Հայաստանի ռադիոն դարձավ 90 տարեկան: 1926թ. սեպտեմբերի 1-ին առաջին անգամ գործարկվեց փորձնական ռադիոկայանն ու աշխատեց կես ժամ անընդմեջ: Այդպես հիմք դրվեց ձայնային տեղեկատվության զանգվածային սփռմանը:
Տարիներ անց ռադիոն զիջեց իր դիրքերն ավելի գունեղ ու մոդայիկ մեդիա տեսակներին: Ավելի շուտ՝ դարձավ պատկառելի ու կայուն դասական, որը միաժամանակ հասանելի է բոլորին և առեղծվածային է իր էությամբ: Ձայնն իր վրա է վերցնում ինֆորմացիա փոխանցելու ողջ բեռը և գործի դնում միլիոնավոր ելևէջներ ու կիսատոներ: Միայն ձայնն է ու վերջ…
Մի խոսքով՝ վեհ մեդիա է ռադիոն՝ իր գաղտնի, մատչելի ու անորոշ բաղադրիչներով:
Եվ հիմա՝ իր 90-ամյա հոբելյանի օրը, Հայաստանի հանրային ռադիոընկերությունը սկսեց հեռարձակվել նաև թվային տիրույթում: Այսինքն՝ Հանրային ռադիոյի հաղորդումները հասանելի կլինեն թվային ազդանշան ընդունող ցանկացած հեռուստացույցով՝ ՀՀ ամբողջ տարածքում: Պատկերավոր ասած՝ նորից կլինի «պատի ռադիո» (եթե, իհարկե, պատից կախված հեռուստացույց ունեք):
Ռադիոն ձեռք բերեց նաև մի քանի պատկերավոր ու մնայուն նոր խորհրդանիշներ:
Հեռուստառադիոընկերության շենքի դիմացի պուրակը վերակառուցվել ու թարմացվել է: Բազրիքներին բարձրախոսներ են, գետնին՝ ռադիոյի և հեռուստատեսության ոլորտի աշխատակիցների անվանական աստղեր, հետնամասում՝ ծառուղի, նստարաններ ու ցայտաղբյուր (նույնպես մեդիա սիմվոլիկայով): Ամեն ինչ թարմ, մաքուր ու այլաբանական է:
Մուտքի դռան մոտ տեղադրվել է ռադիոն կամ ավելի ճիշտ՝ կոնվերգենտ մեդիան, սիմվոլիկ ներկայացնող նույնպես կոնվերգենտ արձան: Այսինքն՝ կիսաֆիգուրատիվ, կիսավերացական սիմվոլ, որի անվանումը «Եթեր» է:
Ըստ մտահղացման՝ մեդիան ու մարդը անբաժան են, և այդ պատճառով էլ՝ ռադիոհեռուստատեսությունը միահյուսվել է մարդկային էակների հետ, նստել վիրտուալ (անտեսանելի) նստարանին ու նայում անցորդներին: Մեդիա-մարդու ծնկներին ռադիո է, որը նվագում է: Ընդ որում՝ նվագում է ճիշտ ընտրված տոնայնությամբ և լավ երաժշտություն:
Ձայնային ուղեկցությունը արձանի մասն է: Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը պատմեց, որ հատուկ ընտրվել է այնպիսի սփռող սարքավորում, որը կարող է դիմանալ թե՛ ցրտին, թե՛ շոգին, թե՛ անձրևին, ինչը թույլ կտա անխափան ձայնային ազդանշան հեռարձակել: Դեռ երաժշտություն է…
Փոքր ծավալների քաղաքային քանդակների հեղինակ քանդակագործ Դավիթ Մինասյանը ստեղծել է մի սիմվոլ, որը միանգամից շատ բանի սիմվոլ է: Երկու գլուխ ունեցող արձանը սիրո ուղերձ է ուղարկում, իսկ մարմնի հատվածի անցքը թույլ տալիս խորհել մեդիայի ու մարմնի թափանցիկ ու փխրուն կառուցվածքի մասին:
Ընդ որում՝ այդ անցքը նաև սելֆի անելու համար է հարմար:
Հեռուստառադիոընկերության շենքի հետնամասի պատերը զարդարվել են գրաֆիտիներով: Ոճը զուսպ է, իսկ պատկերված առարկաները՝ խիստ մասնագիտական՝ ռադիոընդունիչներ, լարեր, եթերը խորհրդանշող ալիքներ:
Քաղաքում հայտնվող ցանկացած նոր գույն կամ ծավալ իր հետ բերում է նաև հաղորդակցության նոր հնարավորություն (կամ էլ սահմանափակում է):
Եվ հիմա Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Հանրային հեռուստառադիոընկերության շենքն ու հարակից տարածքը հաղորդակցվելու են հանրության հետ մեդիայի խորհրդանիշներով:
Նունե Հախվերդյան