2016.07.29,

Նյուսրում

Ճգնաժամային իրավիճակ. լրագրողները որպես բանակցությունների երաշխիք

Եղե՞լ է աշխարհում սրա նախադեպը. հուլիսի 23-ին լրագրողներին ոստիկանական մեքենաներով տանում են Երևանի ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածք, որն այն գրաված զինված խմբավորման հսկողության տակ է: Առանց զրահաբաճկոնների և սաղավարտների՝ լրագրողները զրուցում են զինված մարդկանց հետ: Ասուլիսը պայման է՝ պատանդ ոստիկաններին ազատելու համար, ինչը կատարվում է: Միառժամանակ հետո կրակոցներ են հնչում, թեկուզ՝ դեպի օդ: Ասուլիսն ընդհատվում է: Արտառոց դեպք է՝ լրագրողներին դարձնել բանակցությունների առարկա և վտանգել նրանց կյանքը, ո՞վ է պատասխանատու սրա համար:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանի և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ զրույցները՝ հուլիսի 17-ից հետո ծագած լրատվական խնդիրների շուրջ, հենց այս «ոչ կոնվենցիոնալ» ասուլիսի մասին կարծիքներից էլ սկսենք:

Լրագրողները՝ անպաշտպան

Հարություն Հարությունյան. – Իրենք իրենց չհարգեցին: Եթե ես լինեի լրագրող, կպահանջեի, որ ինձ հետ առանց զենքի գային հանդիպման: Նրանց անվտանգությունն, այո, երաշխավորված չէր, իսկ ով պիտի երաշխավորեր, չգիտեմ: Ես հասկանում եմ, որ Հայաստանում ամեն ինչ ավտոպիլոտի մեջ է, շունը տիրոջը չի ճանաչում: Իշխանություններն անգամ չեն կարողանում կատարվածին իրավական հստակ գնահատական տալ. առաջին օրն ասում են՝  ահաբեկիչներ, երկրորդ օրն ասում են՝ զինված խումբ, երրորդ օրը՝ չգիտեմ ինչ: Ի՞նչ է նշանակում զինված խումբ, ինչո՞վ են այս մարդիկ տարբերվում Նաիրի Հունանյանից ( 1999թ. Հայաստանի Ազգային Ժողովում ահաբեկչություն իրականացրած խմբի ղեկավարը,-խմբ.):

Աշոտ Մելիքյան. ­- Այո, լրագրողների անվտանգությունն այդ ասուլիսում երաշխավորված չէր: Մեզանում շատ-շատ բաներ կարգավորված չեն: Բայց հասարակական կարևորագույն հնչողություն ունեցող այսպիսի հարցերում, իհարկե, ոչ մի լրատվամիջոց չի կարող ձեռնպահ մնալ, և ցանկացած այդպիսի հնարավորությունը պետք է օգտագործել: Այդ առումով նրանք շատ ճիշտ են վարվել, բայց պետք էր պատշաճ կերպով կազմակերպել: Եթե դա իսկապես ահաբեկչական ակտ լիներ, կարող էին և պատանդ վերցնել լրագրողներին: Բայց իրենք դա չարեցին: Այսինքն, այստեղ էլ երևում է, որ խմբի անդամների գերնպատակն իրենց պահանջների մասին հանրությանն առաջին ձեռքից տեղեկացնել էր, և նրանք հասան այդ նպատակին… Ճիշտ եք, բայց ոչ միայն լրագրողների, այլև բոլորի կյանքն է գերագույն արժեք, և ես ուղղակի հպարտանում եմ իմ գործընկերներով: Նրանք շատ հանգիստ կարող էին այդ վտանգից վախենալ և չգնալ, իրենց գործը չանել՝ թեկուզ եթե անգամ իրենց ղեկավարի պարտադրանքով էին գնացել:

Զարգացող զինյալ իրադարձությանն՝ առցանց ուղիղ եթեր

Հարություն Հարությունյան. – Այս տեսակի դեպքերի ուղիղ հեռարձակումը շատ սխալ բան է: Որովհետև՝ ուզե՞նք թե չուզենք, էս տղաները լա՞վ տղերք են, թե վատ տղերք են, ճի՞շտ տղերք են, թե սխալ տղերք են, իրենց արածն իրավականորեն տեռոր է: Ինչո՛ւ տեռորիստներին էսքան աջակցություն կա, սրա մեջ այս զրույցում չեմ ուզում մտնել, բայց ցանկացած լրատվամիջոց պետք է հասկանա, որ նման դեպքերում չի կարելի ուղիղ հեռարձակում տալ, որովհետև դու որևէ հնարավորություն չունես եթերից հանելու բռնության, բռնությունը ոգևորող կոչերը՝ մեկ, երկրորդը՝ դու չգիտես, թե ինչ է լինելու այդ պահին: Խնդրեմ, նկարիր ամբողջը, տար խմբագրություն, մոնտաժիր, պրոֆեսիոնալիզմի և էթիկայի շրջանակում պատրաստիր քո ռեպորտաժը, հեռարձակիր՝ համացանցո՞վ կլինի, հեռուստատեսությա՞մբ կլինի:

Աշոտ Մելիքյան. – Հայտնի աքսիոմա է, որ ահաբեկիչներին չի կարելի լրատվամիջոցներ տրամադրել: Բայց պետությունը, իշխանություններն այդ փոխզիջմանը գնալով ևս մեկ անգամ, ըստ իս, ընդգծեցին, որ սա ահաբեկչական ակտ չէ, և նրանք ահաբեկիչներ չեն: Բայց դա չի նշանակում, որ ես արդարացնում եմ այդ գործողությունները: Ինչպես տեսանք, քրգործն էլ հարուցվել է ոչ թե ահաբեկչություն, այլ շենք-շինություններ բռնազավթելու հոդվածով: Այսինքն, եթե նրանք ահաբեկիչներ չեն, ուրեմն լրատվամիջոցներով նրանց կարծիքը տարածելն արդարացված է:

Հարություն Հարությունյան. – 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ աշխարհում դեռևս Իսլամական պետություն էլ չկար, համացանցն էլ այդքան տարածված չէր, բայց ընդունված կարգ էր արդեն՝ տեռորիստներին եթեր չտրամադրել: «Ա1+»-ը, այո, ճիշտ եք, Նաիրի  Հունանյանին եթեր տրամադրեց, բայց ե՛ս բանտարկվեցի, թե իբր նրան խոստացել էի ուղիղ եթեր տրամադրել Ազգային հեռուստատեսությամբ: Նաիրի Հունանյանի ուզածն էր ուղիղ եթերը, բայց ինչու՞ պետք է տրամադրեինք: Ազգային ժողովում այդ ընթացքում տեղի ունեցածը շարժական ստուդիայում աշխատող մեր ռեժիսորը տեսախցիկից-տեսախցիկ անցում անելով էր ուղարկում: Այդ կադրերից որոշ հատվածներ լուրերի առաջին իսկ թողարկմանը ցուցադրեցինք. շատ փոքր հատված, որը CNN-ը վերցրեց եթերից, և որը ևս պատմություն դարձավ մեր գլխին: Զինդատախազությունում ինձ համոզում էին, թե իբր ես CNN-ին վաճառել եմ այդ կադրերը: Այդքան չէին հասկանում, թե դա ինչպես է լինում տեխնիկապես:

Ես հիմա էլ եմ նույն կարծիքին, որ մենք ճիշտ ենք վարվել՝ ահաբեկիչների՝ ուղիղ եթերի պահանջին տեղի չտալով: Ավելին ասեմ, քրգործում այդ կտորը կա, երբ որ «Ա1+»-ով Նաիրի Հունանյանը ուղիղ եթեր էր դուրս եկել, ես Տիգրանին ( Տիգրան Նաղդալյան. այն ժամանակ՝ Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն,- խմբ.) ասացի՝ թող, գնամ՝ «Ա1+»- ի հաղորդիչն անջատեմ, Տիգրանն ասաց՝ գործ չունես, դա մեր խնդիրը չէ: Համոզված էի, որ պետք չէ տեռորիստին եթեր տրամադրել, այն էլ՝ ուղիղ եթեր: Որովհետև ուղիղ եթերում կարող է ամեն ինչ լինել, ամեն տեսակի կոչ:

Հեռուստատեսային եթերը՝ միակողմանի

Հարություն Հարությունյան. -Հեռուստատեսությունների մասին չխոսենք, մեր ընտանիքում վաղուց ենք բոյկոտել, որովհետև այն ինձ այլևս ոչինչ չի տալիս: Օրինակ, երեկ առավոտյան իմ նախկին սովորության համաձայն, հանկարծ հեռուստացույցը միացնում եմ, լուրերի վրա եմ ընկնում: Կարևոր չի՝ ո՛ր ալիքի, որովհետև բոլոր ալիքների լուրերը նույնն են: Եվ առավոտյան լսում եմ լուրեր մի բանի մասին, որը տեղի է ունեցել երեկ չէ առաջին օրը երեկոյան: Սոսկալի բան է մեր ոլորտում. ամեն ինչ գցված է ավտոպիլոտի վրա՝ հերն էլ անիծած, ինչ կլինի, թող լինի:

Աշոտ Մելիքյան. – Հեռուստաընկերություններն այս ժամանակհատվածում հանդես են գալիս որպես ԱԱԾ-ի և ոստիկանության հարթակ: Նրանք շատ ուշադիր լսեցին և ենթարկվեցին ԱԱԾ-ի կոչին առ այն, որ պետք է օգտագործել միայն պաշտոնական տեղեկատվությունը: Ես, իհարկե, չզարմացա, երբ այդ կոչը լսեցի, որովհետև ԱԱԾ-ն անում է իր գործը, բայց լրատվամիջոցներն ամենևին էլ պարտավոր չէին այդ կոչին ականջալուր լինել: Արտակարգ դրություն մտցված չէ, և լրատվամիջոցները պարտավոր էին օգտվել և՚ պաշտոնական աղբյուրներից, և՚ իրենց սեփական աղբյուրները փնտրեին, գտնեին, հավաքված փաստերը մանրակրկիտ ստուգեին, համադրեին կարծիքները: Այդ ամենը բացակայում էր, և էքստրեմալ պայմաններում էլ ավելի ցայտուն է երևում, որ հեռուստաընկերություններն իշխանությունների լուրջ վերահսկողության տակ են:

Ընդհանուր պատկերը

Աշոտ Մելիքյան. – Շատ լավ կլիներ՝ այս ժամանակահատվածում մի որակյալ մոնիթորինգ անցկացնել, իհարկե: Լրագրողական կազմակերպություններն էլ, լրատվամիջոցներն էլ պետք է պատրաստ լինեն էքստրեմալ պայմաններում աշխատանքին, բայց, չգիտես ինչու՝ չի ստացվում:

Հարություն Հարությունյան. – Այս ամբողջ ընթացքում մի հոդված է իմ մեջ տպավորվել. Աննա Իսրայելյանի «Դեժավյուն» է, որի յուրաքանչյուր տողի տակ ես կստորագրեի: Միգուցե ոմանց դուր չի եկել, հասկանալի է, բայց այդ հոդվածն ամենաանկողմնակալ, փաստերի վրա հիմնված՝ ամենալավ լրագրողական աշխատանքն էր այս ընթացքում: Այն, որ ասում են՝ մարդու սրտին յուղ նստեց:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *