2016.05.24,

Նյուսրում

Լրագրողական համայնքի զգուշավորությունը և «շորթման գործի» շուրջ սրացումը

Հայաստանի լրագրողական համայնքը զգուշավորության հիմնավոր պատճառներ ունի, երբ քրեական հանցանքի համար մեղադրվում է լրագրողներից մեկը: Նախ, բոլոր դեպքերում՝ պետք է հարգել մարդու անմեղության կանխավարկածը. մյուս կողմից, այնպես չստացվի, որ եթե կալանավորվածը գործընկեր է, ուրեմն մասնագիտական համայնքն անվերապահորեն պաշտպանում է նրան:

Մյուս հիմնավոր պատճառն այն է, որ նման դեպքերում փաստերի ստուգման առաջին ուղղությունն այս տրամաբանությամբ է՝ արդյո՞ք լրագրողին չեն հետապնդում իր աշխատանքային գործունեության համար: Այս հարցերի հստակ պատասխանները՝ փաստերով, առայժմ չկան, քանի դեռ Analitik.am կայքին առնչվող «շորթման գործի» նախաքննությունը շարունակվում է և դատարանի հրապարակային քննությանը չի հասել:

Լրագրողական արձագանքի զգուշավորության այս համապատկերում, իհարկե, տուժում է մասնագիտական ամբողջ համայնքի վարկը, որովհետև հանրության մի մասի ընկալումներում մեղադրանքի ծավալը նույնանում է ընդհանրապես բոլոր լրագրողների կերպարին: Այնուամենայնիվ, լրագրողական պրոֆեսիոնալ համայնքն իր վարկի հարցը ստորադասել է մարդու անմեղության կանխավարկածին, ինչը, հաստատ, պատիվ է բերում համայնքին:

Ինչ վերաբերում է գործի նախաքնությանն ու դրա շուրջ հրապարակային «պայքարին», անցած շաբաթվանից այն մտավ սրացման փուլ, իսկ կողմերի հայտարարությունները հիմնականում ավարտվում են «պայքարելու ենք մինչև վերջ» խոստումով:

«Ալյանս» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որի հաղորդման հիման վրա է հարուցվել Analitik.am կայքի տնօրենի և նրա օգնականի դեմ քրեական գործը՝ շորթման մեղադրանքով, մայիսի 17-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ մեղադրյալների թիկունքում խումբ կա, որը «ոստիկանական տպավորություն թողնող կայքերով ու Ֆեյսբուքի էջերով (…)  ստեր է տարածում ինտերնետով մեկ՝ շորթողին դարձնելով զոհ»: Ուրիխանյանն այդ ելույթում նաև այսպիսի ակնարկ արեց՝ «Բուրգի գործով անցնող՝ «Վանոյի Արտակ» կոչեցյալն էլ այս անգամ իր հետևից շատ մարդ է տանելու»:

Ելույթից անմիջապես հետո Media.am-ին տված հարցազրույցում պատգամավորը որոշակիորեն չբացեց փակագծերը՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը և միայն ասելով, թե «Վանոյի Արտակ» անունը տանում է դեպի ««Ալգա» իրավաբանական գրասենյակ, armcrimenews.com տեղեկատվական կայք ու դրանում խառնված մարդիկ: Մնացած անունները և մանրամասները տրամադրված են քննությանը»:

Ուրիխանյանը ժխտեց, թե նախկինում կարող է և անձնական խնդիրներ ունեցած լինել կամ անձնապես ճանաչած լինել մեղադրյալներին և ավելացրեց, որ վիրավորանքի ու զրպարտության դեպքերով 21 դատական հայց է արդեն ներկայացրել «հիշյալ կայքի, օժանդակ կայքերի, մի քանի առանձին անձանց դեմ, որոնք բոլորը դրա հետ փոխկապակցված են»: Ինչ վերաբերում է «շորթման գործին», ասաց, որ «դա ապացուցող տեսաձայնագրություններ է ներկայացրել» նախաքննության մարմնին:

Մայիսի 17-ին՝ Ուրիխանյանի խորհրդարանական ելույթից քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել «Ալգա» իրավաբանական ընկերությունը, որ ստանձնում է գործով մեղադրյալի՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի պաշտպանությունը, քանի որ «այս օրերին ուշադիր հետևել է նախաքննության ընթացքին, ինչպես նաև իրեն հասանելի աղբյուրներից ստացած տեղեկությունների ուսումնասիրությունից եկել է եզրակացության, որ Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը հավանաբար այնքան էլ կապ չունի իրականության հետ»:

Հայտարարության մեջ նշված են այդ հանգամանքները, որոնցից մեկն է. «ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մարդու, առավել ևս լրագրողի, որի մտքով երբևիցէ կարող է անցնել գումար շորթել ՀՀ ԱԱԾ տնօրենի մորաքրոջ տղայից»:

Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում է քննվում գործը, մայիսի 19-ին հաղորդագրություն տարածեց, որ «նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս կարծելու, որ վերը նշված շորթումը «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կամ նրանց անունից հանդես եկող անձանց ապօրինի գործունեության միակ դեպքը չէ», և  որ ՀՔԾ-ն նման քաղաքացիներին հորդորում է դիմել իրեն:

Մայիսի 23-ին հայտարարություն տարածեց փաստաբանների պալատը, որ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտում է Անի Հովհաննիսյանի պաշտպան, «Ալգայի» հիմնադիր Սուսաննա Սարգսյանի գրասենյակում մայիսի 19-ին « խուզարկություն ձեռնարկած պաշտոնատար անձանց գործելաոճը»՝ խուզարկության փորձը գնահատելով ապօրինի. «Սուսաննա Սարգսյանը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբի օգնությանը, որոնց միջամտությունից հետո նոր միայն քննիչը ետ է կանգնել փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու պնդումից»:

Փաստաբանների պալատի տարածած այդ հայտարարությանն ի պատասխան, մայիսի 23-ին հաղորդագրություն տարածեց Հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ տվյալ հասցեում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է մայիսի 16-ին, և «տարածքը դիտարկվել է որպես գործով անցնող քաղաքացու հիմնադրած «Ագլա» առևտրային կազմակերպության գործունեության, այլ ոչ թե «Ալգա» փաստաբանական գրասենյակի գործունեության վայր»: Նշվում է նաև, որ խուզարկության որոշումը «ստանալու հաջորդ օրը՝ 2016թ. մայիսի 17-ին, փաստաբան Սուսաննա Սարգսյանը դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին՝ քրեական գործով որպես մեղադրյալի պաշտպան ներգրավվելու համար»:

Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Հայկ Սարգսյանը Media.am-ին տված հեռախոսային հարցազրույցում հաստատեց, որ իր պաշտպանյալն արդեն երկրորդ փաստաբանն ունի: Նա նշեց, որ ազգակցական որևէ կապ երկրորդ պաշտպանի, ինչպես նաև որևէ առնչություն «Ալգա» ընկերության հետ, ինքը չունի: Հարցին, թե ինչպե՞ս է իր պաշտպանյալը բացատրում 300 հազար դրամի ստացումը պատգամավորից, ինչն արձանագրել են ոստիկանության աշխատակիցները, Հայկ Սարգսյանը վկայակոչեց նախաքննության գաղտնիությունը և միայն ավելացրեց, որ «համենայնդեպս, դա շորթման գումար չի եղել»:

Մայիսի 24-ին հայտարարությամբ հանդես եկավ Analitik.am-ի կալանավորված տնօրեն Անի Հովհաննիսյանը՝ պնդելով. «Շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: Նպատակը ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության բացահայտման հետ կապված իմ գործունեությունը կասեցնելն է (…) Կլինեմ ազատության մեջ, թե բանտախցում, պայքարելու եմ Ադրբեջանի Հանրապետության դեմ»:

Ռուսաստանի դեսպանն առայժմ չի արձագանքել հայտարարությանը:

Տիգրան Ուրիխանյանն այս հայտարարությունն անվանել է «զառանցանք», հույս հայտնել, որ «դեսպանը շուտափույթ պարզաբանմամբ հանդես կգա, և նշել, որ դա «սակայն մեր հետաքրքրությունների տիրույթում չէ»: Ուրիխանյանի արձագանքում նաև այսպիսի նշում կա. «Հայրենասիրական պայքարի շրջանակներու՞մ էր արդյոք Անին կեղտեր հորինում տարբեր գործիչների մասին ու ֆեյսբուքյան էջերով ուղարկում իրենց երեխաներին ու բարեկամներին»:

Ի դեպ, լրագրողի և նրա օգնականի ձերբակալության հաջորդ օրերին շրջանառվող տեղեկություններ հրապարակվեցին, թե Անի Հովհաննիսյանը հարցաքննության ժամանակ ասել է, որ պատրաստ է տալ տարբեր պաշտոնյաների անուններ, որոնք իր հետ համագործակցել են, և կհայտնի այն անձի անունը, որի ուղղորդմամբ նման գործունեություն է ծավալել՝ պայմանով, որ իրեն ազատ կարձակեն:

Անի Հովհաննիսյանի փաստաբան Հայկ Սարգսյանն օրեր անց՝ մայիսի 14-ին հերքեց, թե իր պաշտպանյալը նման հայտարարություն է արել:

Հայտարարությունների այս հարահոսում երիցս արդարացված է լրագրողական պրոֆեսիոնալ համայնքի զգուշավոր լռությունը՝ թեկուզ մինչև հրապարակային դատավարություն:

Տեղեկանք

Ըստ Հայաստանի ոստիկանության լրատվականի, պատգամավորի հաղորդման հիման վրա և հատուկ գործողության արդյունքում մայիսի 3-ին Երևանի սրճարաններից մեկում 300 հազար դրամ գումար վերցնելու պահին բերման է ենթարկվել Analitik.am կայքի տնօրենի օգնականը, ապա հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև տնօրենը:

«Անի Հ.-ն և Վարդիթեր Գ.-ն այժմ կալանավորված են և մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( «Շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», հոդվածի այս մասով օրենսգրքում սահմանված պատիժն է՝ 3-7 տարի ազատազրկումը՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա ): Գործը քննում է ՀՀ քննչական ծառայությունը:»

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *