2016.09.24,

Նյուսրում

Ոստիկաններն ընդունել են «լրագրողների գործով» իրենց մեղքը

Ամբաստանյալ 4 ոստիկանների դատավարությունը, որոնք մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն օգտագործելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, իսկ նրանցից մեկը՝ նաև գույքը վնասելու մեջ, նշանակվեց հոկտեմբերի 10-ին, ժամը 10-ին:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգման որոշումն ընդունվեց՝ սեպտեմբերի 24-ի նիստում մեղադրողի բացակայության պատճառով ( դատավոր Արշակ Վարդանյանը ծանուցեց, որ բացակայությունը հարգելի է, քանի որ մեղադրողը մասնակցում է վերապատրաստման դասընթացների):

«Գործը ողջամիտ ժամկետներում քննելու խնդիր ունենք»,- ծանուցեց դատավորը, իսկ հետաձգման տևականությունը պայմանավորվեց պատասխանող կողմի փաստաբանի՝ արձակուրդ գնալու և գործին ծանոթանալու ժամանակ ունենալու հանգամանքով:

Արշակ Վարդանյանը հայտնեց նաև, որ ամբաստանյալներ Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը և Դավիթ Փերիխանյանը նախաքննության ընթացքում ընդունել են իրենց մեղքը: Հայտարարվեց նաև, որ բոլոր 4 ամբաստանյալների շահերը դատարանում պաշտպանելու է փաստաբան Տիգրան Գալստյանը: Իսկ տուժողներից երկուսի շահերը՝ փաստաբան Դավիթ Գյուրջինյանը:

Տուժող լրագրողներից դատարանում ներկա էր միայն «Ֆոտոլուրի» թղթակից Հայկ Բադալյանը:

Նախաքննության մարմինը (ՀՔԾ) պնդում է, որ 2015թ. հունիսի 23-ին Երևանի Ազատության հրապարակում մեղադրվող ոստիկանները՝ խոչընդոտելով մասնագիտական օրինական աշխատանքը, ապօրինաբար բերման են ենթարկել «Ֆոտոլուրի» թղթակից Հայկ Բադալյանին, խոչընդոտել են նաև «Արմենիա» հեռուստաընկերության, «Ուտոպիանայի» ACTV առցանց հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Խաչատուր Եսայանի, Աշոտ Բոյաջյանի և Արթուր Պապյանի մասնագիտական օրինական գործունեությունը:

Բացի այս, նշվում է նաև, որ Դավիթ Փերիխանյանը վնասել է Աշոտ Բոյաջյանի մոտ եղած Canon թվային ֆոտոխցիկը (485 հազ. դրամի գույքային վնաս) և Արթուր Պապյանի մոտ եղած Samsung /Galaxy բջջային հեռախոսը (երկու դեպքում էլ սարքը գործատուի սեփականությունն է եղել):

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *