2016.05.19,

Նյուսրում

«Դամոկլյան սուրն» ու «հռետորական նորմը» հանվել են, բայց որոշ խնդիրներ կան

Ընտրական օրենսգրքի նախագծում և նրան առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթում, որն օրերս երկրորդ ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում, արդեն չկան վիճահարույց դրույթներից մի քանիսը, որոնք փորձագետները վտանգավոր էին համարում քարոզարշավի ժամանակ լրատվամիջոցների պրոֆեսիոնալ գործունեության համար: Սակայն նախագծերում առկա մի քանի խնդիրներ դեռևս մատնանշվում են:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ աշխատանքային խմբի մշակած առաջարկությունները ներկայացվել էին խորհրդարանի բոլոր խմբակցություններին և պետա-իրավական հարցերով հանձնաժողովին: Նախագծի հեղինակ կառավարությունը և հանձնաժողովը մի շարք առաջարկություններ ընդունել են:

Հանվել է լիցենզիա կասեցնելու՝ ՀՌԱՀ-ին տրվելիք իրավունքը

Ազգային Ժողովի պետա-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը համարում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխությունների՝ երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագիծը բավական բարելավվել է. «Որոշ խնդիրներ, այո, մենք էլ էինք նկատել, բայց լրագրողական աշխատանքային խմբի առաջարկությունները բնականաբար, շատ ավելի մասնագիտական էին և վերլուծված: Դրանք շատ օգնեցին: Երբևէ չեմ հավակնել բոլոր խնդիրների լավագույն մասնագետը լինելուն»:

Այդպիսով, Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխությունների նախագծից հանվել է նորմը, որով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին իրավունք էր վերապահվում մինչև քվեարկության ավարտը կասեցնելու նախընտրական քարոզարշավի ժամանակ կրկնակի խախտում թույլ տված հեռուստառադիոընկերության լիցենզիան: 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ողջունելի է համարում սա. « Շատ կարևոր է, որ հանել են այդ դրույթը, և այդպիսի պատժամիջոց ընտրությունների ընթացքում չի կիրառվի: Լիցենզիայի կասեցումը դատարանի գործառույթ է և, այո, այդ դրույթը Դամոկլյան սրի նման կախված էր լինելու հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների գլխին»:

Երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակում արդեն չկա նաև այն կետը, որով մալուխային ( կաբելային) հեռուստաընկերությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ պարտավոր էին հեռարձակել միայն վերգետնյա հեռուստաընկերությունների թողարկումները: Ընդունված նախագծում այժմ նշվում է միայն, որ քարոզարշավի վերջին օրը և քվեարկության օրը մալուխայիններն իրավունք չունեն վերահեռարձակելու վերգետնյա հեռուստատեսային այն ծրագրերը, որոնք քարոզչական նյութեր են պարունակում ( վերգետնյա հեռարձակողներն են, հասկանալի լեզվով՝ մեր իմացած «սովորական» հեռուստաալիքները):

Նոր ձևակերպման մեջ խնդիր նկատել է Աշոտ Մելիքյանը, իր բնորոշմամբ՝ աբսուրդային. «Ստացվել է, որ օրենքը որոշել է մալուխայինին արգելել կրկնել վերգետնյա եթերի խախտումը: Մինչդեռ շատ ավելի պարզ և ճիշտ ճանապարհ կա. այնտեղ, որտեղ նշվում է քարոզարշավի վերջին օրն ու քվեարկության օրը նախընտրական քարոզչության արգելքի մասին, կարելի է ավելացնել, որ դա վերաբերում է նաև մալուխային հեռուստաընկերություններին»:

Հանձնաժողովի նախագահն ու փորձագետը փոխանցեցին, որ բանավոր պայմանավորվածություն ունեն՝ վերստին քննարկելու խնդիրներն ու անհրաժեշտության դեպքում փոփոխությունների նոր նախագիծ ներկայացնելու:

Խտրականության դեպքը որոշելն օբյեկտիվորեն բարդ է

Վիճահարույց է խտրականության համար պատասխանատվության հարցը: Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծով՝ մեկ միլիոն դրամի չափով ( հաշվարկային նվազագույն աշխատավարձի հազարապատիկը) տուգանվում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների հանդեպ խտրականություն դրսևորած հեռուստառադիոընկերությունը:

Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ. «Մեր օրենսդրությունը չի սահմանում, թե որն է «խտրականությունը» (փորձագիտական եզրակացության մեջ գրել էինք այս մասին), ինչը նշանակում է, որ պատժամիջոցը կարող է սուբյեկտիվորեն կիրառվել: Իհարկե, կողմնակից ենք, որպեսզի խտրականությունը բացառվի, բայց պետք է պատժամիջոցն արդարացի լինի, իսկ մենք համոզված չենք, որ ՀՌԱՀ-ը սուբյեկտիվ գնահատական չի տա»:

Երաշխիք կա՞, որ սրանով պարզապես «ոչ հաճո» հեռուստառադիոընկերությունները չեն պատժվի: Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ կառավարության ներկայացուցիչը հարցի քննարկմանը վստահեցրել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մոնիթորինգի հստակ մեթոդոլոգիա է կիրառում:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը գործող օրենքի պահանջով յուրաքանչյուր ընտրության կամ հանրաքվեի քարոզարշավից առաջ հաստատում է մեթոդաբանությունը, որով դիտարկում է, թե որքանով են հեռուստառադիոընկերություններն իրենց եթերում հավասար պայմաններ ապահովում թեկնածուների համար: Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը փոխանցեց, որ ամեն ընտրությունից առաջ այդ չափանիշների գնահատման մեթոդաբանությունը մշակելիս հաշվի են առնում նախորդ ընտրություններում գրանցված խախտումների նախադեպերը՝ առավել ճշգրիտ չափորոշիչներ սահմանելու համար:

Արդյո՞ք կարիք չկա, որ գործնական նրբությունների հարցում չափորոշիչ մեթոդաբանության մշակմանը մասնակցեն նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչները, քանի որ, օրինակ, «խտրականությունը» շատ դժվար է որոշել միայն քանակական չափումներով: Այսպես, հանձնաժողովը կարող է այսինչ եթերում գրանցել այսինչ թեկնածուի քարոզարշավին «զրո» արձագանք, մինչդեռ տվյալ թեկնածուն պարզապես կարող է «բոյկոտած» լինել տվյալ եթերը:

Պաշտոնյան չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում գործնական առաջարկությունները հաշվի առնվեն: Ինչ վերաբերում է բերված օրինակին, նշեց, որ խախտման դեպքի առիթով վարչական վարույթ հարուցվելիս ընկերությունը տեղեկացվում է, հաձնաժողովը պատժամիջոց կիրառել-չկիրառելու որոշում ընդունելուց առաջ լսում է նրա փաստարկները:

( Մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես է այդ հեռուստատեսային կամ ռադիոընկերությունն ապացուցելու, որ տվյալ թեկնածուին պարբերաբար հրավիրել է իր եթեր, հարցազրույց է և քարոզարշավի միջոցառումների գրաֆիկն է խնդրել, բայց մերժում է ստացել: Ուրեմն, պետք է ձայնագրե՞լ թեկնածուի կամ նրա խոսնակի, շտաբի հետ ամեն մի նման բանակցություն):

Պետա-իրավական հարցերով հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը խտրականության դրսևորման համար տուգանքի նշանակումն ավելի շատ կանխարգելիչ նորմ է համարում.

– Ազնիվ լինենք, երբ որ նայում ենք տարբեր հեռուստաալիքներ, կարող ենք հստակ տարանջատել, թե որ հեռուսաալիքը քաղաքական որ ուժին է սպասարկում: Հիմա պատկերացրեք, որ որևէ հեռուստաալիք ուղղորդված քարոզարշավ է տանում իր նախընտրելի քաղաքական ուժի համար: Տեսնում ենք, որ սա ճիշտ չի:

– Դա անհանգստացնու՞մ է ՀՀԿ-ին, չէ՞ որ ձեր կուսակցության շահերն առաջ տանող հեռուստաընկերությունները շատ ավելին են:

– Ձեզ համար ենք անհանգստանում: Միգուցե ես պրոֆեսիոնալ չեմ այս ոլորտում, միգուցե սխալվեմ, բայց փորձել ենք ողջ գործընթացը հավասարակշռել՝ թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու: Եվ այս հոդվածը պատժիչ չէ, զսպող է, կանխարգելիչ է:

– Մեկ միլիոն դրամի տուգանքը պատժիչ չէ՞: Իմ կարծիքով, պատժիչ է:

– Մենք իրավունք ունենք տարբեր կարծիքներ ունենալու: Պատժիչը նաև կանխարգելիչ է: Սա չի լինելու ուղղակի այսպես՝ մենք նստեցինք այսօր, մի հաղորդում նայեցինք և որոշեցինք, որ այստեղ խտրականություն կար և պետք է պատժել: Ասացի՝ մեզ վստահեցրել են, որ չափման մեթոդաբանությունը շատ հստակ է:

Հովհաննես Սահակյանն այնուամենայնիվ պատրաստակամություն հայտնեց ավելի անխոցելի ձևակերպումներ գտնելու համար լսումներ, այլ կարգի քննարկումներ կազմակերպել: « Եթե նորից խնդիր կգտնեք՝ ուսումնասիրենք, մենք չենք փախչում, այստեղ ենք»:

Ընտրական օրենսգրքից հանվել է «հռետորական նորմը»

Ընտրական օրենսգրքի նախագծից հանվել է պարզապես «բացականչական» կամ «հռետորական» այն դրույթը, որով նախընտրական քարոզարշավի ընթացքում չէր թույլատրվում «զանգվածային լրատվական միջոցների ազատության չարաշահումը»: Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար, հարցի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանի ձևակերպմամբ՝ սա թողնվում է դաշտի ինքնակարգավորմանը: 

Ընտրական օրենսգրքի նախագծում փոխվել է քվեարկության սենյակում կուտակումների դեպքում տեղական դիտորդների և զլմ ներկայացուցիչների թվի սահմանափակումը 8-ի: Երկրորդ ընթերցմամբ ընդունված դրույթով՝ , քվեարկության օրը եթե խաթարվում է ընտրությունների բնականոն ընթացքը, տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավունք ունի ձայների 2/3-ով որոշում ընդունելու և սահմանափակելու դիտորդների ու լրագրողների թիվը, բայց այն չպետք է 15-ից պակաս լինի: Այդ սահմանափակումը չի տարածվում միջազգային դիտորդների և վերգետնյա հեռուստաընկերությունների ներկայացուցիչների վրա (խտրականությու՞ն զլմ-ների միջև):

Շատ է խոսվել, որ նման սահմանափակումների պատճառը նաև այն է, որ որոշ դեպքերում լրագրողի վկայականով տեղամասեր են ներկայանում որևէ թեկնածուի «մարդիկ»: Դա բացառելու համար մեդիա կազմակերպությունների աշխատանքային խումբն առաջարկել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզարշավի համար հավատարմագրեր լրագրողներին, ինչը նախկինում եղել է, և անհաջող փորձ չէր: Առաջարկությունը չի ընդունվել:

Այս դեպքում լրագրողների վրա նաև լրացուցիչ պարտականություն է դրվում, նկատում է Աշոտ Մելիքյանը. «Եթե տեղական դիտորդների և լրագրողների թիվը սահմանափակելու որոշում է ընդունվում, «իրական» լրագրողը կարող է դուրս մնալ, իսկ «կեղծ» լրագրողին թույլատրեն մնալ: Ուրեմն, պետք է ուշադիր հետևենք. շատ ջանքեր է մեզանից պահանջվելու քվեարկության օրը. «իրական» լրագրողը ստիպված պետք է ստուգի, թե արդյո՞ք այնտեղ «կեղծ» լրագրող չկա: Առիթը եկել է, սա էլ պիտի ասեմ. լուրջ խնդիր ունենք՝ ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև ընդհանրապես սահմանազատելու լրագրությունը՝ ոչ լրագրությունից, լրագրողին՝ ոչ լրագրողից»:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *