անել»,-ասում է «Հետք»-ի խմբագիրը:

«Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի բյուրոն վերջերս է պաշտպանիչ բաճկոններ ձեռք բերել իր լրագրողների համար: Ռադիոկայանի բյուրոյի տնօրեն, գլխավոր խմբագիր Սիրանուշ Գևորգյանը նշում է, որ արդեն երկու տարի է՝ բողոքի ակցիաները ցրելու ժամանակ լրագրողները հարձակման են ենթարկվում՝ չնայած բոլորը գիտեն, որ նրանք լրագրողներ են, անընդհատ դեպքի վայրում են ու աշխատում են տեխնիկայով:

«Որոշեցինք գոնե պաշտպանիչ հանդերձանքով ապահովել նրանց: Դրանց վրա մեծ տառերով գրված է «Press»: Ունենք բավարար քանակություն, որպեսզի դեպքի վայրում աշխատող լրագրողներն ու օպերատորները կրեն այն: Ոստիակնությունը ցույցը ցրելիս օգտագործում է այնպիսի միջոցներ, որոնք բեկորային վնասվածքներ են առաջացնում: Ու հիմա, եթե կրեն այդ պաշտպանիչ հանդերձանքը, վստահ չեմ` որքանով կօգնի, բայց գոնե կտեսնեն, որ լրագրող է ու աշխատում է դեպքի վայրում: Իհարկե, նաև չենք կարող ասել, թե 100%-ով ապահովում ենք մեր լրագրողների անվտանգությունը»,-ասում է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան բյուրոյի տնօրենը՝ ավելացնելով, որ իրենք չեն ապահովագրում իրենց լրագրողներին:

Սարի թաղի դեպքերի ժամանակ քաղաքացիական հագուստով անձինք՝ մոտ 8 հոգի, փայտե հաստ ձողերով ծեծի էին ենթարկել «Lragir.am»-ի թղթակից Մարութ Վանյանին, ինչի արդյունքում լրագրողը ստացել էր աջ ոտքի սալջարդ, մարմինն ամբողջովին պատվել էր կապտուկներով: Վանյանը հասցնում է միան ձեռքերով և ուսապարկով պահել դեմքն ու կրծքավանդակը, ինչի արդյունքում էլ ամբողջ հարվածները ստանում է ձեռքերին և ոտքերին:

«Որքան էլ ուզում ես պաշտպանիչ բաճկոն ու սաղավարտ հագիր, եթե զորքը հարձակվել է վրադ ու ծեծում է, դա քեզ չի փրկելու: Դեպքից հետո ինձ աջակցել է խմբագրությունը, ընկերներս: Ոչ մեկը չի փոխահատուցել, ես ինքս եմ իմ հիվանդանոցային ծախսերը հոգացել: Հայաստանի խմբագրությունները չունեն այդ հնարավորությունը, հակառակ դեպքում ո՞ր մի լրատվամիջոցը չի ցանկանա իր աշխատողին ապահովագրել: Լրատվամիջոցները մեծ եկամուտներ չեն ստանում գովազդից, շուկան փոքր է, իրենք հազիվ ծայրը ծայրին հասցնելով կարողանում են միայն աշխատավարձ վճարել»,-ասում է Վանյանը:

«Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանն էլ կարծում է, որ ոչ միայն լրագրողները ապահովագրված չեն, այլ նաև այն թանկարժեք տեխնիկան, որով աշխատում են օպերատորներն ու լուսանկարիչները:

«Լրագրողն իր գրիչը կարող է պահել ու չեն իմանա, որ լրագրող է, բայց լուսանկարիչը իր սարքն ի՞նչ անի, ո՞նց անի: Նա այդ իրադրության կիզակետում պետք է գտնվի. եթե հեռու եղավ, էլ ի՞նչ լուսանկարիչ, էլ ո՞նց է լուսաբանելու: Նա պետք է լուսանկարներ բերի խմբագրություն: Բաղրամյանի, Սարի թաղի դեպքերի ժամանակ ուղղակի բախտ ենք ունեցել, որ մեր տղաները չեն վնասվել, բայց երբ Խորենացիի վրա հրավառություն արեցին, մեր աշխատողը այրվածքներ էր ստացել»,-մտահոգված պատմում է բազմամյա լուսանկարիչը:

Նա դեմ է պաշտպանիչ բաճկոնով աշխատելուն, կարծում է, որ դա ընդամենը կխանգարի լուսանկարիչներին:

«Եթե դա զրահաբաճկոն է, ապա մի 10 կգ ծանրություն է իրենից ներկայացնում, մի ահագին ծանրություն էլ տեխնիկան է, այդ մարդն էլ ինչպե՞ս կաշխատի: Պարզապես կարելի է ունենալ բաճկոններ, վրան գրված` «Press», բայց կարծում եմ դա էլ չի ապահովի մեր անվտանգությունը»,-ասում է «Ֆոտոլուր»-ի տնօրենը:

«4 պլյուս» վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոնի համահիմնադիր, լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը, լուսաբանելով ապրիլյան քառօրյա պատերազմը առաջնագծից, առաջին անգամ համոզվել է, որ կարիք ունի պաշտպանության:

«Չնայած ես համակերպվել եմ այն մտքի հետ, որ, լինելով ազատ ֆոտոլրագրող, չունեմ խմբագրություն իմ մեջքին կանգնած: Իմ գործողությունները իմ պատասխանատվության տակ են, բայց եթե լիներ ինչ-որ մի կազմակերպություն, որին կարող էինք դիմել թեկուզ սաղավարտ ու զրահաբաճկոն ձեռք բերելու համար, արդեն մեծ օգնություն կլիներ: Առաջնագիծ մեկնելուց էլ էի մտածում, բայց շատ քիչ ժամանակ ունեի, ու հետո էլ, Հայաստանում նման հնարավորություն չկա: Հնարավոր է, գուցե, սաղավարտ ճարել, բայց զրահաբաճկոն ճարելը շատ դժվար է»-ասում է ֆոտոլրագրողը:

Ռոբերտ Անանյանը նույնպես լուսաբանել է քառօրյա պատերազմը և կարծում է, որ այն լուսաբանող լրագրողները առաջնագիծ են մեկնում ոչ պատրաստված:

«Պաշտպանության բանակն է համազգեստ տալիս լրագրողներին առաջնագծում աշխատելու համար, ու դու դառնում ես զինվորներից մեկը ու հերթական թիրախը թշնամու համար, որովհետև սկսում ես զորքից ընդհանարապես չտարբերվել»,-ասում է լրագրողը:

Գայանե Մկրտչյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *